Այս հարցը կվճռվի հուլիսի 1-ին կայանալիք ընտրություններում
Հուլիսի 1-ին Արարատում կկայանան քաղաքապետի հերթական ընտրությունները, որոնց մասնակցելու հայտ են ներկայացրել 6 թեկնածուներ: Սակայն թեկնածուներից մեկը՝ Գրիգոր Ավետիսյանը, երեկ մեզ հայտնեց, որ հանում է իր թեկնածությունը եւ կոչ չի անելու քվեարկել որեւէ այլ թեկնածուի օգտին: Գրիգոր Ավետիսյանի մասին, ի դեպ, հաղորդվել էր, թե ՀՅԴ անդամ է, սակայն նա հայտնեց, որ անկուսակցական է:
Որպես ՀՅԴ անդամ էր ներկայացվել նաեւ մեկ այլ թեկնածու՝ Արարատի ինդուստրիալ-մանկավարժական քոլեջի փոխտնօրեն Հայկ Հայկյանը: Սակայն նա էլ հայտնեց, թե ՀՅԴ ընդամենը համակիր է: Մեզ լուրեր էին հասել, թե նա նախկինում ՀԺԿ անդամ է եղել, հետո՝ ՕԵԿ-ի, եւ դրանից հետո սկսել է համակրել Դաշնակցությանը: Սակայն Հայկ Հայկյանը պարզաբանեց, թե 1998-ին օգնել է Կարեն Դեմիրճյանին, հետո՝ ՕԵԿ-ին, բայց չի եղել ոչ այդ, ոչ էլ ՀԺԿ անդամ: Այլ հարցերի նա հրաժարվեց պատասխանել, հրավիրելով հարցազրույցի հուլիսի 2-ին՝ արդեն քաղաքապետարանում:
«Դուք էլ հավատո՞ւմ եք, հա՞»,- այսպես արձագանքեց մեկ այլ թեկնածու՝ Գագիկ Գասպարյանը, երբ նրան փոխանցեցինք, թե ըստ Հայկ Հայկյանի՝ ինքն ընդամենը համակիր է, դաշնակցական չէ: Գագիկ Գասպարյանը Արարատը ղեկավարել է 1991-2001-ին: Լուրեր կային, թե նրա թեկնածությունն այժմ պաշտպանում է «Դաշինքը», սակայն պրն Գասպարյանը հայտնեց, որ ոչ միայն անկուսակցական է, այլ նաեւ՝ «Ոչ մի ուժի չեմ դիմել, ոչ մի կուսակցություն էլ ինձ չի մոտեցել: Միշտ էլ անկախ եմ եղել»: Գագիկ Գասպարյանի միակ նախընտրական շտաբը երեկ կողպված էր. «Շտաբը ո՞րն է, ուղղակի երեկոյան հավաքվում ենք՝ ամփոփում, թե ով ինչ է արել»: Հայտնեց, թե բուկլետներ էլ չի տարածելու, քանի որ մարդիկ առանց այդ էլ գիտեն իր արած գործերը. «Ես իրենց ներկայացնելու ոչինչ չունեմ: Ինչ կամ՝ կամ: Հիմա կընտրե՞ն՝ կընտրեն: Չեն ընտրի՝ իրենք գիտեն»: Մեր նկատառմանը, թե այլք արդեն իսկ քաղաքապետարան հարցազրույցի են հրավիրում՝ այսպես արձագանքեց. «Դե, իրենք փողով են խոսում, փող են բաժանում, իրենք տերեր ունեն»:
Քաղաքապետի պաշտոնի համար պայքարում է նաեւ «Բարգավաճ Հայաստանի» Արարատի սկզբնական կազմակերպության ղեկավար Կարեն Խաչատրյանը: 33-ամյա այս երիտասարդը բավական հարուստ կենսագրություն ունի եւ արդեն հասցրել է ոչ միայն 7 տարի աշխատել Ռազմական ոստիկանության համակարգում ու 2005-ից Արարատ համայնքի ավագանու անդամ է, այլ նաեւ, ինչպես նշել է իր նախընտրական բուկլետում՝ «Գործունեությանս ընթացքում բազմաթիվ շփումներ եմ ունեցել տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ»: Այդ շփումները նրա մրցակիցներն այսպես են մեկնաբանում, թե Կարեն Խաչատրյանը նախ «Հանրապետություն» կուսակցության անդամ է եղել, հետո՝ ՀՀԿ-ի, հետո՝ ՕԵԿ-ի, հետո՝ ՀՅԴ-ի, եւ դրանից հետո նոր անդամակցել է ԲՀԿ-ին: «15 օրով եղել եմ Հանրապետական,- մեզ հայտնեց Կարեն Խաչատրյանը՝ հերքելով իր մնացած կուսակցական պատկանելությունների շուրջ ասեկոսեները:- Նույնիսկ ՀՀԿ անդամ էլ չեմ եղել՝ ընդամենը համագործակցություն է եղել»:
Արարատի գործող քաղաքապետ Հակոբ Թովմասյանը, որն այս պաշտոնում է 2001-ից՝ հրաժարվեց հարցազրույցից: Թերեւս պատճառն այն է, որ նա բավական նուրբ վիճակում է՝ ՀՀԿ անդամ է, սակայն նրան չի պաշտպանում կուսակցության Արարատի մարզային կազմակերպությունը: Ո՞րն է դրա պատճառը՝ այն, որ մայիսի 12-ի ընտրություններում ՀՀԿ-ն Արարատում ընդամենը 2086 ձա՞յն ստացավ, թե՞ Արարատի ցեմենտի գործարանի սեփականաշնորհումից հետո քաղաքին անցած մի շարք հաստատությունների (մշակույթի տուն, մանկապարտեզ, հրշեջ կայանի շենք) մասնավորեցման շուրջ դեռ վաղեմի տարաձայնությունները՝ պարզ չէ: Հակոբ Թովմասյանն առայժմ չի մասնակցում քարոզարշավին, եւ ինչպես մեզ փոխանցեցին նրա նախընտրական շտաբից՝ հանդիպումներ կանցկացնի ընտրություններից 10 օր առաջ միայն: 2001-ին Հակոբ Թովմասյանն ընտրվել էր՝ ստանալով ընտրությանը մասնակցած 7500 հոգու ձայների 87%-ը: 2004-ին նա արդեն ստացել էր 2 հազար ձայն: Ընդ որում, այն ժամանակ էլ նրա մրցակիցներից մեկն այն անձն էր, ում հիմա պաշտպանում է ՀՀԿ-ն:
Խոսքն Աբրահամ Բաբայանի մասին է, որը «Արարատ» էլեկտրացանցի պետն է, ԵԿՄ անդամ: 2004-ի ընտրությունների կեսից նա հանեց իր թեկնածությունը, եւ մեր հարցին՝ հնարավո՞ր է, որ այս անգամ էլ կրկնվի նույն սցենարը՝ պատասխանեց. «Ո՛չ: Այս անգամ գնալու եմ մինչեւ վերջ»: Նա իր քարոզարշավը սկսելու է այսօրվանից: Հարցին, թե որքա՞ն է գնահատում հաղթանակի իր հնարավորությունը՝ պատասխանեց. «Երբեք չեմ թերագնահատում իմ հակառակորդներին: Եվ ով էլ ընտրվի՝ կշնորհավորեմ: Բայց առայժմ դեռ շուտ է գնահատելը: Ես ուղղակի գալիս եմ աշխատելու՝ քաղաքի հանդեպ սրտացավ վերաբերմունքով: Արարատը վերջիվերջո պետք է տեր ունենա ու վերակառուցվի, քանի որ այս քաղաք կարծես չի հասել 21-րդ դարը: Արարատն այսօր շատ անմխիթար վիճակում է»:
Զրուցեցինք նաեւ արարատցիների հետ: Ներկայացնենք մեր ձայնագրած մի քանի կարծիքներ: «Հայկ Հայկյանի գործունեությանն այդքան էլ ծանոթ չեմ: Աբրահամ Բաբայանի գործունեությանը ծանոթ եմ եւ գիտեմ, որ իր խոսքի տեր մարդ է՝ եթե ասաց, կանի: Իսկ գործող քաղաքապետը, ճիշտն ասած, իրեն այդքան էլ ակտիվ չդրսեւորեց որպես քաղաքի տեր, իրեն չի արդարացրել: Միայն ակտիվ էր արվեստի, բայց ոչ՝ քաղաքը քաղաք դարձնելու տեսակետից: Կուզեի, որ քաղաքապետ լիներ Գասպարյան Գագոն՝ նրա ժամանակ Արարատը ակտիվ էր, աշխույժ, կյանք կար քաղաքում»: «Աբրահամ Բաբայանը դելավոյ, մարդկային եւ ավելի կուշտ տղա է: Ներկայիս քաղաքապետն էլ է շատ լավ տղա ու մեծ հնարավորություններ ունի հաղթելու: Մյուսներին չենք ճանաչում՝ Արարատում չերեւացող մարդիկ են»: «Բարձր եմ գնահատում Հայկյանին: Շատ խելացի ու հարմար թեկնածու է: Իսկ Հակոբ Թովմասյանը երկար տարիներ աշխատել է, ու արդյունքը… էն չի եղել քաղաքի համար»: «Աբրահամ Բաբայանն ամեն ինչ կարողանում է ստեղծել: Հետո՝ ծանոթ է քաղաքին: Գործող քաղաքապետն էլ ոչինչ՝ աշխատող է: Եթե բյուջեն հարուստ լինի՝ բոլորն էլ կկարողանան աշխատել»: «Մեր քաղաքապետարանում այժմ կարողանում ենք մեր հարցերը պարզել, քաղաքապետի մոտ մտնել: Իսկ վաղը-մյուս օրը կարող է այնպիսի մարդիկ գան, որ կսեփականացնեն՝ ինչպես այսօր են ուրիշ բաներ սեփականացրել»: Իսկ ամենաշատը մեզ զարմացրեց մի տարեց տղամարդու պատասխանը, որը հարցին, թե իր կարծիքով 5-6-ից ո՞վ ունի հաղթելու ավելի մեծ հնարավորություն, պատասխանեց. «Թեկնածուներից համարյա կեսը ենթակա է հաղթելու: Սաղն էլ մեր քաղաքի բնակիչներն են, բոլորի հաղթելու հավանականությունն էլ համարյա 50/50 է»:
Հ. Գ. Արարատի մարզպետի պարզաբանումը, թե ինչու որոշեցին պաշտպանել ոչ թե ՀՀԿ անդամ, այլ անկուսակցական թեկնածուին՝ վաղվա համարում: