Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«ԱՐՄԱՏԱԿԱՆՆԵՐԸ» ԴԵՌ ՉԵՆ ՊԱՌԱԿՏՎԵԼ

Հունիս 20,2007 00:00

Բայց նման միտումներ կան, եւ դա կախված է հիմնականում ՆԺԿ նախագահի դիրքորոշումից

Երեք «արմատական» համարվող քաղաքական երեք ուժերից երկուսի՝ «Հանրապետություն» կուսակցության եւ «Իմպիչմենտ» դաշինքի ներկայացուցիչների հետ մեր զրույցներից պարզվեց, որ ինչ-որ սեւ կատու նրանց եւ ՆԺԿ-ի արանքով, այնուամենայնիվ, անցել է: Ընդ որում՝ պատճառները տարբեր են. հանրահավաքային գործընթացը շարունակելու նպատակահարմարությունից մինչեւ նախագահի թեկնածության առաջադրում:

Բացատրելով հունիսի 15-ի հանրահավաքին իր չմասնակցելու շարժառիթները՝ «Հանրապետության» նախագահ Արամ Սարգսյանն ասաց, որ տեղյակ չէ, թե Ա. Կարապետյանն եւ ՆԺԿ-ն ինչու չեն մասնակցել վերջին հանրահավաքներին՝ հավելելով, որ ընդհանրապես մինչեւ հիմա եղած հանրահավաքները եղել են առանց հատուկ հրավերների: Անդրադառնալով «արմատականների» հնարավոր պառակտմանը վերաբերող հարցին՝ Ա. Սարգսյանը «պառակտում» որակումը չափազանցված համարեց՝ միաժամանակ խոստովանելով, որ «Հանրապետության» եւ ՆԺԿ-ի մոտեցումներում այս փուլում, իրոք, որոշակի տարբերություններ կան: Խոսքը տվյալ դեպքում առաջիկա նախագահական ընտրություններին ընդդիմության մասնակցության մասին է: «Արամ Կարապետյանը հայտարարել է այդ ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու մասին: Մեր մոտեցումն այն է, որ ընդդիմությունը պետք է հանդես գա միասնական թեկնածուով, որի համար հստակ չափանիշներ պետք է սահմանված լինեն ընդդիմադիր այն բոլոր ուժերի կողմից, որոնք սկզբունքորեն համաձայն են միասնական թեկնածուի գաղափարին: Մեր կուսակցությունը նման հայտարարություն չի արել եւ դեմ է այսօր նման հայտարարություններ անելուն: Մենք գտնում ենք, որ ընդդիմությունը պետք է համախմբվի միասնական այնպիսի թեկնածուի շուրջ, որը կարող է նաեւ իր կուսակցության կողմից առաջադրված չլինել: Տվյալ դեպքում, այդ մարդու՝ Ա. Կարապետյանի հետ խոսելը դառնում է ինքնանպատակ, անիմաստ, որովհետեւ իր թեկնածության առաջադրմամբ նա մյուսների համար իր հետ բանակցելու հնարավորություն չի թողնում: Կան կուսակցություններ, որոնք լուրջ ուժեր են, ունեն լուրջ ռեսուրսներ, բայց իրենց առաջնորդի առաջադրման մասին հայտարարություններ անել չեն շտապում եւ չեն արել (Ա. Սարգսյանը, թերեւս, նկատի ուներ ՀԺԿ-ին եւ «Ազգային միաբանությանը»- Ն. Մ.): Չեմ բացառում այդ մարդկանց հետ ընդհանուր հայտարարի գալու հնարավորությունը»,- պարզաբանեց Ա. Սարգսյանը: «Հանրապետություն» կուսակցության առաջնորդը նաեւ ասաց, թե այսօր ընդդիմադիր մի քանի կուսակցություններ, մասնավորապես նրանք, որոնք իրենց առաջնորդների առաջադրման մասին որեւէ հայտարարություն չեն արել, հանդիպումներ, խորհրդակցություններ են ունենում, եւ ինքը դա արդեն դրական է գնահատում: Նա նաեւ հավելեց, որ ընդդիմության՝ միասնական ճակատով ու թեկնածուով հանդես գալը նախագահական ընտրություններում վճռորոշ է լինելու: Ինչ վերաբերում է «Հանրապետություն»-«Իմպիչմենտ» հարաբերություններին, ապա, ըստ Ա. Սարգսյանի՝ «յուրաքանչյուր կուսակցություն ազատ է իր գործողություններում եւ իր մոտեցումներն ունի այդ խնդրի վերաբերյալ: Մենք հիմա հետընտրական փուլ ենք թեւակոխել: Չեմ կարող ասել, որ նրանք, ովքեր չեն մասնակցում հանրահավաքներին՝ վատ են անում, կամ՝ հակառակը»: Ա. Սարգսյանը փոխանցեց նաեւ, թե իր գլխավորած կուսակցությունը այս փուլում ներկուսակցական, միջկուսակցական հարաբերությունների խնդիրներով է զբաղված՝ պատրաստ լինելու համար առաջիկա հերթական կամ արտահերթ նախագահական ընտրություններին, եւ նախընտրում է իր ասելիքը հասարակությանը մատուցել ասուլիսների եւ ԶԼՄ-ների հետ շփումների, քան՝ հանրահավաքների միջոցով, թեեւ դա եւս սխալ չի համարում: «Մոտեցումների հարց է»,- ասաց Ա. Սարգսյանը՝ հավելելով, որ «Հանրապետությունն» էլի կմասնակցի «Իմպիչմենտի» հանրահավաքներին՝ կախված կուսակցության աշխատանքային գրաֆիկից:

«Իմպիչմենտ» դաշինքի ներկայացուցիչ Վահագն Խաչատրյանն էլ երեկ նույն՝ «արմատականների» պառակտման հարցին անդրադառնալով՝ հավաստիացրեց, թե որեւէ կուսակցության հանրահավաքի հրավիրել-չհրավիրելու խնդիր չկա: «Մեր հանրահավաքներին Արամ Կարապետյանի չմասնակցելը ավելի շատ պայմանավորված է եղել նրանով, որ նա քաղաքում չի եղել, բայց նաեւ որեւէ կուսակցության երբեք պաշտոնական հրավերներ չեն եղել: Ա. Կարապետյանի մասնակցությունը հանրահավաքներին միշտ էլ եղել է նրա ցանկությամբ»,- հայտարարեց Վ. Խաչատրյանը: Դա նշանակո՞ւմ է արդյոք, որ ՆԺԿ-ն կարող է այլեւս «Իմպիչմենտի» հանրահավաքներին չգալ: Ի պատասխան այս հարցին պրն Խաչատրյանն ասաց. «Մեզ համար նման խնդիր չկա: Հանրահավաքները բաց ամբիոն են. կուզեն՝ կգան, կտեղեկացնեն, որ խոսք ունեն ասելու եւ կգան, կասեն իրենց ասելիքը»: «Իմպիչմենտ»-ՆԺԿ հարաբերությունները սրանով կարելի է սառեցվա՞ծ համարել: Մեր այս հարցադրման առնչությամբ Վ. Խաչատրյանի պարզաբանումից պարզ դարձավ, որ այն բանից ի վեր, ինչ Ա. Կարապետյանի գլխավորած ՆԺԿ-ն պաշտոնապես հայտարարել է նրա՝ նախագահի թեկնածու առաջադրման մասին, «արմատականները» միմյանց գործողություններից ու մտադրություններից տեղյակ են միայն ԶԼՄ-ների միջոցով: «Այսօր հարաբերությունների «սառեցման» մասին խոսակցություն չկա: Կգա (Ա. Կարապետյանը- Ն. Մ.), կխոսենք, տեսնենք՝ ի՞նչ է ասում: Ա. Կարապետյանը, ըստ ՆԺԿ տարածած հաղորդագրության, հայտարարել է նախագահական ընտրություններում իր թեկնածության առաջադրման մասին: Մենք գնում ենք այլ՝ միասնական թեկնածու առաջադրելու տարբերակով: Առիթ չենք ունեցել իր հետ հանդիպելու՝ այդ հարցը քննարկելու համար: Եթե նա գա, հանդիպենք եւ ինքը հաստատի իր այդ հայտարարությունը՝ այդ դեպքում, իսկապես, ստացվում է, որ մենք տարբեր ուղղություններով ենք գնում եւ սկզբունքորեն տարբեր կերպ ենք պատկերացնում հետագա զարգացումները»,- ասաց «Իմպիչմենտի» ներկայացուցիչը: Իսկ ՆԺԿ նախագահ Արամ Կարապետյանի հետ այս հարցի շուրջ պարզաբանումներ ստանալ չհաջողվեց: Նրա բջջայինն անջատված էր, իսկ կուսակցությունից նրա մամուլի խոսնակի միջոցով տեղեկացանք, որ Ա. Կարապետյանը լրագրողների հետ այլեւս առնչվելու է բացառապես իր՝ մամուլի խոսնակի միջնորդությամբ: Մեզ դա, բնականաբար, բավարարել չէր կարող:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել