Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՀԱՂԹՈՂՆԵՐԻՆ ԱՎԵԼԻ ԽԻՍՏ ԵՆ ՎԵՐԱԲԵՐՎՈՒՄ

Հունիս 20,2007 00:00

\"\"Ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունից Հայաստանը տուն վերադարձավ 6 (3 ոսկե, 2-ական բրոնզե եւ արծաթե) մեդալով: Արդյունքները «Առավոտի» հետ հարցազրույցում ամփոփում է ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանը: \"\"

– Գո՞հ եք մեր տղաների ու աղջիկների ցույց տված արդյունքներից:

– Հռիփսիմե Խուրշուդյանի եւ Արայիկ Միրզոյանի մրցելույթներից՝ այո: Մելինե Դալուզյանի մասին վատ բան ասել չի կարելի: Եթե թեւը չվնասեր՝ անպայման երեք ոսկե մեդալ ավելի կունենայինք:

– Ինչպե՞ս եղավ, որ նա վնասվածք ստացավ:

– Մելինեն թեւը ցավեցրել էր դեռ Հայաստանի առաջնության ժամանակ: Բայց հետո բուժվել էր: Ստրասբուրգում, հիշում եք, գերազանց հանդես եկավ: Պրահայում մարզումների ժամանակ ցավը կրկին զգացնել տվեց: Բայց մտավ մրցահարթակ: Պոկում վարժությունն սկսեց 100 կիլոգրամից: Հետո գնաց 105 կգ-ի, բայց վնասվածքը խանգարեց այդ քաշը բարձրացնել: Ու բավարարվեց փոքր արծաթե մեդալով: Երկրորդ մրցաձեւում պատվիրել էր 124 կգ: Այդ քաշով նա մարզումների ժամանակ մկաններն է տաքացնում: Բայց առաջին իսկ մոտեցումից, երբ ծանրաձողը գետնից կտրեց ու բաց թողեց, պարզ դարձավ, որ պայքարը շարունակել չի կարող:

– Վնասվածքը լո՞ւրջ է:

– Այնտեղ տարանք հիվանդանոց: Բարեբախտաբար, լուրջ բան չկա: Ջլերն է ձգել: Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի հետ մարզուհու բուժման հարցով արդեն պայմանավորվել ենք: Մոտ օրերս Հայաստան են գալու ամերիկացի վնասվածքաբաններ: Նրանք զննելու են Մելինեին ու բուժում են նշանակելու:

– Տղաների մասին ի՞նչ կասեք: Մարզիչ Աշոտ Դանիելյանի հավաստմամբ, եթե Պրահայում կրկնեին իրենց հայաստանյան արդյունքները, բոլորն էլ մրցանակակիր կդառնային:

– Միայն բրոնզե մեդալակիր դարձած Արայիկ Միրզոյանը գերազանցեց իր անձնական ցուցանիշները: Մյուսները պոկում վարժությունում նորմալ հանդես եկան: Բայց հրումում տեղի տվեցին: Դժվարանում եմ ասել, թե ինչն էր պատճառը: Գուցե դահլիճի շո՞գը, ընկճվածությո՞ւնը, պայքարին պատրաստ չլինե՞լը: Այդուհանդերձ, Սեւակ Սահակյանի գրաված 4-րդ եւ Արամ Անդրիկյանի 6-րդ տեղերն աշխարհի առաջնությունում այնքան էլ վատ չեն:

– Հավաքականի կազմում հայտավորված էր նաեւ գերծանր քաշային Արտակ Մկրտչյանը: Բայց նա մրցավայր չէր մեկնել: Ինչո՞ւ:

– Նա վերջին պահին ոտքը մի թեթեւ վնասել էր:

– Պրահայում Հակադոպինգային համաշխարհային ծառայությունը (ՎԱԴԱ) ինչպե՞ս էր աշխատում:

– Շատ խիստ: Նաեւ որոշ դեպքերում գերազանցելով իր իրավասությունները՝ հատկապես մեր ծանրորդների հանդեպ: Օրինակ, նրանք մեր ծանրորդներին, անգամ առաջին մոտեցումին նախապատրաստվելուց րոպեներ առաջ, մոտենում էին, գոտուց քաշում ու ստիպում բլանկ ստորագրել, որ պարտավորվում են դոպինգ ստուգում անցնել: Այդպես նրանք խանգարում էին մարզիկին կենտրոնանալ: Դա կանոնադրության կոպիտ խախտում է: Եվ գուցե նաեւ դա էր պատճառը, որ հայ ծանրորդներն իրենց իսկական կարողությունները չցուցադրեցին: Բանը հասավ այնտեղ, որ ստիպված ես միջամտեցի, ասելով, որ մենք դոպինգ ստուգումից չենք խուսափում ու եթե պետք է՝ ես էլ կարող եմ անալիզ տալ: Բողոքս ներկայացրի ծառայության ղեկավարներին եւ IWF-ի նախագահ Թամաշ Այանին: Ու գիտեք, ՎԱԴԱ-ի աշխատակիցներն ինչ էին պատասխանում: «Բա ի՞նչ էիք ուզում: Հայաստանն այդքան փոքր երկիր լինելով՝ հավասար պայքար է մղում անգամ Չինաստանի ու Ռուսաստանի հետ եւ հաճախ հաղթում է»: Բայց ինչ էլ լինի, վստահ եմ, որ դոպինգի հետ կապված խնդիրներ չունենք:

– Առջեւում Եվրոպայի պատանեկան (Իտալիայում) ու աշխարհի մեծահասակների (Թաիլանդում) առաջնություններն են:

– Երկուսին էլ անպայման մասնակցելու ենք: Հատկապես կարեւոր է մեծահասակների առաջնությունը, որտեղ օլիմպիական ուղեգրեր են խաղարկվելու: Թաիլանդ մեկնելու ենք ամբողջական կազմերով՝ 7 աղջիկ եւ 8 տղա: Պայքարելու ենք ուղեգրերի առավելագույն քանակ նվաճելու համար: Հուսով եմ, որ դա մեզ կհաջողվի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2007
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930