Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ԿՐՃԱՏՈՒՄՆԵՐ ԱՐՎՈՒՄ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆՈՒՄ

Հունիս 20,2007 00:00

\"\"Պարզաբանում է գլխավոր դատախազությունը

ՀՀ գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանն արձագանքել է մեր հունիսի 16-ի համարում տպագրված «Դիմում չեմ գրել» հոդվածին, պնդելով, թե դրա հեղինակն անդրադառնալով դատաիրավական բարեփոխումներին՝ ակնհայտ սխալ տեղեկություններ է փոխանցել թերթին։ Եվ, մասնավորապես, անդրադառնալով հոդվածի հեղինակի՝ որպես մեղադրանք հնչեցվող դիտարկմանը, թե 20 տարվա ստաժ ունեցող ոչ բոլոր դատախազներն են գնում կենսաթոշակի, Սոնա Տռուզյանը նշել է. «Առնվազն տարօրինակ է, որ մասնագիտությամբ իրավաբանն է նման հարց բարձրացնում, քանզի «Դատախազության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ անձը կենսաթոշակի է ուղարկվում 65 տարին լրանալուց հետո։ Սակայն գործող օրենսդրությունը դեռեւս հնարավորություն տալիս է 65 տարին չլրացած անձանց նույնպես գնալ երկարատեւ ծառայության կենսաթոշակի, եթե ունեն առնվազն 20 տարվա աշխատանքային ստաժ։ Այսինքն՝ դա նրանց իրավունքն է, եւ ոչ թե օրենքով սահմանված պարտադիր պահանջ կամ պարտականություն։ Միաժամանակ տեղեկացնեմ, որ նյութի հեղինակն ակնհայտ սխալ տեղեկություններ է տրամադրել օրաթերթին՝ դատախազության աշխատակիցների ինքնության, զբաղեցրած պաշտոնների վերաբերյալ, ու թերեւս դա է պատճառը, որ նախընտրել է հանդես գալ կեղծանունով»:

Գլխավոր դատախազի մամուլի քարտուղարը որոշ պարզաբանումներ է ներկայացրել դատախազությունում իրականացվող կրճատումների մասին, որոնք կներկայացնենք՝ հավելելով ավելի վաղ «Ազատություն» ռ/կ-ին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի նույն թեմայով տված պարզաբանումները: Եվ այսպես՝ «Դատախազության մասին» օրենքով, որն ուժի մեջ է մտել 2007 թվականի մայիսի 1-ին՝ որոշակի փոփոխություններ են նախատեսվել դատախազության գործառույթներում, հետեւապես նաեւ հաստիքացուցակում։ «Իրականացվող բարեփոխումների համատեքստում պետք է կրճատվեն դատախազության քննիչների հաստիքները (շուրջ 200), որոնք կփոխանցվեն նախաքննություն իրականացնելու լիազորություն ունեցող պետական այլ գերատեսչություններին»,- նշել է Սոնա Տռուզյանը: Իսկ Աղվան Հովսեփյանը հայտնել էր, որ մինչ այս կրճատումներն իրականացնելը՝ «ուսումնասիրվեցին եվրոպական երկրներում դատախազությունում գործող հաստիքների թվաքանակը, դրանց ծանրաբեռնվածությունը: Դե, բնականաբար, դատախազությունում գործող քննիչների հաստիքները պիտի կրճատվեին, քանի որ արդեն իսկ նախաքննություն չենք իրականացնում: Եվ այդ հաստիքները պիտի բաժանվեին մյուս գերատեսչությունների միջեւ, որոնք իրականացնում են նախաքննություն: Բացի դա՝ ելնելով ծանրաբեռնվածությունից, որոշվեց, որ պիտի կրճատվի նաեւ դատախազական գործունեություն իրականացնող անձանց քանակը»: Գլխավոր դատախազը նաեւ տեղեկացրել էր, թե զինվորական դատախազությունը նույնպես որոշում է կայացրել, որ «քննչական ապարատը պիտի տեղափոխվի պաշտպանության նախարարության համակարգ: Մենք այնտեղ ունենք 55 քննիչ, որոնք ամբողջությամբ հաստիքներով պիտի տեղափոխվեն պաշտպանության համակարգ»:

«Դատախազության մասին» օրենքից բխող փոփոխությունների, դատախազների առջեւ դրված նոր պարտավորությունների եւ պահանջների մասին, ըստ Սոնա Տռուզյանի՝ տեղյակ են պահվել դատախազության աշխատակիցները։ Բացի այդ, գլխավոր դատախազությունում ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության պետի մասնակցությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ժամանակ դատախազության քննիչներին ներկայացվել են ոստիկանության աշխատանքային պայմանները:

Գլխավոր դատախազի մամուլի քարտուղարը ներկայացրել է նաեւ վիճակագրություն: Դատախազության 112 աշխատակիցներ հունիսի 15-ի դրությամբ ներկայացրել են աշխատանքից ազատվելու դիմումներ, այդ թվում՝ երկարատեւ ծառայության կենսաթոշակի գնալու համար դիմում է ներկայացրել 56 անձ: 16 անձ դիմում է ներկայացրել աշխատանքից ազատվելու մասին՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ: Նրանցից 7-ն արդեն աշխատանքի է ընդունվել ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունում: 40 աշխատակից դիմում է ներկայացրել աշխատանքից ազատվելու մասին՝ ՀՀ ոստիկանությունում աշխատանքի ընդունվելու համար. «Այս դիմումները դեռ չեն մակագրվել, քանի որ, ըստ նախնական համաձայնության, նրանք ՀՀ դատախազությունում կշարունակեն կատարել իրենց պարտականությունները, քանի դեռ ոստիկանությունում չի կայացվել նրանց դիմումները բավարարելու մասին որոշում»:

Միով բանիվ, դատախազության դիրքորոշումն է. «ՀՀ դատախազության հաստիքացուցակի փոփոխությունը պայմանավորված է գործող օրենսդրությամբ դատախազությանը վերապահված լիազորություններով. դատախազությունում մնալու է այնքան հաստիք, որքան անհրաժեշտ է դատախազությանը վերապահված դատավարական լիազորությունները կատարելու համար»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել