Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԿԼՈՒԾԻ՞ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՐՑԸ

Հունիս 21,2007 00:00

\"\"ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը երեկ ակնարկեց, թե «նախկինների» եւ ՀՀ վարչապետի՝ ԼՂ հիմնախնդրի լուծման մոտեցումները նույնն են:

«Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի» երեկ նախաձեռնած սեմինարը նվիրված էր Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը: Հիմնական բանախոսներն էին ՀՀ առաջին նախագահի՝ ԼՂ հարցով հատուկ բանագնաց Դավիթ Շահնազարյանն ու ԱԺՄ նախագահ, ՀՀ նախկին վարչապետ եւ պաշտպանության նախարար Վազգեն Մանուկյանը: ԼՂ հակամարտության կարգավորման խնդրի շուրջ բանախոսները հակադիր տեսակետներ ունեին: Դ. Շահնազարյանը ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացը բաժանեց երկու մասի՝ մինչեւ 1998թ.-ն եւ դրանից հետո, եւ շեշտեց, որ 98-ից ի վեր հայկական կողմն այդ բանակցություններում միայն ձախողվել ու պարտություն է կրել: Այս համատեքստում նա հիշեցրեց բանակցություններից ԼՂ-ի մեկուսացումը, միջազգային ատյանների ամենատարբեր զեկույցներում Հայաստանին «օկուպանտ» որակելը, Հայաստանի՝ միջազգային հարթությունում երեւալու միակ ռեսուրսի՝ ժողովրդավարության սպառված լինելը, ու այդ ֆոնի վրա նավթային գործոնով եւ հավասարակշիռ արտաքին քաղաքականություն վարելով պայմանավորված՝ Ադրբեջանի միջազգային վարկի մեծացումը եւ այլն: ԼՂ հարցի լուծման միակ տարբերակը, ըստ Դ. Շահնազարյանի, «փուլային» տարբերակն է, ըստ որի՝ կարգավիճակի հարցը հետաձգվում է, փոխարենը լուծվում են մնացած բոլոր հարցերը՝ որոշակի տարածքների դիմաց ԼՂ-ն ստանում է միջազգային հանրության կողմից անվտանգության քաղաքական ու ռազմատեխնիկական երաշխիքներ: Այդ ընթացքում վերականգնվում են հաղորդակցական ուղիները, որոնք Հայաստանի համար խիստ կարեւոր են: Իսկ Հայաստանի՝ որպես ժողովրդավարական պետության զարգացման դեպքում, նրա ասելով, ԼՂ-ն երբեք չի մնա Ադրբեջանի կազմում: «Եթե մենք հիմա դնում ենք ԼՂ կարգավիճակի ճանաչման հարցը՝ նույնն է, թե հայտարարում ենք՝ ո՛չ մի բանակցություն, մենք գնում ենք պատերազմի»,- նշեց պրն Շահնազարյանը:

ԱԺՄ նախագահ Վ. Մանուկյանը հայտարարեց, թե բանակցությունների ժամանակ փոխզիջումներ, միանշանակ, պետք է լինեն: Այդուհանդերձ, նա բացառեց հնարավոր զիջումներից մեկը՝ «Ղարաբաղի անկախությունը չի՛ զիջվում: Իմ տեսակետը դա է»: Ըստ բանախոսի, քանի դեռ ԼՂ կարգավիճակը չի հստակեցվել եւ Ադրբեջանը չի համաձայնել, որ ԼՂ-ն կարող է, թեկուզեւ հանրաքվեի միջոցով, անկախ լինել, ապա այդ դեպքում տարածքները վերադարձնելն անհասկանալի է, ու «ինչ էլ նրան զիջես, գտնվելու ես նույն, բայց ռազմավարական տեսանկյունից ավելի վատ վիճակում»:

Ինչ վերաբերում է մինչեւ ԼՂ կարգավիճակի ճշգրտումը միջազգային երաշխիքներին, հակամարտության գոտում խաղաղարար ուժերի տեղակայմանը, որոնց իր խոսքում անդրադարձել էր Դ. Շահնազարյանը, ապա Վ. Մանուկյանը դրան այսպես հակադարձեց. «Հե՛չ պարզ չի՝ տարածաշրջանային հետագա զարգացումներից հետո այդ ուժերն ի՞նչ են անելու: Ես պատմության մեջ որեւէ դեպք չգիտեմ, երբ խաղաղարարները մտնեն որեւէ տարածք եւ տեղի ժողովրդի համար ինչ-որ մի մեծ օգուտ բերեն: Բալկաններում ոմանց օգուտ եղավ, ոմանց՝ վնաս: Այնպես չի, որ բոլոր կողմերը դրանից շահեցին»:

Բանավեճը թեժացավ Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի՝ Վազգեն Մանուկյանին ուղղված այն հարցադրումից հետո, թե՝ ընդունո՞ւմ եք որեւէ այլ տարածքի վերադարձ՝ ԼՂ անկախության դիմաց:

«Ես այն մարդը չեմ, որն ասում է՝ ոչ մի թիզ հող… Ես պրագմատիկ մարդ եմ ու շատ լավ գիտեմ, թե ինչ եմ ուզում: Եթե դուք ուզում եք լսեք ինձանից, որ ամեն ինչ տանք՝ Ղարաբաղը մնա անկախ, ինձնից չեք լսի: Եթե ուզում եք լսեք, որ զիջումներ կարելի է անել առանց ԼՂ կարգավիճակի ճշտման՝ էլի չեք լսի: Ես ասում եմ՝ մինչեւ դիմացինը չհամաձայնի ԼՂ անկախության հարցում՝ մնացած բոլոր հարցերը փակված են: Բայց եթե այդ հարցը որոշվեց, իհարկե, դու պիտի գնաս տարածքների, այսօրվա սահմանների վերանայման: Այստեղ բանակցելու բազմաթիվ տարբերակներ կան»:

Դրան ի պատասխան Դավիթ Շահնազարյանը նկատեց, որ պրն Մանուկյանի այս մոտեցումն այն քաղաքականությունն է, որը Քոչարյանն իրականացնում է: «Հենց սա է, որ Հայաստանը բերել է կատարյալ մեկուսացման եւ տանում է դեպի անխուսափելի պատերազմի»,- արձանագրեց Դ. Շահնազարյանը: Դրանից հետո խոսակցությունը շարունակվեց, ըստ էության, ներքաղաքական թեմաների շուրջ: Նախ՝ Վ. Մանուկյանը սրան հակադարձեց. «Կներեք, բայց այս իշխանությունն ավելի հարազատ է ձեզ, քան՝ ինձ: Դուք եք բերել այս իշխանությանը: Ձեր ժամանակ Սերժին բերեցիք, Ռոբերտին բերեցիք, ամեն ինչ դրեցիք իրենց ձեռքը, 98-ին իշխանությունը հանձնեցիք նրանց: Հիմա իշխանության մասին մի խոսեք: Ռ. Քոչարյանը երկու մեծ վնաս է հասցրել. այն, որ երկիրն էս վիճակի մեջ է գցել, երկրորդ, որ ասեց՝ իմ հետ բանակցեք՝ ես ինչի հետ համաձայն լինեմ, Ղարաբաղն ու Հայաստանը համաձայն են: Էդ տղայական մոտեցումը բանակցային գործընթացը կործանեց: Համաձայն եմ դրա հետ, բայց աշխարհը մի բաժանեք մինչեւ 98-ի եւ դրանից հետո»: Դ. Շահնազարյանն էլ տակ չմնալու համար մեջբերում արեց Վ. Մանուկյանից. «Պարոն Մանուկյան, 98-ի իշխանափոխության հաջորդ օրը՝ փետրվարի 5-ին, հայտարարեցիք, որ սա ժողովրդավարության հաղթանակն է եւ մեզ պայծառ ապագա է սպասվում: Դուք ամբողջովին պաշտպանել եք այն քաղաքականությունը, որը վարել է Ռոբերտ Քոչարյանը: Հիմա էլ եք պաշտպանում, ամբողջովին նույն բանն եք ասում»: Իսկ ԱԺՄ նախագահն իրենն էր պնդում. «Ես համաձայն եմ Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականի հետ: Հանգի՛ստ մնացեք, էլի: Ես համաձայն եմ՝ շատ վա՛տ իշխանություն է, բայց իմ տեսակետը ԼՂ հարցում նույնն է մնացել, ես դա ասել եմ ե՛ւ 98-ից առաջ, ե՛ւ հետո: Թե՝ դո՛ւք դրա հետ համաձայն կլինեք, թե Ռոբերտը, թե Լեւոնը, կո՞ղմ կլինեք, թե՞ դեմ՝ դա ինձ քիչ է հուզում: Ես հստակ ճանապարհ ունեմ ու այդ ճանապարհով փորձում եմ գնալ»:

Բայց Դ. Շահնազարյանը դիմադրում էր՝ «հիմա այդ ճանապարհը համապատասխանում է Ռոբերտի ճանապարհին: Ես սխա՞լ բան եմ ասում»:

Ի վերջո, Վ. Մանուկյանը գտավ ինչ ասել. «Հիմա Սերժ Սարգսյանն ուզում է դառնալ ՀՀ նախագահ: Նա այն կոնցեպցիայի կրողն է, որի մասին դուք խոսում եք: Նա բազմիցս հայտարարել է, որ մենք ազատագրված տարածքները հանձնելու ենք: Ի՞նչ է պատահել՝ մի քիչ էլ սպասեք, ընդդիմությունն էլ, ասում եք՝ մեռած է, էդ հարցերը կլուծվեն, էլի: Տարածքները կտա, հետո լավ կլինի»,- հեգնեց ԱԺՄ նախագահը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել