Լրահոս
Օրվա լրահոսը

Հետմահու մրցանակ՝ Դինքին

Հունիս 19,2007 00:00

Երեկ այն ստացավ «Ակոսի» խմբագրի այրին՝ Ռաքել Դինքը

Ամեն տարի «ՀՀ նախագահի մրցանակ» է շնորհվում բնական, տեխնիկական գիտությունների, ֆիզիկայի, բժշկագիտության, արվեստի, գրականության, հումանիտար գիտությունների բնագավառներում: Սահմանված է նաեւ «ՀՀ նախագահի երիտասարդական մրցանակ»՝ կերպարվեստի, կինոյի, գրականության եւ դասական երաժշտության բնագավառներում: 2005 թվականից էլ մրցանակներ են տրվում Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ներդրում ունեցողներին: Երեկ նախագահականում հանձնվեցին հերթական մրցանակները:

Դրանցից մեկը շնորհվեց «Ակոս» շաբաթաթերթի հիմնադիր եւ գլխավոր խմբագիր, հասարակական գործիչ Հրանտ Դինքին՝ պատմական արդարության վերականգնման, ժողովուրդների միջեւ փոխըմբռնման, խոսքի ազատության եւ մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության գործում ունեցած նշանակալի ներդրման համար: Նախագահ Ռոբերտ Քոչարյանը մրցանակը հանձնելով նրա կնոջը՝ ասաց. «Առաջին անգամ մրցանակ է շնորհվելու հետմահու՝ դա Հրանտ Դինքի մրցանակն է: Մեր ժողովրդի համար մեծ կորուստ էր նրա մահը»: Ի պատասխան, տիկին Դինքը նշեց. «Որքան պատվաբեր է այս մրցանակը ստանալը, նույնքան էլ՝ տխուր, որովհետեւ Դինքն ինքը կուզենար այստեղ ներկա լինել»:

Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդ ներդնելու համար մրցանակ ստացան Պաոլլո եւ Վիտտորիո Տավիանի եղբայրները՝ «Արտույտների ագարակը» գեղարվեստական ֆիլմի համար: Բազմաթիվ մրցանակներ ստացած Պ. Տավիանին հայտնեց. «Այս մրցանակը ամենակարեւորն է մեզ համար»: Տեխնիկական գիտությունների եւ ինֆորմացիոն տեխնոլոգիաների բնագավառում մրցանակ շնորհվեց Վլադիմիր Հարությունյանին, Վալերի Առաքելյանին, Զավեն Ադամյանին, Խաչատուր Մարտիրոսյանին եւ Գոհար Շահնազարյանին՝ «Արեւի էներգիայի փոխակերպման եւ գազային տպիչների հետազոտություններ» աշխատանքի համար, արվեստի բնագավառում՝ «20-րդ դարի հայ արվեստի ուսումնասիրության եւ տարածման գործում ունեցած նշանակալի ներդրման համար» մրցանակ՝ արվեստաբան Հենրիկ Իգիթյանին: «Հպարտ եմ, որ Հրանտ Դինքի հետ եմ մրցանակն ստանում: Եվ ուրախ, որ հենց Ռոբերտ Քոչարյանից եմ ստանում, որովհետեւ նա հաղթող նախագահ է»,- հայտարարեց ղեկավարներին փառաբանելու խորհրդային «շկոլան» անցած արվեստաբանը: Գրականության բնագավառում «Ծիրանի ծառերի տակ» վեպի համար մրցանակ ստացավ Ռուբեն Հովսեփյանը: Հումանիտար գիտությունների զարգացման բնագավառում մրցանակ շնորհվեց հուշարձանագետ Սամվել Կարապետյանին՝ «Կովկասյան թանգարանի հայկական հավաքածուն», «Հայերը Կախեթում», «Ջավախք» գրքերի համար:

Դասական երաժշտության բնագավառում բարձր կատարողական արվեստի համար մրցանակ տրվեց «Երգեցողություն» անվանակարգում՝ Գեւորգ Հակոբյանին եւ Արսեն Սողոմոնյանին, իսկ «Գործիքային կատարում» անվանակարգում՝ Նարեկ Հախնազարյանին: Երիտասարդական մրցանակների մրցույթում կերպարվեստի եւ կինոյի բնագավառում «Գրոտեսկ» գրաֆիկական աշխատանքների շարքի համար նախագահի մրցանակին են արժանացել Արմինե Հովհաննիսյանը, լուսանկարների շարքի համար՝ Անահիտ Հայրապետյանը, «Ջուղա» փաստավավերագրական ֆիլմի համար՝ Տիգրան Կարապետյանը եւ գրականության բնագավառում՝ Համբարձում Համբարձումյանը, «Կատյան», «Վերադարձ», «Ութերորդցիները» պատմվածքների համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել