Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՈԱԼԻՑԻՈՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ԳԱՂՏՆԱԶԵՐԾՎԱԾ Է

Հունիս 21,2007 00:00

Մինչեւ վերջերս իշխանական ուժերը հույժ գաղտնի էին պահում հունիսի 6-ին ստորագրված կոալիցիոն համաձայնագիրը: Սակայն արդեն գաղտնիքներ չկան, եւ մենք փորձել ենք համեմատել 2003-ի եւ 2007-ի կոալիցիոն հուշագրերը:

Նոր՝ 2007-ին կազմված քաղաքական փաստաթուղթը որոշակի տարբերություններ ունի նախորդ՝ 2003-ին կազմվածից։ Ամենաէական տարբերությունը հայտնի է՝ նախորդ հուշագիրը ստորագրել էր երեք քաղաքական ուժ՝ ՀՀԿ-ն, «Օրինաց երկիրը» եւ ՀՅԴ-ն, իսկ երկրի նախագահն այն ժամանակ կոալիցիայի չորրորդ կողմն էր: 2007-ի հուշագիրը ստորագրել է երկու քաղաքական ուժ՝ Հանրապետականը եւ «Բարգավաճ Հայաստանը», եւ նախագահը ոչ թե կողմ է, այլ՝ աջակից:

Եթե 2003-ին այն կոչվեց «Քաղաքական կոալիցիայի հուշագիր», ապա 2007-ին անունը փոխվեց. «Քաղաքական կոալիցիայի համաձայնագիր»: Ընդհանրապես, ամեն տողից նկատելի է, որ նոր հուշագիրը նախորդի լավ խմբագրված տարբերակն է: Պարզապես հինը հարմարեցվել է նոր ժամանակին եւ տեղին: Եթե առաջինում առնվազն երկու անգամ հիշատակվում է Ռոբերտ Քոչարյանի անունը, ապա նորում ոչ մի տեղ այն նշված չէ, ուղղակի գրված է՝ «ՀՀ նախագահ», թեպետ նշենք, որ երկրի ղեկավարի պաշտոնը դարձյալ հիշատակվում է երկու անգամ: Կոալիցիայի նպատակն առաջին դեպքում մեկ տող է զբաղեցնում. «Քաղաքական կոալիցիայի նպատակն է ՀՀ ԱԺ երրորդ գումարման ժամանակահատվածում ունենալ ուժեղ ու կայուն օրենսդիր եւ գործադիր իշխանություն»: Նորում այդ նպատակներն ավելի երկար են շարադրված: Նշված է, թե հանուն ինչի է ստեղծվում սույն կոալիցիան. «Հասարակության առավել մեծ վստահությունը վայելող արդյունավետ գործող օրենսդիր ե գործադիր իշխանություն ձեւավորելու, իրականացվող բարեփոխումները խորացնելու, նախընթաց տարիների ձեռքբերումների կայուն, շարունակական զարգացման, իրականացվող բարեփոխումները խորացնելու, իրենց նախընտրական ծրագրերի համադրմամբ կառավարության գործունեության միասնական ծրագիր մշակելու եւ իրականացնելու, Հայաստանի Հանրապետության առջեւ ծառացած մարտահրավերներին արդյունավետ դիմակայելու: Քաղաքական կոալիցիայի կողմերը հավաստում են իրենց կամքը, վճռականությունն ու պատասխանատվությունը կոալիցիայի նպատակների իրագործման համար»:

2003-ի կոալիցիոն հուշագրում կողմերը պարզապես փաստում են, որ նախագահական ընտրություններում Ռոբերտ Քոչարյանին սատարած ուժերը իրենց եւ նախագահի ծրագրերի համադրմամբ են աշխատելու: Եվ քանի որ 2007-ի համաձայնագիրը ստորագրվել է ոչ թե նախագահականից հետո, այլ՝ առաջ, այս անգամ կողմերը ուղղակի պարտավորվում են առաջիկա նախագահական ընտրություններում առաջադրել մեկ միասնական թեկնածու: Նկատենք, որ այդ մեկ թեկնածուի անունը հուշագրում նշված չէ:

Երկու փաստաթղթում էլ հատուկ ընդգծված է. «Կադրային նշանակումների ժամանակ պետք է առաջնորդվել արհեստավարժության, քաղաքական փորձառության սկզբունքներով։ Քաղաքական կոալիցիայի կողմերից յուրաքանչյուրը կարող է հետ կանչել իր կողմից առաջադրված պաշտոնյային եւ նրա փոխարեն առաջադրել մեկ այլ թեկնածու»: 2007-ի կոալիցիոն համաձայնագրում, ինչպես եւ նախորդում, կոնկրետ հստակեցված են կոալիցիայի կողմ ուժերին տրվող կոնկրետ ոլորտները: Որպես առաջնահերթություններ նշված են տնտեսության կայուն եւ անվտանգ զարգացումը՝ ստվերային տնտեսության էական կրճատմամբ, եկամուտների բաշխման առավել արդարացի մեխանիզմների կիրառմամբ: Ի թիվս այս կարգի այլ առաջնահերթությունների, կոռուպցիայի դեմ պայքարը երրորդ տեղում է: Մինչդեռ 2003-ի հուշագրում կոռուպցիայի դեմ պայքարը 5-րդ տեղում էր: Այն ժամանակ առաջնային էին համարվել սահմանադրական փոփոխությունները (որոնք արդեն կատարվեցին), ընտրական բարեփոխումները եւ սոցիալական ուղղվածության խնդիրների լուծումը: Երկու դեպքում էլ համաձայնագիրը վաղաժամկետ կարող է դադարեցվել անհաղթահարելի սկզբունքային անհամաձայնության առկայության դեպքում, կողմերից մեկի հայտարարությամբ կամ կողմերի միջեւ կայացած համաձայնագրով:

2007 թվականի հուշագիրն ունի նաեւ «հավելված»՝ ՀՅԴ-ի եւ կոալիցիայի միջեւ կնքված համագործակցության համաձայնագիրը, որը ըստ էության նույն բանն է, ինչ կոալիցիոն համաձայնագիրը՝ չնչին խմբագրական շտկումներով եւ մեկ էական ու սկզբունքային տարբերությամբ. այստեղ խոսք անգամ չկա նախագահական ընտրություններում մեկ միասնական թեկնածուով հանդես գալու մասին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել