Լրահոս
Օրվա լրահոսը

Հունիս 19,2007 00:00

Անասնաբուժական տեսչությունն էլի տեղյակ չէ

Դաբաղի դեմ միայն «Արմենիկո՞ւմը» կփրկի

Շիրակի մարզում տարածված անասունների դաբաղ հիվանդությունը հասել է արդեն Արագածոտնի մարզ: Այդ մարզի Ագարակ գյուղում դաբաղի լուրջ համաճարակ է: Գյուղացիների պատմելով՝ սկզբում վերքոտվում են կովերի կճղակները, բորբոքվում բերանի լորձաթաղանթը, ինչի հետեւանքով չեն կարողանում ուտել, վերքոտվում է նաեւ կուրծքը: Դրանք, ըստ մասնագետների, դաբաղի տիպիկ ախտանշաններն են:

Ագարակցիներն «Առավոտի» հետ զրույցում հավաստիացնում էին, որ իրենց անասունները դաբաղով հիվանդացել են պատվաստումը հետո: Ըստ նրանց, պատվաստումը ոչ միայն չի օգնել՝ որ դաբաղով չհիվանդանան, այլեւ նպաստել է վարակվելուն:

Նշենք, որ դեռեւս նախորդ տարվա նույն ժամանակահատվածում էլ մարզի Հնաբերդ, Ծաղկահովիտ, Սանգյառ, Գեղաձոր, Քարվանսարա, Ծաղկահովիտ, Ռյա թազա գյուղերում դաբաղի մասսայական դեպքեր էին հայտնաբերվել ու այս առնչությամբ հանրապետութան գլխավոր անասնաբույժ, գյուղատնտեսության նախարարության անասնաբուժական պետական տեսչության պետ Գրիշա Բաղիյանը մեր թերթին պարզաբանել էր, թե «ամենայն հավանականությամբ՝ կովերը «սկվազնյակի տակ են ընկել» («Առավոտ», 15.08.2006թ.): Ագարակում այս տարվա դաբաղի համաճարակի առնչությամբ պարոն Բաղիյանը թեեւ կովերին մրսելու մեղքը չվերագրեց, սակայն նշեց, որ քանի դեռ լաբորատոր ստուգման պատասխանը ձեռքի տակ չունի, չի կարող ասել՝ Ագարակ գյուղում դաբա՞ղ հիվանդությունն է, թե՞ ոչ: Նա հավաստիացրեց, որ «ամեն ինչ հսկողության տակ է եւ անհանգստանալու առիթ չկա»: Տեսչությունում կոնկրետ դաբաղի կանխարգելման համար պատասխանատու է տեսչության պետի տեղակալ Գեւորգ Թովմասյանը, սակայն նա էլ հերքեց, որ Ագարակում դաբաղի համաճարակ կա. «Նեկրոբացիլոզ հիվանդությունը շատ նման է դաբաղին, երկու դեպքում էլ անասունները կաղում են, հավանական է, որ դա է պատճառը, որ գյուղացիները դաբաղի հետ են շփոթում, փետրվարին անհրաժեշտ պատվաստումներն արել ենք, օգտագործել ենք ռուսական վակցինա, որն ամենաարդյունավետ դեղամիջոցն է, եթե դա էլ չի օգնում, ուրեմն աշխարհում դրա դեմ այլ դեղամիջոց չկա»:

Չնայած կառավարության պաշտոնյաների նման հավաստիացումներին, «Առավոտի» հետ զրույցում Ագարակի գյուղապետ Վահան Խաչատրյանը հաստատեց, որ իրենց գյուղում դաբաղ կա եւ արդեն մոտ 20 գլուխ անասուն վարակվել է. «Մարզպետարանի գյուղատնտեսության վարչությունից եկել, հաստատել են, որ դաբաղ է»: Հիշյալ վարչության պետ Յուրա Ազատյանն էլ «Առավոտին» պարզաբանեց, որ դաբաղի դեպքեր, Ագարակից բացի, հայտնաբերվել են նաեւ Ապարանի մի շարք գյուղերում՝ Եղիպատրուշում, Երնջապատում, Ուջանում եւ այլուր. «Ուջանում «Արմենիկում» ենք ներարկել անասուններին, գերազանց օգնել է, բայց ինձ անհանգստացնում է նաեւ մի բան՝ կովերը վարակվել են դաբաղի պատվաստանյութը ներարկելուց հետո, դա պետք է լուրջ ուսումնասիրվի»:

ԳՐԻՇԱ ԲԱԼԱՍԱՆՅԱՆ

Այս պատմության մեջ մի ոգեւորիչ հանգամանք, այնուամենայնիվ, կա. ժամանակին այդքան գովազդած «Արմենիկում» դեղամիջոցը վերջապես գտավ իր կիրառությունը: Ճիշտ է, այն չի փրկում մարդկանց «սպիդից», բայց կարող է կանխարգելել դաբաղը կովերի մոտ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել