Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵԾԵՐՆ ՈՒ ԲՈՄԺԵՐԸ՝ ԿՈՂՔ ԿՈՂՔԻ

Հունիս 19,2007 00:00

Կոմիտասի անվան այգին մատնված է անտարբերության

\"\"Պանթեոնի մուտքին որեւէ ցուցանակ չի հուշում, որ այստեղ ամփոփված են հայոց մեծերի աճյունները:

\"\"Պանթեոնում խնամված միակ տարածքը սա էր՝ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի գերեզմանը: Դրա մասին հոգ էր տարել ոչ թե պետությունը, այլ՝ նրա հարազատները:

\"\"Այստեղ ամփոփված են Սիլվա Կապուտիկյանի եւ Գոհար Գասպարյանի աճյունները, որոնց շուրջը ամայի էր:

\"\"Պանթեոնում կենդանի մարդիկ էլ էին հանգրվանել: Սերգեյ եւ Իրինա ամուսինները ծառի տակ մուշ-մուշ քնած էին: Նրանք իրենց գույքով (աջից) հանդերձ այգում են ապրում արդեն 1 տարի:

Կոմիտասի անվան այգու Պանթեոնը, որտեղ հանգչում են հայոց մեծերը, ամեն օր, հատկապես երեկոյան ժամերին, շատ այցելուներ է ունենում: Բայց Պանթեոն այցելելու նրանց նպատակը հանճարների հիշատակը հարգելը չէ: Բանն այն է, որ Պանթեոնի տարածքը զույգերի համար «նպաստավոր պայմաններ» ունի. բուսականությունը խիտ է, լուսավորություն չկա, բացի այդ, տարածքն այնպիսի անտարբերության է մատնված, որ այն վերածվել է բացօթյա մոթելի: Հաշվի առնելով, որ այնտեղ սիրաբանելու են գնում անգամ թանկարժեք մեքենաներով զույգեր, որոնք հանգիստ կարող էին օգտվել հյուրանոցային ծառայություններից, կարելի է ենթադրել, որ գերեզմանատանը այդ գործով զբաղվելը նրանց «էքստրիմալ» հաճույք է պատճառում: Երեկ մեր այցելության պահին էլ Պանթեոնի նստարաններին զույգեր կային, որոնք ներկայացնում էին բավականին «բաց տեսարաններ»: Հայոց մեծերի «ներկայությունը» նրանց ամենեւին չէր կաշկանդում:

Մեզ հետ զրույցում Պանթեոնի 30 տարվա աշխատակից Գրիշա Հունանյանը եւս հաստատեց, որ ինքը շատ հաճախ է ականատես լինում նման տեսարանների. «Նստում են նստարաններին ու իրար սիրում են, երբ նկատողություն եմ անում, ասում են՝ կյանքից հետ ես մնացել: Ասում են՝ սա այգի է, ինչ կուզենք կանենք: Ես էլ ասում եմ՝ սա զբոսայգի չէ, այլ Պանթեոն է: Բայց մեկ է՝ օգուտ չունի: Կանաչապատման աշխատողներն այնտեղ աշխատում են, ջահելներն էլ սիրաբանում են: Ամեն օր սերիալ է»: Գ. Հունանյանի խոսքերով, այժմյան երիտասարդները Պանթեոնի խորհուրդը չեն գիտակցում. «Երբ դպրոցներից բերում են Պանթեոն, երեխաները գաղափար անգամ չունեն ուր են եկել, շատերը չեն գիտակցում, որ Պանթեոն են մտնում, շատ հաճախ իրար ձեռ են առնում, իսկ երբ ես նրանց համար արտասանում եմ, ասում են՝ ոնց էլ էդքանը հիշում եք»: Պանթեոնի ճարտարապետ Ստեփան Քյուրքչյանի նախագծով գերեզմանատան տարածքը պետք է փակ լիներ եւ բացվեր միայն այցելուների համար: Սակայն հարակից տների բնակիչները, որոնց անցուդարձը Պանթեոնի տարածքով է, այդ նախագծի դեմ ըմբոստացել են: Արդյունքը բոլորի աչքի առաջ է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել