Էլիստայում ավարտված շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար հավակնորդների մրցաշարում, որն անցկացվեց երկու փուլով, գրոսմայստերներ Լեւոն Արոնյանը (Հայաստան), Պետեր Լեկոն (Հունգարիա), Բորիս Գելֆանդը (Իսրայել) եւ Ալեքսանդր Գրիշչուկն այս տարվա սեպտեմբերին Մեքսիկայում ռուսաստանցիներ Վլադիմիր Կրամնիկի, Պյոտր Սվիդլերի, Ալեքսանդր Մորոզեւիչի եւ հնդիկ Վիշվանաթան Անանդի հետ միասին շախմատային թագը երկու շրջանով վիճարկելու իրավունք նվաճեցին:
Հավակնորդների մրցաշարից առաջ մասնագետները Մեքսիկայի ուղեգիր նվաճելու անվիճելի ֆավորիտ համարում էին Արոնյանին: Ու հայ գրոսմայստերն ապացուցեց, որ նրանք չէին սխալվում: Ճիշտ է, նորվեգացի Մագնուս Կարլսենին պայքարից մեծ դժվարությամբ դուրս թողնելուց հետո ոմանք սկսել էին արդեն որոշ վերապահումներ անել: Նրանցից էր Պյոտր Սվիդլերը: Նա երկրորդ փուլի Արոնյան-Շիրով մրցամարտից առաջ, մասնավորապես, ասել էր հետեւյալը: «Այս զույգն ամենաանհասկանալին է: Ես մտածում էի, թե Լյովան այդ պատանուն ավելի հեշտ կհաղթեր: Երկու շաբաթ առաջ առանց վարանելու կասեի, թե Արոնյանը Շիրովի հետ մրցամարտի անվերապահ ֆավորիտն է: Սակայն նրա՝ եզրափակիչ մրցափուլ այդքան դժվար անցնելուց հետո, ավելի ճիշտ կլինի ձեռնպահ մնալ կանխագուշակումներում ոգեւորվելուց: Հասկանո՞ւմ եք, անհրաժեշտ է հաշվի առնել մարզավիճակը կոնկրետ պահին, այլ ոչ թե երկար ժամանակահատվածի կտրվածքով: Դժվար է ասել, թե ինչ կլինի: Մրցամարտի շարունակությունն ինձ համար ավելի անորոշ է, քան առաջ էր»:
Այդուհանդերձ, հայ շախմատիստը երկրորդ փուլն անցավ ավելի հեշտ, առանց թայբրեքի, հաղթելով 3,5:2,5 հաշվով: Ինքը՝ Արոնյանը, բավարարված է արդյունքից: Սակայն այնքան էլ գոհ չէ ցուցադրած խաղի որակից: Այդ մասին նա բարձրաձայն ասել է լրատվամիջոցներին՝ նշելով նաեւ, որ բախտն ինչ-որ տեղ բերեց, երբ Շիրովը չկարողացավ հաղթել չորրորդ պարտիայում, երբ դրա համար խաղատախտակի վրա ստեղծվել էին բոլոր պայմանները:
Չնայած կրած պարտությանը, իսպանահպատակ Ալեքսեյ Շիրովն իրեն արժանապատիվ պահեց՝ «Մայակ» ռադիոկայանին հայտարարելով. «ՖԻԴԵ-ի գավաթակիր Լեւոն Արոնյանն արժանի հաղթանակ տարավ մեր մրցամարտում: Նա պետք է հաղթեր նաեւ երրորդ պարտիայում: Իսկ ինչ վերաբերում է ինձ, ամեն բան փչացրի հենց առաջին պարտիայում: Այնտեղ բավականին հեշտ ոչ-ոքի կարելի էր անել: Չգիտեմ, թե ինձ հետ ինչ եղավ եւ ես այն չտեսա: Չորրորդ պարտիայում ես հաղթանակի լավ հնարավորություն ունեի մինչեւ վերջին պահը: Բայց, ցավոք, ժամանակի սղության պատճառով անհրաժեշտ քայլը չգտա: Լեւոնը շատ լավ էր պաշտպանվում ու հասավ իրեն բավարարող ոչ-ոքիին»: