Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Մերոնք արտասահմանցիներից խելացի են

Հունիս 20,2007 00:00

Հայաստանցի ուսանողների մասին նման կարծիքի են տեղական բուհերի ղեկավարները

Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում ներկայումս սովորում է 1600 արտասահմանցի ուսանող, ԵՊՀ-ում՝ 650, Երեւանի պետական ճարտարագիտական համալսարանում՝ 512, իսկ Տնտեսագիտական համալսարանը դեռ չունի արտասահմանցի ուսանողներ: Հայաստանում ուսանելու համար արտասահմանից ժամանած դիմորդները փաստաթղթերից բաղկացած փաթեթը ներկայացնում են ԿԳ նախարարություն: Ընդհանուր առողջական վիճակը բնորոշող փաստաթղթին կից ներկայացվում է նաեւ տեղեկանք, որ դիմորդը ՁԻԱՀ վարակակիր չէ: Այնուհետեւ բուհ ընդունվողը կարող է անցնել մեկամյա նախապատրաստական դասընթաց, որի ընթացքում նա կբարելավի լեզվաիմացությունը եւ կստանա հիմնարար առարկաներից որոշ գիտելիքներ: Հետագայում արտասահմանցի ուսանողները որոշ հայաստանյան բուհերում ուսումը շարունակում են անգլալեզու, հայալեզու եւ ռուսալեզու խմբերում՝ նախընտրած մասնագիտության գծով: Բժշկական համալսարանում 21 երկրներից ժամանած ուսանողների ամենափոքր մասը՝ 217 հոգին, սովորում է ռուսալեզու խմբում, անգլալեզվում՝ 752-ն են, հայերեն լեզվով ուսում է ստանում 345-ը: Ինչպես հավաստիացրին բուհերի պատասխանատուները, արտասահմանցիներն իրենց գիտելիքներով եւ ընդհանուր զարգացածությամբ զիջում են տեղի ուսանողներին: «Ժամանակին տարեկան 100 արտասահմանցի ուսանողի էինք ցածր առաջադիմության պատճառով հեռացնում: Այժմ ստիպված այն դիմորդներին ենք ընդունում, ովքեր դպրոցում ստացած գիտելիքները յուրացրել են գոնե 65 տոկոսով»,- ասաց Բժշկական համալսարանի միջազգային կապերի գծով պրոռեկտոր Երվանդ Սահակյանը: Բժշկականի պրոռեկտորից պարզեցինք՝ արդյո՞ք հնդիկ ուսանողի մահվան դեպքից հետո չի փոխվել համալսարանի նկատմամբ օտարերկրացիների վերաբերմունքը: «Նրանց թիվն այժմ ավելին է, քան երբեւէ գրանցվել է»,- պատասխանեց Ե. Սահակյանը:

ԵՊՀ-ում գերակշռում են իրանցի ուսանողները, բացի այդ՝ այժմ այնտեղ ասպիրանտական կրթություն է ստանում Իրանից ժամանած 100 ուսանող: Ռուսաստանից եւս մեծ թվով ուսանողներ կան: Ինչպես փոխանցեց ԵՊՀ Միջազգային համագործակցության վարչության Սփյուռքի բաժնի վարիչ Ալեքսանդր Վիրաբյանը, օտարազգիները հիմնականում նախընտրում են միջազգային հարաբերություններ, տնտեսագիտական, իրավաբանական, ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի, արեւելագիտության ֆակուլտետները: «Ցածր է հատկապես Մերձավոր Արեւելքի երկրներից՝ Սիրիայից, Լիբանանից, Իրանից ժամանած դիմորդների կրթական մակարդակը: Այդ երկրների կրթական համակարգն էլ չի համապատասխանում մեր միջնակարգ կրթության համակարգին: Իսկ եվրոպական երկրներից հազվադեպ են գալիս: Նրանք հիմնականում կարճաժամկետ ծրագրերով են ուսում ստանում, օրինակ՝ ուսումնասիրում են հայագիտական առարկաներ կամ իրենց նախընտրած առարկաները»,- ասաց Ա. Վիրաբյանը: Ճարտարագիտական համալսարանում նվազել է արտասահմանցիների հոսքը, իսկ Տնտեսագիտական համալսարանը դեռ խորհրդային տարիներից չի գերել նրանց: «Օտար լեզվով դասավանդվելիք երկու մագիստրոսական ծրագիր ենք մշակում: Հնարավոր է առաջիկայում արտասահմանցի դիմորդներ ունենանք»,- հույս հայտնեց Տնտեսագիտական համալսարանի կրթական, գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Վարդան Սարգսյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել