«Ժառանգություն» կուսակցության մամուլի ծառայությունը երեկ տեղեկացրեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանը եւ «Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության մյուս 5 պատգամավորները ստորագրությամբ հաստատված պաշտոնական երաշխավորագրեր ներկայացրին՝ միջնորդելով մինչեւ դատավարություն եւ դրա ողջ ընթացքում նախնական կալանքից ազատ արձակել Ալեքսանդր Արզումանյանին, Ժիրայր Սեֆիլյանին եւ Վարդան Մալխասյանին: Արզումանյանի վերաբերյալ միջնորդություն-երաշխավորագիրն ուղղված է ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, իսկ Ժիրայր Սեֆիլյանի եւ Վարդան Մալխասյանի մասով՝ սույն գործով զբաղվող դատավոր Մնացական Մարտիրոսյանին: Վերոնշյալ խնդրի առնչությամբ Րաֆֆի Հովհաննիսյանը Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանին եւ ԱԺ բոլոր պատգամավորներին նամակ է ուղարկել՝ խնդրելով իրենց ստորագրությունը դնել եւ միանալ «երեքի» ազատ արձակման այս կոչին: