Լրահոս
Օրվա լրահոսը

Արտերկրում ավելի լավ է ներկայացվում մեր կինոն

Հունիս 18,2007 00:00

\"\"Երեկ նման կարծիք հայտնեցին կինոյի մարդիկ

Մայիսի 5-31-ը Գերմանիայում անցկացվեց «Կարոտ» խորագրով հայկական կինոյի առաջին հետահայաց ցուցադրությունը: Միջոցառումը կազմակերպվել էր գերմանական ART COMBAT TRANSNATIONAL (ACT) կազմակերպության, Եվրոպական մշակութային խորհրդարանի, Հայաստանի ազգային կինոկենտրոնի եւ «Ոսկե ծիրան» փառատոնի կազմկոմիտեի նախաձեռնությամբ:

Բեռլին մեկնած հայ կինոռեժիսորներն ու կինոգետները երեկ հրավիրված ասուլիսում ամփոփեցին այդ ցուցադրության արդյունքները: Գերմանիայում կազմակերպված փառատոնի ժամանակ, կինոգետ Գարեգին Զաքոյանի մեկնաբանությամբ, ներկայացվել է 20-30 հայկական ֆիլմ: Արտասահմանցի մասնագետների մասնակցությամբ կազմակերպվել են նաեւ հասարակական քննարկումներ հայ կինոյի պատմությունը եւ ցեղասպանության հետքերը, Գերմանիայի մասնակցությունը ցեղասպանությանը, կինոարվեստ եւ արտաքսում թեմաներով: «Ցուցադրվեցին հայ կինոյի լավագույն նմուշներ՝ «Նամուսից» սկսած մինչեւ մերօրյա ֆիլմեր: Այնպես որ, մեր կինոյի գրեթե ողջ պատմությունը ներկայացվեց եվրոպացիներին: Նրանց արձագանքն էլ էր մեծ, քանի որ վերջին օրերին դահլիճում կանգնելու տեղ անգամ չկար: Իսկ քննարկումների ընթացքում օտարերկրացիների հարցերի շրջանակը կինոյի ոլորտից հաճախ տեղափոխվում էր հայոց ցեղասպանության դաշտ»,- պատմեց Գ. Զաքոյանը:

Հայ կինոյի օրերին մասնակցել են նաեւ թուրք լրագրողներ եւ հանդիսատեսներ: «Ծրագիրն ինքնին քաղաքական բնույթ ուներ, սակայն թուրքերի կողմից կատարված արտառոց քայլեր չգրանցվեցին: Մեր հայրենակիցներն էին ոգեւորված, կային նույնիսկ այնպիսիները, ովքեր հայ կինո ընդհանրապես չէին տեսել»,- նկատեց պրն Զաքոյանը: Կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանն էլ թվեց այն երկրները, որտեղ հասցրել են ցուցադրել մեր կինոն՝ Արգենտինա, Ֆրանսիա, Իտալիա, Ճապոնիա:

Մյուս տարի այդպիսի ցուցադրություններ կկազմակերպվեն նաեւ Լեհաստանում, Չեխիայում եւ այլ երկրներում: «Հայկական կինոն պահանջարկ ունի: Այն մարդիկ, ովքեր շարունակ պնդում էին, թե հայ կինոն սպառված է, ռեժիսորներ չունենք՝ հիվանդ ներշնչանքներով էին ապրում, սատանայություն ու թշնամություն անում»,- ավելացրեց նա:

Երեկ մասնագետները փաստեցին, որ հայ կինոն մեզանում լավ չի պրոպագանդվում: Կինոռեժիսոր Միքայել Դովլաթյանն էլ հավաստիացրեց, որ մինչեւ կինոյի մասին օրենք չունենանք՝ այդ հարցերը չեն լուծվի. «Նախանձով եմ նայում Ռուսաստանին: Այնտեղ ոչ միայն կինոն գովազդում են, այլեւ կինոյի նկարահանման գործընթացը հասարակության համար տոն դարձնում: Իսկ մենք նույնիսկ կինոյի մասին օրենք չունենք: Ամեն անգամ կինոյի մասին օրենքի նախագիծը ներկայացնում ենք խորհրդարան ու մերժվում»: Կինոռեժիսոր Արմեն Մկրտչյանն էլ իր գործընկերոջը լրացնելով ասաց. «Շատերը պնդում են, թե կինո չունենք: Դա այդպես չէ: Ուղղակի մեր կինոթատրոնները վաճառվեցին, ու հայ կինոն չենք կարողանում լավ ներկայացնել: Կինոթատրոնները բիզնեսով են զբաղված, ուստի հայ կինոյի ցուցադրության միակ միջոցը մնացել է հեռուստատեսությունը»: Թերեւս այս կարծիքից էլ բխում է այն հարցի պատասխանը, թե ինչու, երբ Սառնաղբյուր գյուղում ցուցադրվել է այդ գյուղում նկարահանված մի ֆիլմ, գյուղացիները դա հրաշք են համարել: «Չէին պատկերացնում, որ պատի վրա էլ կարելի է կինո նայել»,- պատմեց «Հայաստանի ազգային կինոկենտրոնի» տնօրեն Գեւորգ Գեւորգյանը: Վերջինս ողջ ասուլիսին խոսեց կենտրոնի նկարահանած ֆիլմերի, հետագա ծրագրերի մասին: «Թյուր եմ համարում այն կարծիքները, թե հայֆիլմը վաճառված է: Այն այժմ ազգային կինոկենտրոնի տեսքով եւ ավելի մեծ հնարավորություններով է գործում: Թյուրիմացություն է նաեւ մեզ մեղադրելը, թե անցյալ 15 տարիների կյանքն արտացոլող ֆիլմեր չենք նկարահանում: Այդպիսի 90 անուն ֆիլմ ենք նկարել»,- վստահեցրեց Գ. Գեւորգյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել