Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ Է ՊԱՇՏՈՆԻՑ ԿԱՌՉԵԼԸ

Հունիս 20,2007 00:00

\"\"Ասում է Արարատի մարզպետ Ալիկ Սարգսյանը՝ բացատրելով, թե ինչու չի պաշտպանում Արարատի քաղաքապետ Հակոբ Թովմասյանին, որը քաղաքը ղեկավարում է 2001-ից: Այս երկու պաշտոնյաներն էլ ՀՀԿ անդամ են:

Արարատի քաղաքապետի ընտրություններն առայժմ խիստ հանդարտ ընթացք ունեն: Եվ թեկնածուներից մեկը՝ «Բարգավաճ Հայաստանի» Արարատի կազմակերպության ղեկավար Կարեն Խաչատրյանը մեր հարցին, թե ինչպես է գնահատում քարոզարշավը՝ ասաց. «Շատ նորմալ, դրական»: Հետաքրքրվեցինք, թե վարչական լծակներ չե՞ն գործադրվում այլ թեկնածուների կողմից. «Բացարձակապե՛ս: Ամեն ինչ հանգիստ է: Մարդիկ իրար նկատմամբ բարի ձեւով են տրամադրված: Գնում ենք նորմալ, մաքուր ընտրությունների: Ոչ մի խնդիր չեմ տեսնում»: Հերքեց նաեւ լուրերը, թե անձնագրեր են հավաքում: «Նման բաներ մեր շտաբում չեն արձանագրվել,- ասաց ԲՀԿ-ի թեկնածուն:- Ես սիրում եմ փաստերով խոսել եւ չեմ առաջնորդվում պատի տակի խոսակցություններով»:

Անձնագրեր հավաքելու մասին լուրերն առնչվում էին թեկնածուներից մեկին՝ «Արարատ» էլեկտրացանցի ղեկավար Աբրահամ Բաբայանին, որն այս կապակցությամբ ասաց. «Չկա՛ նման բան: 100 տոկոսով ասում եմ, որ այդպիսի բան գոյություն չունի: Եթե կարող են հակառակն ապացուցել՝ թո՛ղ ապացուցեն: Ասելով չի՝ թո՛ղ ապացուցեն»: Հերքեց նաեւ տարածված լուրերը, թե սոցհարցումներ են անցկացվել, որոնց համաձայն՝ ինքը վարկանիշով հայտնվել է 4-րդ տեղում. «Դա աբսուրդ է եւ անլուրջ: Համարում եմ, որ սա ցինիկ մարդկանց խոսակցություններն են»: Ընտրարշավի ընթացքի մասին էլ ասաց. «Ոչ մի արտառոց բան չկա»:

Այնպես որ, հուլիսի 1-ին կայանալիք ընտրությունների միակ ինտրիգն առայժմ այն է, թե ինչո՞ւ ՀՀԿ Արարատի մարզային կազմակերպությունը որոշեց պաշտպանել ոչ թե իր կուսակցին՝ Արարատի գործող քաղաքապետ Հակոբ Թովմասյանին, այլ անկուսակցական Աբրահամ Բաբայանին: Այս հարցն էլ ուղղեցինք ՀՀԿ մարզային կազմակերպության ղեկավար, Արարատի մարզպետ Ալիկ Սարգսյանին, որն ի պատասխան ասաց. «Աբրահամ Բաբայանին շատ վաղուց եմ ճանաչում, ու նրա մասին իմ կարծիքն է՝ ե՛ւ լուրջ անձնավորություն է, ե՛ւ քաղաքականության մեջ առայժմ որեւէ դերակատարություն չի ունեցել, ե՛ւ բիզնեսի առումով բավականին լուրջ, արդեն հաստատված գործեր ունի Արարատում: Դրանցից մեկն է, ասենք, ֆուտբոլի դպրոցը, որը բավական լուրջ համալիր եւ ծառայում է ամբողջ մարզին: Աբրահամ Բաբայանն Արարատում հեղինակություն է վայելում, եւ ոչ միայն վերջին 1-2 տարիների ընթացքում, այլեւ բոլոր ժամանակներում էլ Աբրահամին ճանաչել, հարգել, սիրել եւ ընդունել են քաղաքում: Գտնում եմ, որ այսօր Արարատը լուրջ, ամուր ձեռքի կարիք ունի: Չեմ ուզում որեւէ բան ասել գործող քաղաքապետի մասին՝ վերջապես նա 6 տարի աշխատել է: Եթե ասեմ, թե դժգոհ եմ եղել նրա աշխատանքից՝ անարդար կլինի: Դժգոհ չեմ եղել: Հնարավորինս աշխատել է: Բայց այսօր ՀՀԿ-ն նպատակահարմար է գտել, որ որոշակի թարմացում կատարվի: Եվ երեւի թե դրական է այն, որ չենք որոշել, թե պարտադիր ՀՀԿ անդամ պիտի լինի մեր թեկնածուն: Ո՛չ, բոլորովին պետք չի կուսակցականացնել: Ես պաշտպանում եմ այն մարդուն, որն այսօր ունի հնարավորություն քաղաքի համար աշխատանք կատարելու եւ ամենակարեւորը՝ ժողովրդին իր խոսքն ասելու: Հակոբ Թովմասյանը երիտասարդ կադր է. ես նրան չեմ ասել՝ դուրս արի, գնա փողոց: Նրան առաջարկվել է աշխատանք մարզպետարանում եւ այլն: Բայց ինձ զարմացնում է, որ Հակոբ Թովմասյանը հրաժարվեց ամեն տեսակ առաջարկներից՝ պնդելով, թե ինքը պիտի աշխատի քաղաքապետ: Ես չեմ ընդունում, թե պաշտոնը պիտի սեփականաշնորհված լինի: Եվ որպես մարզպետ, գտնում եմ, թե Հակոբ Թովմասյանն իր անելիքը քաղաքում արդեն արել է, իր առաքելությունը՝ կատարել: Արարատում թարմ ուժ է պետք: Նկատում եմ, որ քաղաքը կամաց-կամաց որոշ հարցերում սկսում է տեղի տալ, զիջել: Այդ մասին նրան ասել եմ մեր վերջին մի քանի հանդիպումներում, որ արդեն առաջացել է մարդկանց մի խավ, որը քաղաքապետարանի հսկողությունից դուրս է մնացել: Դա ինձ հերիք է, որ Հակոբին անեի այդ առաջարկը: Այստեղ այլ հարց չկա՝ նրա հետ անձնական խնդիր չունեմ, մարդկային նորմալ հարաբերություններ են: Բայց ինչո՞ւ պետք է մինչեւ վերջ այդ քաղաքը տրվի մի մարդու: Թող գա մի քիչ էլ աշխատի մարզկենտրոնում՝ ի՞նչ կլինի որ, թող քաղաքում մի քիչ թարմություն լինի: Ոչ մեկս էլ հավերժ չի՝ վաղը կարող է ես մարզպետ չաշխատեմ, մեկ ուրիշն աշխատի՝ անկախ իր կուսակցական պատկանելությունից: Դրա մեջ չկա զարմանալի ոչ մի բան: Չեմ ընդունում, որ մարդ կարող է այդ աստիճանի կառչել իր պաշտոնից, իմաստ չունի: Դրա համար էլ՝ եթե նա չլսեց կուսակցության կարծիքը, ես նպատակահարմար եմ գտնում, եւ այդ հարցը քննարկվել է ՀՀԿ Արարատի մարզային խորհրդում, որ մենք պաշտպանելու ենք անկուսակցական Աբրահամ Բաբայանի թեկնածությունը: Թող փորձեն, ընտրություններում չափեն ուժերը: Եթե քաղաքապետն ունեցել է համապատասխան հեղինակություն՝ խնդրեմ, թող վերընտրվի ու էլի նորից շարունակի իր աշխատանքը: Ամեն դեպքում՝ որոշումն Արարատ քաղաքի բնակչությանն է: Ես գոնե այս առումով փոքր մարդ եմ, որ որոշեմ Արարատի ճակատագիրը. ժողովուրդն առաջիկա ընտրություններում կորոշի իր քաղաքի ճակատագիրը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել