Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԸ ՎՏԱՆԳՎԱԾ ԵՆ

Հունիս 20,2007 00:00

\"\"Դրանք հանվում են համապատասխան ցուցակներից, որ հետո քանդվեն

Յուրաքանչյուր տարի ՀՀ կառավարությունը հաստատում եւ պետական հովանու տակ է առնում նորահայտ հուշարձանները: Իսկ այն հուշարձանները, որոնք այս կամ այն պատճառով դուրս են մնում հաստատված ցուցակից, ենթակա են սեփականաշնորհման եւ, ըստ սեփականատիրոջ ցանկության՝ օգտագործման: Օրինակ, ցուցակներից դուրս «սպրդած» Լճաշենի կիկլոպյան ամրոցը կարող է վերանալ ներկայումս էլ շարունակվող քարհատման մեծածավալ աշխատանքների պատճառով: Թեեւ մշակույթի փոխնախարար Գագիկ Գյուրջյանն «Առավոտին» վստահեցրեց, որ այն ընդգրկված է հուշարձանների ցանկում, պարզեցինք, որ դա այդպես չէ: Լճաշենի հուշարձանը բաղկացած է դամբարանադաշտից, միջնադարյան գյուղատեղիից եւ ամրոցից: Ցանկում են միայն ոչ մեկին չխանգարող դամբարանադաշտն ու գյուղատեղին: Կապվեցինք նաեւ «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի ղեկավար Հակոբ Սիմոնյանի հետ՝ համապատասխան պարզաբանումներ ստանալու համար, մանավանդ կառավարության որոշմամբ այս կազմակերպությանն է վերապահված հուշարձանների պետական ցուցակների կազմումը: «Մենք 2006թ. կազմել ու կառավարության հաստատմանը ներկայացնելու համար ՀՀ մշակույթի նախարարությանն ենք հանձնել 419 նորահայտ հուշարձանների ցուցակ: Նախարարությունն էլ կառավարություն է ներկայացրել ընդամենը 73-ը»,- տեղեկացրեց պրն Սիմոնյանը: Իսկ նախարարությունը, որպես կանոն, հուշարձանների ցուցակից հանում է այն, ինչը նախատեսված է քանդել, եւ այդ տեղում բիզնես ծավալել:

Օրինակ, Մայր աթոռը Էջմիածնի աստղադիտարանը (կառուցվել է 20-րդ դարի սկզբին) քանդելու տենդեր է հայտարարել, այն դեպքում, երբ ճանաչված մասնագետները (այդ թվում՝ ակադեմիկոս Բաբկեն Հարությունյան, Մարիետա Գասպարյան եւ այլք) դեմ են դրան: Ի դեպ, այս «ընդդիմադիրները» տեղ չեն գտել անկախ փորձագիտական հանձնաժողովում, որն էլ առաջիկայում որոշելու է հուշարձանի իսկությունը:

Հ. Սիմոնյանը «Առավոտին» հայտնեց, որ իրենց համար եւս անհասկանալի է, թե ինչու է հուշարձանների լրամշակված ցուցակում տեղ գտած 419 հուշարձանների զգալի մասը կրճատվել նախարարության «թեթեւ» ձեռքով: «Ցուցակում ընդգրկված է ընդամենը 73 հուշարձան, ամբողջովին հանված է Երեւան քաղաքի հուշարձանների գերակա մասը, եւ անգամ կարեւորագույն արժեք ունեցող համաշխարհային այնպիսի հուշարձաններ, ինչպիսիք են Լճաշենի կիկլոպյան ամրոցը, Շենգավիթի դամբարանադաշտը, տարածաշրջանում միակ՝ Ուրարտական շրջանի ամրոցը Իջեւանի տարածքում: Այդ հուշարձանների դուրս թողնելը՝ նշանակում է դրանց ավերման թույլտվություն: Մեզ որեւէ առաջարկություն չեն արել այդ հուշարձանները ցուցակներից հանելու վերաբերյալ, որեւէ պաշտոնական գրություն չենք ստացել մարզպետներից, ընդհակառակը՝ նրանք համաձայն էին, որ դրանք ցուցակներում մնան: Իսկ նախարարությունը պարտավոր էր մեզ տեղյակ պահել փոփոխությունների մասին»,- հայտնեց նա:

Մայր աթոռի մամուլի պատասխանատու տեր Վահրամ քահանա Մելիքյանից էլ հետաքրքրվեցինք՝ ի՞նչ հիմքի վրա է Էջմիածնի աստղադիտարանը քանդելու տենդեր հայտարարվել եւ ի՞նչ է կառուցվելու վերջինիս տեղում: Մեր տեղեկություններով, դեռ 2001-2002թթ. Գ. Գյուրջյանը խոստում էր տվել Վեհափառին, որ հարցը կլուծվի փոխշահավետ տարբերակով: Տեր Վահրամը մեզ հայտնեց. «Դեռ 2001թ. Մայր աթոռը հավաստիացել է Հուշարձանների պահպանության գործակալությունից, որ էջմիածնի աստղադիտարանը հուշարձանների ցանկում չէ: Հիշեցնեմ, որ այն ժամանակին կառուցվել էր Գեւորգ 5-րդ կաթողիկոսի կողմից՝ որպես աստղադիտարան Գեւորգյան հոգեւոր ճեմարանի համար, սակայն շինությունը ավարտին չի հասցվել, հետագայում էլ ամրացման աշխատանքներ չեն կատարվել, այնպես որ, շենքը վնասված է եւ հնարավոր չէ շահագործել»: Մեր տեղեկություններով, սակայն, փորձագիտական հանձնաժողովի նիստի ժամանակ աստղադիտարանի շենքը ամրացնելու, վերանորոգելու համար հովանավորներ ներգրավելու առաջարկ է արվել, ինչը անուշադրության է մատնվել:

Հետաքրքրությանը՝ ինչպե՞ս է աստղադիտարանի տարածքը օգտագործվելու, տեր Վահրամը պատասխանեց. «Ներկայումս այդ տարածքում չենք ծրագրում ինչ-որ բան կառուցել, կողքի հատվածում է շինարարություն իրականացվում, ինչը այս շենքի հետ առնչություն չունի»: Մշակույթի փոխնախարար Գ. Գյուրջյանն էլ հետո հավելեց. «Մայր աթոռը դիմել է հուշարձանը պետական ցուցակում մնալու նպատակահարմարության մասին խնդրով: Փորձագիտական հանձնաժողովը հարցը քննարկել է նախարարի մասնակցությամբ: Անկախ փորձագիտական հանձնաժողովը 10-օրյա ժամկետում պիտի ներկայացնի համապատասխան եզրակացություն»: Հետաքրքիր է, որ սկզբում քանդելու տենդեր է հայտարարվում, հետո միայն հարցը դրվում փորձագիտական քննարկման:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել