Երեւանի քաղաքապետի հանձնարարականով մշակվում է մայրաքաղաքի տրանսպորտի զարգացման նոր ծրագիր:
Քաղաքապետարանում խոստովանում են, որ առավոտյան ժամերին կանգառներում կուտակումներ են լինում, եւ մարդիկ դժվարանում են ճիշտ ժամանակին հասնել աշխատանքի, դասի: Բոլորն են հասկանում, որ շարժակազմի ավելացումը հարցի լուծում չէ՝ նկատի ունենալով առանց այդ էլ ծանրաբեռնված երթեւեկությունը: «Երեւանտրանս» ՓԲԸ-ի տնօրեն Կարեն Եդիգարյանը «Առավոտի» հետ զրույցում տեղեկացրեց, որ ի թիվս քաղաքաշինական ծրագրերի՝ տարանցիկ ճանապարհներ, լայնացումներ եւ այլն, որոշվել է երթուղային տաքսիներն աստիճանաբար փոխարինել միջին եւ մեծ տեղատարողությամբ ավտոբուսներով: Ի դեպ, «Բոգդանների» ներկրումից հետո մոտավորապես 71 երթուղայիններ արդեն, այսպես ասած, կրճատվել են հենց տնտեսվարող սուբյեկտների խնդրանքով՝ տնտեսապես ոչ ձեռնտու լինելու պատճառով: 2007-ի երկրորդ կիսամյակում սպասվում է եւս 110 ավտոբուսների ներկրում, ինչը կապահովի 9-10 երթուղի՝ կապ քաղաքի ծայրամասերի եւ կենտրոնի միջեւ: Նոր ծրագրի շրջանակներում, ելնելով մայրաքաղաքի էկոլոգիական խնդիրներից, նախատեսվում է մետրոյի ու էլեկտրատրանսպորտի, տվյալ դեպքում՝ տրոլեյբուսների զարգացում: Այս տարի Երեւան կներկրվի 20 տրոլեյբուս՝ նախատեսված նաեւ տեղաշարժվելու դժվարություններ ունեցող մարդկանց համար: Այս ծրագիրն ամբողջությամբ գործի կդրվի 2011 թվականից, քանզի հենց 2011 թվականն է երթուղային տաքսիներով ուղեւորափոխադրումներ կազմակերպող տնտեսվարող սուբյեկտների պայմանագրերի վերջնաժամկետը: Ըստ այդմ, մայրաքաղաքում կգործեն 700-800 ավտոբուս, 1500-1600 միկրոավտոբուս, 200 տրոլեյբուս եւ մետրոն: Մեր զրուցակիցը համոզված է, որ աշխատանքը ճիշտ կազմակերպելու դեպքում խնդիրներ չեն առաջանա:
«Առավոտի» դիտարկմանը՝ թե ինչպես են հարաբերությունները պարզվելու գծատերերի հետ (գաղտնիք չէ, որ նրանք հասարակ քաղաքացիներ չեն ), պարոն Եդիգարյանը նկատեց. «Պետք չէ նրանց անհաղթահարելի դարձնել: Ուզեն, թե՝ ոչ, պետք է հարմարվեն: Պատկերացրեք, որ նորմալ են վերաբերվում, մանավանդ, որ մենք առաջարկել ենք նրանց, եթե ցանկանում են շարունակել աշխատել փոխադրման շուկայում, թող ներկրեն ավտոբուսներ: Մենք դա միայն կողջունենք, քանզի հնարավորություն կստեղծվի բյուջետային գումարները խնայել եւ ներդնել այլ առաջնային ոլորտներում: Նաեւ՝ մրցակցության արդյունքում կբարելավվի ավտոբուսային հավաքակայանը, ինչից կշահի ուղեւորը»:
«Ծխախոտի իրացման մասին» օրենքի ընդունումից հետո՝ քաղաքային տրանսպորտում ծխելն արգելելու օրենքի պահանջը ծանուցող թերթիկներ հայտնվեցին: Կարեն Եդիգարյանը տեղեկացրեց, որ դրանք արդյունք են տնտեսվարող սուբյեկտների հետ պայմանագրային պահանջները վերանայելու: Մասնավորաբար, նույն վարորդի մոտ առաջին դեպքն արձանագրելու դեպքում նա տուգանվում է 25 000 դրամ, երկրորդի դեպքում՝ 50 000, երրորդի դեպքում դրվում է երթուղու սպասարկման նպատակահարմարության հարցը: Ապրիլ ամսից առ այսօր կազմվել է մոտավորապես 126 արձանագրություն, որոնցից 8-ը տարբեր կազմակերպությունների մասով, իսկ վերջին 10 օրերի ընթացքում արդեն եղել են կրկնվող դեպքեր՝ թիվ 52, 56, 38, 86, 9, 96, 17, 4 երթուղիներում: Փաստացի ապացույցներ ձեռք բերելու համար «Երեւանտրանսի» գծային հսկողության աշխատակիցները ամենօրյա ստուգայցեր են կատարում: Մեր զրուցակիցը դժգոհ է ուղեւորների պասիվությունից՝ «Բողոքելիս բոլորը խոսում ու բողոքում են, բայց արձանագրություն կազմելիս հիմնականում հրաժարվում են ստորագրել, ավելին, անցնում են վարորդի պաշտպանությանը՝ նախատելով մեր աշխատակիցներին: Թեժ գիծ ունենք, զանգահարում եւ բողոքում են, բայց հենց խնդրում ենք անձնական տվյալները թողնել՝ մի բան էլ մենք ենք պարտք մնում: Եթե բոլորս չմասնակցենք այս պրոցեսին՝ այն ուղղակի արդյունավետ չի լինի: Ողջ հասարակության ինքնագիտակցությունը պետք է բարձրացնենք, բոլորս պետք է հասկանանք, որ կարգը մնում է կարգ, այն պետք է պահպանել եւ, վերջապես, պարզապես պետք է իրար հարգենք»:
Պարոն Եդիգարյանից տեղեկացանք նաեւ, որ մայրաքաղաքում տեղադրվել է 80 կանգառասրահ, 2007-ի երկրորդ կիսամյակում մայրաքաղաքի ողջ տարածքում տեղադրված կլինեն եւս 100-120-ը: Այժմ իրականացվում են գծանշման աշխատանքներ եւ պետավտոտեսչության հետ համատեղ ստուգումներ: Քանի որ կանգառասրահները փակվում են այլ տրանսպորտային միջոցների՝ հիմնականում տաքսիների կողմից, ուղեւորատար տրանսպորտը հաճախակի կանգառում է երկրորդ գծում: Համատեղ պայքարի շրջանակներում, երեք ամիսների ընթացքում կանգառասրահներում այլ տրանսպորտային միջոցների սխալ կայանելու համար կազմվել է 271 արձանագրություն՝ 20 000-ական դրամ տուգանքով եւ 5 մլն 420 հազար դրամ մուծվել է պետբյուջե: «Այս պայքարը չի դադարելու, եթե առաջ շաբաթական 1-2 այց էր լինում, հիմա ամենօրյա հսկողություն է իրականացվում: Մարդկանց գիտակցության մեջ պետք է մտնի, որ դա ուղեւորատրանսպորտի կանգառատեղի է: Կանգառասրահները ազատելու դեպքում միայն կարող ենք վարորդից կարգ ու կանոն պահանջել»,- ասում է պարոն Եդիգարյանը: Իր նկատմամբ բարեխիղճ վերաբերմունք պահանջող ուղեւորից էլ մեր զրուցակիցը խնդրում եւ ակնկալում է փոխադարձը. «Ընդամենը 4 ամիս է՝ ինչ կանգառասրահները տեղադրված են, բայց արդեն շատ մաշված ու լքված տեսք ունեն: Մենք ինչքան էլ հսկողություն սահմանենք, անընդհատ նորոգենք՝ մի բան պետք է հասկանալ. այդ կանգառասրահները բոլորիս համար են, բոլորինս են, բոլորս պետք է բարեխիղճ վերաբերվենք, մաքուր պահենք, չկոտրենք, չփչացնենք: Քանդելը սարքելուց երկու անգան արագ է կատարվում: Անհարմար է: Բոլորս սիրում ենք ասել՝ մեր Երեւանը, երգեր են գրվում, պատմություններ են հորինվում, բայց Երեւան սիրողները մի քիչ էլ պիտի հասկանան, որ քաղաքը սիրելը հենց քաղաքի նկատմամբ վերաբերմունքից է գալիս»: