Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՓԱԿՎԻ «ԱԶԳԱՅԻՆ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀԸ»

Հունիս 20,2007 00:00

Այսօր Ազգային պատկերասրահի Որմնանկարների սրահում կկայանա շուրջ 2 ամիս առաջ մեկնարկած «Ազգային պատկերասրահ» միջազգային երրորդ փառատոնի փակումը: Ելույթ կունենան Գյումրիի Ժան եւ Ալբեր Պողոսյանների անվան արվեստի քոլեջի սաները, ՀՀ նախագահի մրցանակակիրներ՝ ջութակահար Մարտին Յավրյանը, օպերային երգիչ Գեւորգ Հակոբյանը: Փառատոնի փակման վերջին ակորդները կհնչեցնի Հայաստանի երիտասարդական նվագախումբը՝ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ:Ժամանակին 2005թ. հիմնադրված այս փառատոնի կազմակերպիչներ Մարիամ Շահինյանը եւ Գարիկ Նազարյանը «Առավոտին» հայտնել էին, թե սկսվել են աշխատանքները գերմանական «Վիլս» փառատոնի կազմակերպչի հետ: Երեկ հարցրեցինք, թե հայ երաժշտասերներին առաջիկայում այդ համագործակցությունը ի՞նչ կտա, կազմակերպիչները հայտնեցին, որ աշնանը՝ սեպտեմբերի 20-30-ը, Որմնանկարների սրահում կկայանա «Վերադարձի փառատոնը»: Այդ համերգաշարը արվեստասերներին հնարավորություն կտա մեկ անգամ եւս լսել արտերկրում ապրող ու ստեղծագործող հայ երիտասարդներին, այդ թվում՝ աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանին (Գերմանիա), թավջութակահար Լեւոն Մուրադյանին (Պորտուգալիա), ջութակահար Կարեն Հարությունյանին (Բելգիա) եւ այլոց: Համերգներին կմասնակցեն նաեւ հայաստանցի արվեստագետները՝ ճանաչված դաշնակահարուհի Սվետլանա Նավասարդյանը, պետկոնսերվատորիայի դոցենտ Արամ Թալալյանի ղեկավարած «Նարեկացի» արվեստի միության կամերային նվագախումբը: Ինչ վերաբերում է համերգների ծրագրին, մեր զրուցակիցները հավաստիացրին, որ դրանք կազմված են «50-50» սկզբունքով՝ կհնչեն ե՛ւ արեւմտաեվրոպական, ե՛ւ հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ: «Ազգային պատկերասրահ» փառատոնի առիթով «Առավոտին» իր խոսքն ասաց փառատոնի գեղարվեստական խորհրդի անդամ, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը. «Փառատոնն արդեն ունի իր դիմանկարը: Տարեցտարի այն լայնացնում է իր շրջանը թե՛ երաժիշտների աշխարհագրությամբ, թե՛ երկերի բազմազանությամբ: Նշեմ նաեւ, որ փառատոնի կազմկոմիտեն իր հավաքած նյութական միջոցներով անում է առավելագույնը՝ բարձր մակարդակ ապահովելու համար: Ընդունակ ենք ավելի լայն շառավղով գործունեություն ծավալել, ինչին խոչընդոտում է այն ժամանակը, որ տրամադրում ենք հովանավորներ գտնելուն: Թեեւ մեր կողքին են «Հայաստան» համահայկական հիմնադրամը, «ՎիվաՍելլը», որոնց հովանավորությամբ է անցկացվում փառատոնը, բայց կցանկանայի, որ այն կայանար պետական հոգածությամբ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել