Անթաքույց կշտամբել է ՍԴ-ն ընդդիմադիրներին
Սահմանադրական դատարանի կայքէջում տեղադրվել է հունիսի 10-ին կայացված որոշումը՝ «Իմպիչմենտ» դաշինքի, «Նոր ժամանակներ», «Օրինաց երկիր» եւ «Հանրապետություն» կուսակցությունների դիմումների հիման վրա «ԱԺ համամասնական ընտրակարգով պատգամավորներ ընտրվելու մասին» ԿԸՀ որոշումը վիճարկելու գործով։ ՍԴ որոշումը բավական ծավալուն է՝ շուրջ 30 էջ, եւ կառանձնացնենք այն հատվածները, որոնց անդրադարձ չի արվել մամուլում:
Որոշման մեջ առանձին կսմիթներ կան ԿԸՀ հասցեին: Այսպես, ՍԴ-ն հիմնավոր է համարել, որ «ԿԸՀ-ն եւ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները նախընտրական քարոզչության փուլում հիմնականում գերադասել են առաջնորդվել ընտրախախտման վերաբերյալ դիմումի առկայության դեպքում վերահսկողություն իրականացնելու սկզբունքով, որը չի կարող երաշխավորել այդ հանձնաժողովների՝ օրենքով վերապահված լիազորությունների արդյունավետ իրացումը»: ՍԴ-ն գտել է, թե «որոշակի խնդիրներ են առկա նաեւ ԿԸՀ-ի կողմից նախընտրական քարոզչության նկատմամբ վերահսկողության, ընդհանուր իրավասության դատարաններում ընտրական իրավունքի պաշտպանության համակարգի ոչ բավարար արդյունավետության, նախընտրական հիմնադրամի միջոցների ծախսման վերահսկելիության ապահովման հարցերում»:
Սակայն առավել ուշագրավ են որոշման այն հատվածները, որոնք յուրօրինակ կշտամբանք են ընդդիմության հասցեին, թե չեն գործադրվել բոլոր միջոցները՝ ընտրախախտումների վերաբերյալ փաստեր ձեռք բերելու համար: Մենք այդպես թարգմանեցինք իրավական խրթին լեզվով գրված հետեւյալ պարբերությունը. «Սույն գործով դիմողների ներկայացրած փաստարկների իրավագնահատման խնդրում Սահմանադրական դատարանը ելնում է հետեւյալ դիրքորոշումից. եթե դիմող կողմն ընտրությունների նախապատրաստման, անցկացման եւ արդյունքների ամփոփման գործընթացով պայմանավորված ընտրական հանձնաժողովների, իրավասու այլ մարմինների որոշումները, գործողությունները կամ անգործությունը մինչեւ Սահմանադրական դատարան դիմելը ՀՀ «Ընտրական օրենսգրքով» եւ իրավական այլ ակտերով նախատեսված՝ արտադատական (վարչական) կամ դատական կարգով չի բողոքարկել, այսինքն՝ օրենսդրությամբ նախատեսված ընթացակարգով եւ ժամկետներում չի օգտագործել (սպառել) իր ընտրական իրավունքների պաշտպանության՝ օրենքով նախատեսված բոլոր միջոցները, ապա լիարժեք չեն դառնում Սահմանադրական դատարանում ընտրությունների արդյունքներով քննվող հանրային-իրավական վեճի շրջանակներում ապացուցողական նշանակություն ունեցող փաստեր ներկայացնելու եւ դրանցով իր փաստարկները հիմնավորելու նրա դատավարական հնարավորությունները»: Փոքր-ինչ ավելի հայերեն է որոշման հետեւյալ մասը, որը դարձյալ անթաքույց կշտամբանք է. «1923 տեղամասային ընտրական հանձնաժողովներում քվեարկության արդյունքների վերահաշվարկի վերաբերյալ ՀՀ «Ընտրական օրենսգրքի» 402 հոդվածով սահմանված կարգով դիմում ներկայացնելու իրավունք են ունեցել թվով 100 հազարից ավելի անձինք, ընտրախախտումների վերաբերյալ ներկայացվել է թվով ընդամենը 32 դիմում, որոնցից 23-ը՝ դրա անմիջական իրավունքը չունեցող սուբյեկտների կողմից: Ընդ որում, «Իմպիչմենտ» դաշինքն ունեցել է 336 վստահված անձ, «Հանրապետություն» կուսակցությունը՝ 1222, «Նոր ժամանակները»՝ 803, իսկ «Օրինաց երկիր» կուսակցությունն ունեցել է 3181 վստահված անձ եւ տեղամասային ընտրական հանձնաժողովներում 1923 անդամ: Այս բոլորից միայն 3 անձ է վերահաշվարկի պահանջ ներկայացրել»:
Նախադեպերը հաշվի առնելով՝ այլ հարց է, թե ինչ է անում ՍԴ-ն, երբ անգամ կեղծված արձանագրություններ են ներկայացվում իրեն: Ոչինչ էլ չի անում: Ահա այս անգամ էլ ՍԴ-ն դատախազություն է ուղարկել այն նյութերը, որոնք վկայում են, թե 6 ընտրական տեղամասերի ամփոփիչ արձանագրություններ փոփոխվել են, ասենք՝ թիվ 41/14-ի արձանագրությունում ՀՀԿ-ի օգտին տրված ձայների թիվն ավելացվել է՝ 72-ի փոխարեն նշելով 102: Ուշագրավ է նաեւ, որ դատախազություն են ուղարկվել թիվ 20/36 ընտրատեղամասի վերաբերյալ նյութերը, ըստ որոնց՝ անճշտությունների թիվն ավելացել է 24-ով, սակայն ՍԴ-ն այդպես չի վարվել, ասենք, 23/57 ընտրատեղամասի կապակցությամբ, որտեղ անճշտությունների քանակն ավելի մեծ է՝ 330: Որոշման մեջ նաեւ հիշատակված է, թե «Ընտրական օրենսգրքի» համաձայն՝ անճշտությունների չափը չի կարող հիմք հանդիսանալ համամասնական ընտրակարգով ընտրություններն անվավեր ճանաչելու համար: