Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՂՀ-ում 90%-ը երազում է վերամիավորվել Հայաստանին կամ անկախանալ

Հունիս 19,2007 00:00

\"\"Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը ներկայացրեց իր անցկացրած հարցման արդյունքները

Երեկ «Ուրբաթ» ակումբում «Սոցիոմետր» կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանը ներկայացրեց 2007թ. ԼՂՀ նախագահական ընտրությունների հետ կապված ընտրողների սոցիալ-քաղաքական սպասումների եւ նախագահական թեկնածուներին տրվող վարկանիշների համառոտ հաշվետվությունը: «Հարցումն անցկացվել է հունիսի 10-ին՝ Ստեփանակերտի, 6 մարզկենտրոնների եւ 11 խոշոր բնակավայրերի 1000 չափահասների շրջանում, որոնցից շուրջ 300-ը հրաժարվել է մասնակցել հարցմանը, հետեւաբար բոլոր տվյալները բերել ենք 700 մասնակիցների հաշվով»:

Ըստ սոցիոլոգի, նախագահի թեկնածուների վարկանիշը կախված է նաեւ նրանից, թե ո՞վ է առավել մոտ ընտրողների՝ «իդեալական նախագահի» մասին ունեցած պատկերացումներին: Հարցման մասնակիցները պատասխանել են այն հարցին, թե ինչպիսի հատկանիշներ պետք է ունենա նորընտիր նախագահը: Նրանց կողմից նշվել է 30-ից ավելի հատկանիշ, օրինակ, 1-ինը՝ լինի բարի, հոգատար, մտածի ժողովրդի մասին, 2-րդը՝ լինի կիրթ, գրագետ, խելացի, 3-րդը՝ փորձառու, հմուտ ղեկավար, 4-րդը՝ անկաշառ, օրինապահ, արդար, բարոյական, 5-րդը՝ հայրենասեր, 6-րդը՝ կամային, 7-րդը՝ ղարաբաղյան շարժման մեջ ներդրում ունեցող, 8-րդը՝ դիվանագետ եւ այլն: «Եթե 10-15 տարի առաջ ղարաբաղյան շարժման մասնակցությունը առաջնային էր, ապա այսօր ժողովուրդը հմուտ ղեկավար է ուզում»,- փաստեց սոցիոլոգը: Ա. Ադիբեկյանի կանխատեսմամբ, ԼՂՀ նախագահի հինգ թեկնածուներից հիմնական պայքարը կծավալվի Մասիս Մայիլյանի եւ Բակո Սահակյանի միջեւ: Մյուսների վարկանիշները բավականին ցածր են: Այն հարցին, թե ո՞ր հատկանիշներով է Մ. Մայիլյանը Բակո Սահակյանից առաջ եւ հակառակը, սոցիոլոգը պատասխանեց. «Մայիլյանը առաջ է գրագիտությամբ, իսկ Բակո Սահակյանը՝ մարդկային հատկանիշներով եւ առավելություն ունի ազատագրական պայքարին մասնակցած լինելու առումով»:

Ա. Ադիբեկյանը պարզել է, ղարաբաղցիների 90%-ի ցանկությունն է, որ ԼՂՀ-ն լինի անկախ կամ Հայաստանի կազմում, 8%-ը գտնում է, որ կարելի է տարածքները անկախության դիմաց փոխանակել, 1-1,5%-ն էլ արտահայտվել է… Ադրբեջանի կազմում լայն ինքնավարության տարբերակի ընդունելիության օգտին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել