Լրահոս
Օրվա լրահոսը

SMS-ՆԵՐ ԵՆ «ԼՑՈՆՎԵԼ»

Հունիս 19,2007 00:00

«Երկու աստղ» հեռուստանախագծի ժամանակ Սիրուշո-Ավետ Բարսեղյան զույգի օգտին մեկ գիշերում ավելի քանի 4000 sms է ուղարկվել:

Արդեն ավանդույթ է դարձել արտերկրյա հեռուստաընկերությունների տարբեր նախագծերի՝ հայաստանյան որեւէ TV-ում իրականացնելը: Այս անգամ խոսքը Հանրային հեռուստատեսության «Երկու աստղ» մրցութային նախագծի մասին է, որն ավարտվեց օրերս: Նախագծի հաղթողը միանշանակ Շպռօտ-Արամ MP3 զույգն է, որը իսկապես ցուցադրեց բարձրակարգ շոու: Եզրափակիչ անցած 4 զույգերից մյուս 3-ը հետեւյալ դասավորությամբ էին միմյանց հաջորդում՝ Սիրուշո-Ավետ Բարսեղյան, Էմմի- Ֆելիքս Խաչատրյան, Նունե Եսայան-Ավո Խալաթյան:

Մասնագետների պնդմամբ՝ «Երկու աստղի» «հայտնագործությունը» երգչուհի Արմինկայի պատասխանն էր հաղորդավարուհու հարցին, թե ի՞նչ երեք պայման է անհրաժեշտ աստղ դառնալու համար. «Առաջին պայմանն այն է, որ մարդ մի քիչ երգել իմանա…»: «Հավանաբար՝ Արմինկան սեփական փորձից էր ասում»,- մեզ հետ զրույցում ասաց երաժշտագետներից մեկը, նկատի ունենալով այն, որ Արմինկայի «չերգիչ» գործընկերը՝ դերասան Խորեն Լեւոնյանը, ավելի լավ էր երգում, քան պրոֆեսիոնալ երգչուհին: «Երկու աստղը» ցույց տվեց մեր աստղերի երգչական որակն ու մակարդակը: Շոու-բիզնեսի հայտնի դեմքերից մեկը, որի անունը հասկանալի պատճառով չենք հրապարակում, հայտնեց, որ նախագծի մասնակիցներից միայն երկուսը՝ մարքսիստ Դավիթ Հակոբյանն ու սպորտային մեկնաբան Կարեն Գիլոյանը երաժշտական կրթություն չունեին: Մյուս «չերգիչների» պարագայում, ինչպես նրանց ներկայացնում էին նախագծում, դա այդպես չէր: Ավո Խալաթյանը ժամանակին երաժշտական կամերային թատրոնում կատարել է Քվազիմոդոյի դերերգը՝ ճանաչված մյուզիքլում, դերասան Հովհաննես Բաբախանյանն ավարտել է պետկոնսերվատորիայի վոկալ բաժինը, Ֆելիքս Խաչատրյանն ու Ավետ Բարսեղյանն էլ մինչ Երգի պետական թատրոնում լրագրողի մասնագիտության մեջ հմտանալը, սովորել են նույն թատրոնի երաժշտական բաժնում: Էլ չխոսենք դերասան Աշոտ Ղազարյանի մասին, որի՝ ժամանակին կատարված հայ կոմպոզիտորների (Արամ Սաթյան, Կոնստանտին Պետրոսյան եւ այլն) երգերի ձայնագրությունները գեղխորհրդի կողմից են ընդունվել Հանրային ռադիոյի ֆոնդ: Շատերին վրդովեցրել է նախագծի ընթացքում ժյուրիի փոփոխությունն ու համալրումը անտեղյակներով: Օրինակ, հաղորդավար Գոհար Գասպարյանը անընդհատ շեշտում էր, թե ինքը մասնագետ չէ եւ աստղերը թող ներեն, եթե իր գնահատականը վիրավորի որեւէ մեկին: Ի տարբերություն վերջինիս, նորմալ է ընդունվել «Օտար, ամայի ճամփեքի վրա» հաղորդաշարի հեղինակ Ռաֆայել Հովհաննիսյանի ներկայությունը, եւ հատկապես պրոֆեսիոնալներ՝ երգչուհի Ռաիսա Մկրտչյանի եւ դիրիժոր Կարեն Դուրգարյանի մասնակցությունը ժյուրիի կազմում: Ափսոս, բացակայում էին պրոդյուսերական կենտրոնների ներկայացուցիչները:

Մի տհաճ երեւույթի մասին էլ մեզ հայտնեց նախագծին մոտ կանգնած մեր աղբյուրը: Բանն այն է, որ «Առավոտը», մինչ sms-ների արդյունքում հաղթողի անունը հրապարակելը, լուր էր տպագրել այն մասին, որ, հավանաբար, հաղթող կճանաչվի Նունե Եսայան-Ավո Խալաթյան զույգը, ինչին կողմ էին նաեւ նախագծի եզրափակիչում հայտնված նրանց գործընկերները: Վերջիններս ուզում էին ականատես լինել այս զույգի հարսանիքին՝ եթերում: Մանավանդ Նունեն հայտարարել էր, որ դա կլինի իրենց հաղթանակի դեպքում:

«SMS քվեարկությունը ավարտվել է ոչ թե հունիսի 14-ին, ժամը 14-ին, այլ 14.10-ին: Քվեարկությանը կարելի էր հետեւել www.armtv.

com ինտերնետային կայքում: Հունիսի 13-ին, ժամը 20-ի սահմաններում պատկերը եղել է հետեւյալը. Շպռօտ-MP3 Արամ՝ 12.015 ձայն, Էմմի-Ֆ. Խաչատրյան՝ 6987, Սիրուշո-Ավետ Բարսեղյան՝ 4020, Նունե Եսայան-Ավո Խալաթյան՝ 3200, իսկ ընդամենը մեկ գիշեր հետո՝ ամսի 14-ին, ժամը 12.15-ի դրությամբ, ձայները եղել են համապատասխանաբար՝ 15470, 7729, 8571 եւ 4020: Նույն օրը, 13.45-ի դրությամբ, պատկերը հետեւյալն էր՝ 15727, 7891, 8788 եւ 4047: Իսկ արդեն ժամը 14.10-ին վերջնական արդյունքում ձայները եղել են՝ 15760, 7916, 8886 եւ 4051»,- նկատեց մեր աղբյուրը: Նրա պնդմամբ, ընդամենը մեկ գիշերվա ընթացքում Սիրուշո-Ավետ Բարսեղյան զույգին ուղարկվել է ավելի քան 4000 sms. «ի՞նչ իմաստ ուներ sms-ների նման «նկարչությունը», եթե թիվ «նկարողը» մեկ շաբաթ ժամանակ ուներ իր նախընտրած զույգին անհրաժեշտ ձայներով ապահովելու համար»: Մեր աղբյուրի պնդմամբ, sms-ների նման «լցոնումը» չեն ողջունել Հ1-ի գործադիր տնօրեն Արմեն Արզումանյանն ու ՀՀՌԸԽ նախագահ Ալեքսան Հարությունյանը, իրավացիորեն գտնելով, որ երեւույթը բարոյական չէ նման մեծ հեռուստալսարան ունեցող նախագծի համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել