Լրահոս
Օրվա լրահոսը

«ՄԵՆՔ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆԻ ՀԵՏ ԹՇՆԱՄԻՆԵՐ ՉԵՆՔ»

Հունիս 19,2007 00:00

\"\"Երեկ ՄԱԱ-ում Վահան Հովհաննիսյանը հայտարարել է, որ դաշնակցական նախագահը երկրի շահի համար ամենահարմարն է:

Մամուլի ազգային ակումբի երեկվա հյուրը ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանն էր, որը պատասխանելով հանդիպման թեմայի գլխավոր հարցին՝ չէ՞ որ նախագահական ընտրություններում Դաշնակցության՝ առանձին թեկնածուով հանդես գալու դեպքում հնարավոր են բախումներ գործընկեր Հանրապետականի հետ, ասել է. «Մեզ համար սա պայքարի ընդունելի ձեւ չէ: Ես չգիտեմ, դեռ կարծեմ չի որոշել, չէ՞, Հանրապետականը, թե ով է լինելու իր թեկնածուն: Դե, երբ որոշի՝ ավելի հստակ կդառնա, բայց ով էլ լինի, մենք Հանրապետական կուսակցության հետ թշնամի չենք: Մենք պարտնյորներ ենք, երկար ճանապարհ ունենք անցած եւ մենք ընդամենը մեր մոտեցումներն ունենք շատ եւ շատ հարցերի վերաբերյալ: Մենք տեսնում ենք այդ հարցերի այլ լուծումը»: Այդ հարցերի թվում նա նշել է սոցիալական ոլորտը, կոռուպցիայի դեմ պայքարը եւ այլն: Վահան Հովհաննիսյանը կարծես հենց Հանրապետականի համար սարսափելի չի համարում այն, որ երկրի նախագահը հանկարծ կլինի ոչ հանրապետական. ըստ նրա, եթե նախագահը լինի ոչ հանրապետական, ապա վախենալու բան չկա, քանի որ, այսպես կամ այնպես, խորհրդարանն արդեն մեծ մասամբ հանրապետական է. «Այլ հարց է, որ միեւնույն ժամանակ թե նախագահն է հանրապետական, թե խորհրդարանը: Այդ ժամանակ հակակշիռները չեն լինում, եւ նժարը կարծես թե կորցնում է հավասարությունը: Այդ իմաստով ես կարծում եմ, որ պետք է մտածել նաեւ ոչ թե քաղաքական կոնկրետ շահի, այլ երկրի շահի մասին: Ես որեւէ կասկած կամ մտավախություն այդ կապակցությամբ չունեմ: Ի վերջո, ով ուզում է, թող ընտրվի: Հայաստանում արդեն կան մեխանիզմներ, որոնք թույլ չեն տա դեպի դիկտատուրա երկրի գլորվելը, սակայն, իմ կարծիքով, դեռ այդ մեխանիզմներն այդքան կատարելագործված չեն: Դրանք կատարելագործելու համար դաշնակցական նախագահը, կարծում եմ, ամենահարմարն է»,- ասել է Վահան Հովհաննիսյանը:

Լրագրողները նաեւ հետաքրքրվել են, թե ինչու ընտրությանը ՀՀԿ-ին բացարձակ մեծամասնություն տված հասարակությունը (եթե, ըստ պարոն Հովհաննիսյանի, դա այդպես է) պետք է հանկարծ որոշի չընտրել հանրապետական թեկնածուին, առավել եւս, երբ, Դաշնակցության գնահատմամբ, խորհրդարանի ընտրությունը եղել է ազատ եւ արդար: «Ես շատ ուրախ եմ, որ մեր ընտրությունները բարձր են գնահատվել, բայց նաեւ մենք ունենք որոշ առանձնահատկություններ մեր երկրում, որտեղ քվեարկողը ու քվեն դա նույնը չեն»,- այսպես է պատասխանել Վահան Հովհաննիսյանը: 2008 թվականի ընտրության հետեւանքով քաղաքական վերադասավորումներ Վահան Հովհաննիսյանը չի սպասում, ասելով, որ վերադասավորումները լինում են խորհրդարանի ընտրության հիման վրա, ինչն արդեն անցել է: Բայց եթե վերադասավորումներ ասելով նկատի ունենանք խմբակցությունից խմբակցություն անցումը, որը ժամանակակից հայոց լեզվում կոչվում է «առնետավազք», ապա Վահան Հովհաննիսյանը դա չի բացառում: Թեեւ վերադասավորման մասին ԱԺ փոխնախագահը տվեց հետեւյալ, փոքր-ինչ մշուշապատ մեկնաբանությունը. «Վերադասավորումը կարող է տեղի ունենալ, առաջին հերթին, բոլորին օրենքի առաջ հավասարեցնելու ճանապարհով: Հայաստանում այսօր դասավորումը հիմնականում օրենքի նկատմամբ է, քաղաքական դասավորումներ ունեն որոշ քաղաքական ուժեր, որոնք իրենց գաղափարական հակամարտության մեջ ապագան են տեսնում, բայց, այսպես ասած, վերնախավը մեր երկրի հիմնականում բաժանված է օրենքի նկատմամբ իր վերաբերմունքով, որովհետեւ գաղափարն այստեղ տեղ չունի: Ով օրենքի առաջ հավասար է, իսկ ով մի քիչ ավելի հավասար է: Սա է վիճակը: Եթե բոլորին միանգամից հավասար դարձնես, իսկապես հավասար, ապա այդ ժամանակ նոր միայն տեղի կունենա իսկական վերադասավորում»:

Մամուլի ազգային ակումբում երեկ խոսք գնաց նաեւ Ղարաբաղում սպասվող նախագահական ընտրությունների մասին: Վահան Հովհաննիսյանը նկատել է, որ չի կարելի համեմատել Հայաստանի եւ Ղարաբաղի նախագահական ընտրությունները. «Ղարաբաղում պայմանները բոլորովին տարբեր են: Եվ եթե ինչ-որ մարդիկ, ասենք, ղարաբաղյան նախագահական ընտրությունները դարձնում են համաշխարհային կարեւորության քաղաքական միջոցառում, ապա մենք գտնում ենք, որ Ղարաբաղի անվտանգությունը պահպանելու հարցը ոչ միայն Ղարաբաղի նախագահի անձից եւ մոտեցումներից է կախված: Այն մեծապես պատրաստվում է այստեղ եւս: Այ, տարբերությունը սրա մեջ է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել