Լրահոս
Օրվա լրահոսը

«ԵՍ ԲԱՐԵԿԱՄ-ԲԱՐԵԿԱՄ ՉԵՄ ԽԱՂՈՒՄ»

Հունիս 20,2007 00:00

\"\"ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը երեկ ասաց, որ ինքը մարդկանց պաշտոնների չի նշանակում ըստ ազգակցական կապերի, այլ հաշվի է առնում տվյալ մարդու արժանիքները:

Երեկ ԱԺ-ում տեղի ունեցավ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ընդլայնված նիստը, որին, պատգամավորներից բացի, մասնակցում էին նաեւ ԲՀԿ ներկայացուցիչ նախարարները:

Խմբակցության նիստում Քանաքեռ-Զեյթուն ԲՀԿ տարածքային կառույցի ղեկավար Սամվել Ադամյանը ընտրվել է կուսակցության շտաբի պետ, որը պետք է համակարգի կուսակցության գործունեությունը խորհրդարանից դուրս: Կուսակցության արտախորհրդարանական գործունեությունը կայանալու է նրանում, որ տեղերում ուժեղացվեն կառույցները եւ շտկվեն այն բացթողումները, որ, ըստ Գագիկ Ծառուկյանի, կային խորհրդարանական ընտրությունների ժամանակ: Նաեւ հանձնարարվել է բոլոր ԲՀԿ-ական պատգամավորներին, որ ամեն չորեքշաբթի հանդիպեն իրենց տարածքի ընտրողների հետ, լսեն մարդկանց դիմումները եւ հարցերը լուծեն:

Նիստից հետո կուսակցության եւ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը պատասխանեց «Առավոտի» եւ «Ազատություն» ռ/կ-ի մի քանի հարցերին: «Ազատություն» ռ/կ-ի թղթակցին հետաքրքրում էր հետեւյալ հարցը՝ նախընտրական շրջանում ԲՀԿ-ն խոստանում էր նոր աշխատատեղեր ստեղծել: Հիմա, երբ կազմվում է նոր կառավարության ծրագիրը, ԲՀԿ-ն առաջարկելո՞ւ է իր այս խոստումը արտացոլել այդ ծրագրերում: «Բարգավաճ Հայաստանի» նախագահը ի պատասխան ասաց. «Պրն Ծառուկյանը իր քարոզարշավի ժամանակ ինչ որ ասել է, այդ բոլորը կատարել է, եւ այսօր հրավիրել էի իմ կուսակից ընկերներին՝ մեր աշխատանքը սկսելու համար: Պարոն Ծառուկյանը այն ժամանակ էլ ասել է, որ այս կուսակցությունը ստեղծել է, որ օգտակար լինի երկրի ամրապնդմանը, զարգացմանը, ժողովրդի վիճակի բարելավմանը: Ծառուկյանը ամեն ինչ ունի, ամեն ինչի հասել է եւ այսօր ուզում է, որ ժողովրդի վիճակն էլ լավ լինի, ժողովուրդը կարողանա բարեկեցիկ, բարգավաճ կյանքով ապրել: Ես միշտ ասել եմ՝ մեր ծրագրերը կիրականանան այն դեպքում, երբ մենք կունենանք 50+1 տոկոս: Բայց այսօր Ծառուկյանը 50+1 չի վերցրել, որոշ մաս է վերցրել, եւ որ մասով որ Ծառուկյանին ժողովուրդը ձայն է տվել, այդ մասով մեր տված խոստումները պետք է կարողանանք իրականացնել: Այսօր մեզ հասել է երեք նախարարություն՝ քաղաքաշինությունը, առողջապահությունը եւ սպորտը, որոնց աշխատանքը նկատելի է լինելու ե՛ւ լրատվական միջոցներին, ե՛ւ ժողովրդին: Մեր նախարարները բոլորն էլ ունեն իրենց սեփական բիզնեսը եւ աչքը չեն դրել նախարարություններին եւ չեն գնացել դրանք ծառայեցնելու իրենց անձնականի համար»:

Մենք հետաքրքրվեցինք, թե ԲՀԿ-ին հանձնված Գեղարքունիքի եւ Շիրակի մարզերում որպես մարզպետներ այս կուսակցությունը ո՞ւմ է առաջարկելու, եւ եթե արդեն կան թեկնածություններ, ի՞նչ արժանիքի համար են ընտրված հատկապես այդ մարդիկ, մանավանդ՝ արդեն լուրեր կան, որ, ասենք, Գեղարքունիքի մարզում Գագիկ Ծառուկյանը պատրաստվում է մարզպետ կարգել իր սանիկին՝ Արտաշատի մարզային ոստիկանապետ Նվեր Պողոսյանին: Մեր զրուցակիցը հիշեցրեց. «Ծառուկյանը առաջին օրվանից ասել է, իսկ ես իմ ասածները իրականություն եմ դարձնելու, հավատացեք ինձ, չկա մի բան, որ ես ասեմ եւ դա չանեմ: Ես բարեկամ-բարեկամ չեմ խաղում, այն մարդը, որ կարող է լիարժեք այդ աշխատանքը կատարել, մեր կուսակցության պատգամավորների պատիվը բարձր պահել եւ ժողովրդի սպասելիքները իրականացնել, այդ մարդը պետք է աշխատի: Ես ասել եմ, եթե մարզպետ կլինի, նախարար կլինի, որեւէ մեկը կապված կլինի իր աշխատողի հետ, կամ մարզպետը գյուղապետի հետ, ինքնըստինքյան, ինքը դուրս է գալու, հեռացվելու: Այսօր մեզ հետ աշխատելը այդքան հեշտ չի, որովհետեւ մարդը պետք է կարողանա լիարժեք իրականացնել ժողովրդին տված խոստումները»: Գագիկ Ծառուկյանը հստակեցրեց՝ ասելով, որ իրենք յուրաքանչյուր երեք ամիսը մեկ պետք է հաշվետվություններ լսեն իրենց նախարարներից եւ մարզպետներից, եթե կատարած աշխատանքից կուսակցությունը դժգոհ լինի՝ տվյալ մարդը կհեռացվի իր զբաղեցրած պաշտոնից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել