Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Փարաջանովի մրցանակ՝ Տավիանիներին

Հունիս 20,2007 00:00

Իտալացի ռեժիսորները, բացի ՀՀ նախագահի մրցանակից, երեկ էլ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի կազմակերպիչներից մի մրցանակ ստացան:

Երեկ «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում կայացավ «Արտույտների ագարակը» ֆիլմի ռեժիսոր Պաոլո Տավիանիի, պրոդյուսեր Գրացիա Վոլփիի եւ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հիմնադիր Հարություն Խաչատրյանի ասուլիսը: Նա Տավիանի եղբայրներին նրանց հանրահայտ «Արտույտների ագարակը» ֆիլմի համար հանձնեց Փարաջանովի անվան մրցանակ: «Փարաջանովը մեծագույն ռեժիսորներից մեկն է: Ես շնորհակալ եմ նրա անվան մրցանակի համար: Փարաջանովի նորարարությունները մեր կինեմատոգրաֆիայի հաղթանակներից եւ ձեռքբերումներից են: Եվրոպայում հաճախ եմ ռեժիսորների մեջ փնտրում մեկին, ով կունենա Փարաջանովի հախուռնությունն ու երեւակայությունը»,- ասաց Պ. Տավիանին: Նա լրագրողներին պատմեց, թե ինչպես է ծնվել իտալահայ արձակագիր եւ գրականագետ Անտոնիա Արսլանի՝ եղեռնի մասին պատմող «Արտույտների ագարակը» վեպը ֆիլմի վերածելու գաղափարը: Նրա ձեւակերպմամբ, այդ գործը Արսլանի պապենական գերդաստանի ողբերգության պատմությունն է եւ գրողի՝ ազգային ինքնությանը վերադարձի փորձ: «Երբ կարդացինք վեպը, մեզ հուզեց եւ ոգեշնչեց: Որոշեցինք, որ այն դառնալու է մեր հաջորդ ֆիլմն ու սկսեցինք խորապես հայոց պատմություն ուսումնասիրել: Ձեր ու մեր ողբերգությունների միջեւ ընդհանրություններ կան. երեխա ժամանակ մենք էլ ֆաշիզմի դժոխքի ականատեսն ենք եղել»,- հայտնեց ռեժիսորը:

Խոսելով դերակատարների մասին, նա ասաց, որ Արսինե Խանջյանը, Պազ Վեգան, Անխելա Մոլինան եւ այլք, հիանալի մարմնավորում են մարդկանց, ում կյանքը պատմական ողբերգության հետեւանքով դուրս է եկել նորմալ հունից: «Իտալիան անցել է ֆաշիզմի միջով, եւ հետագայում դատապարտել այն, Գերմանիան նացիզմն է դատապարտել: Ինչո՞ւ Թուրքիայի կառավարությունն էլ իր մեջ ուժ չի գտնում դատապարտելու 1915-ին կատարվածը: Կարծում եմ, մի օր «Արտույտների ագարակը» դեռ կցուցադրվի Թուրքիայի դպրոցներում, ու երիտասարդ սերունդը կիմանա ողջ ճշմարտությունը»,- հույս հայտնեց իտալացի ռեժիսորը:

Գրացիա Վոլփին էլ պատմեց. «Ես գրքի էկրանավորման համար ֆինանսական աջակցություն խնդրեցի Եվրամիությունից: Այնտեղ ստեղծված հատուկ հանձնաժողովը նախքան ֆինանսավորելը կարդում է սցենարները, այնուհետեւ անդամները քվեարկում են: Միայն Թուրքիայի ներկայացուցիչն էր դեմ քվեարկել նախագծին»: Տավիանին էլ լրացրեց նրան. «Թուրքական մամուլում բազմաթիվ հրապարակումներ եղան Եվրամիության հովանավորությամբ նկարահանվող այս ֆիլմի մասին: Թուրքերը գրում էին, որ գումարի մի մասն էլ Թուրքիան է տալիս: Ինչո՞ւ պիտի թուրքերը ֆինանսավորեն մի ֆիլմ, որն իրենց դեմ է: Նրանց ԱԳ նախարարության ներկայացուցիչները նույնիսկ դիմել էին Իտալիայի մշակույթի նախարարին: Մեր նախարարն էլ պատասխանել էր, որ Իտալիայում արվեստն ազատ է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել