Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Էլիտար» շինարարություն՝ ԱԺ-ում

Հունիս 20,2007 00:00

Նորընտիր պատգամավորներն այս օրերին եռուզեռի մեջ են, սենյակների հարց են լուծում եւ յուրաքանչյուրը ձգտում է ձեռք գցել առանձին սենյակ:

Իհարկե, հնարավոր չէ բոլորի պահանջները բավարարել, քանի որ Ազգային ժողովն առաձգական չէ եւ սենյակների թիվը սահմանափակ է, հետեւաբար, որոշ պատգամավորներ ստիպված են լինելու նստել կամ իրենց գործընկերոջ, կամ էլ օգնականի հետ: Խորհրդարանի հնաբնակներն արդեն ունեն իրենց մշտական սենյակները, որ դեռ նախորդ գումարման խորհրդարան գալով էին եվրանորոգել, կահույքը եւ գորգերը փոխել: Իսկ նորերը դեռ կռիվների եւ իրարանցման մեջ են: Որոշ սենյակներից թարմ ներկի հոտ է գալիս, նոր պահարաններ են բերվում, նոր կահույք: Օրինակ, նորաստեղծ տնտեսական հարցերի հանձնաժողովում երեկվանից շինարարական եռուզեռ էր: Սա «Ազգային միաբանություն» խմբակցության նախկին սենյակն է, որի դռներից մեկը դեռ նախորդ օրն աննախադեպ արագությամբ հանվեց եւ տեղը պատ շարվեց, այսօր արդեն այդ տեղը ներկված էր եւ նորոգման հետքն անգամ չէր մնացել:

ՄԱԿ խմբակցության նախկին սենյակը այս գումարման խորհրդարանում տրամադրված է «Բարգավաճ Հայաստանին», այստեղ եւս նախառեմոնտային վիճակ է: Թեպետ Գուրգեն Արսենյանը ժամանակին ինքն էր այս նույն սենյակները նորոգել եւ կահույքապատել, բայց հասկանալի է, չէ՞, որ Գագիկ Ծառուկյանը չէր գալու եւ նստեր ուրիշի կահույքին կամ ուրիշի նորոգած սենյակում: Ամեն ինչից երեւում է, որ այստեղ լուրջ գործընթաց է ծավալվելու ամռան ընթացքում, «Բարգավաճին» արժանի եվրանորոգման նշաններն արդեն առկա են՝ նախ սենյակները լրիվ դատարկվել են, բերվում են շինարարական նյութեր, մի խոսքով՝ իսկական նախահեղափոխական իրավիճակ:

Հանրապետական խմբակցությունն արդեն կազմ ու պատրաստ է: Այստեղ շքեղության հետեւից չեն ընկել, բավարարվել են միայն իրենց հատկացված երեք սենյակները կարգին կահավորելով, թարմացնելով եւ գորգապատելով: Մնում է միայն, որ խորհրդարանի ամենամեծ խմբակցության անդամներն իրենց անվերջ ծխելով չխամրեցնեն կահույքի եւ գորգերի պայծառ գույները:

Դաշնակցություն խմբակցությունը նույնիսկ կահույքը չի փոխել: Այստեղ ամեն ինչից ավանդական կուսակցությանը հարիր հին օրերի շունչ է գալիս, քանի որ ե՛ւ խմբակցության ղեկավարն է նույնը, ե՛ւ պատգամավորների մեծ մասը:

Գրեթե բոլոր սենյակների դռներից հանվել են նախորդ գումարման պատգամավորների անունները, եւ այդ «սուրբ» տեղերն առայժմ դատարկ են: Բայց դա ժամանակավոր դատարկություն է: Առաջիկա օրերին ամեն ինչ իր տեղը կընկնի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2007
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930