Լրահոս
Օրվա լրահոսը

Հանուն համայնքների

Հունիս 20,2007 00:00

Երեկ «Մարիոթ Արմենիա» հյուրանոցում մեկնարկեց «Հայկական համայնքներն արդի փուլում. գոյապահպանություն, հեռանկարներ» թեմայով գիտագործնական միջազգային երկօրյա կոնֆերանսը:

«Հայկական համայնքներն արդի փուլում. գոյապահպանություն, հեռանկարներ» թեմայով միջոցառմանը մասնակցում էին «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Մանուկ Թոփուզյանը, «Երկիր» միության նախագահ Սեւակ Արծրունին, Իրկուտսկի պետական համալսարանի դասախոս Վիկտոր Դյալտովը, Միխայիլ Սավվան՝ Կուբանի պետական համալսարանից, Ստավրոպոլի համալսարանի դոցենտ Վիկտոր Հակոբյանը, Կրասնոդարի «Երկրամաս» թերթի գլխավոր խմբագիր Տիգրան Թավադյանը, Լրատվամիջոցների կովկասյան ինստիտուտի կովկասագիտության բաժնի վարիչ Սերգեյ Մինասյանը եւ այլք: Նրանք անդրադարձան Ռուսաստանի եւ Սփյուռքի հայկական համայնքներին ու նրանց խնդիրներին:

Գ. Հարությունյանը հայտնեց, որ կոնֆերանսի նախապատրաստական փուլում «Նորավանքի» փորձագետները փորձել են հաշվարկել հետխորհրդային տարածքի հայկական համայնքները, սակայն «ստացել են տարբեր թվեր՝ 117, 120: Համոզված եմ, որ նման հեղինակավոր փորձագիտական հանրության մեջ ինչ թիվ էլ ասվի՝ վիճահարույց է լինելու: Դա նշանակում է, որ բավարար տեղեկություններ չունենք մեր համայնքների մասին ու գիտագործնական այս հավաքի արդյունքում կհամալրվեն մեր գիտելիքները Սփյուռքի վերաբերյալ: Կարծում եմ, խնդիրներից մեկն էլ տեղեկատվական ընդհանուր ցանցի ստեղծումն է համայնքների ու Հայաստանի միջեւ, նաեւ կշռադատված հայրենադարձության կազմակերպումը»:

Ս. Արծրունին էլ առաջարկեց Սփյուռքի ներուժը ծառայեցնել հայրենիքի հզորացմանը: «Ոչ միայն տարածքն է որոշում պետության հզորության աստիճանը, այլեւ ժողովրդական կացությունը: Մեր ազգի առջեւ ներկայումս ծառացած գերագույն մարտահրավերը Հայաստանի ժողովրդագրական բացասական միտումների վերացումն է, իսկ խնդիրների լուծման ամենաիրատեսական միջոցը հայրենադարձությունն է: Պետք է գիտակցել, որ վաղ թե ուշ հայկական Սփյուռքը վերանալու է»,- ասաց նա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել