Լրահոս
Օրվա լրահոսը

Փոքրիկ երգիչները՝ Վարդենիսում

Հունիս 18,2007 00:00

Տիգրան Հեքեքյանի ղեկավարած երգչախումբը սիրով հանդես եկավ անգամ հոսանքազրկված դահլիճում

Մեր օրերում, երբ մշակութային կյանքն առավել կենտրոնացած է մայրաքաղաքում, ժողովրդական ու դասական ակունքների վրա հիմնված երգարվեստի ներկայացումը մարզերում, հիրավի, նշանակալից իրադարձություն է՝ հոգեւոր արժեքների վերադարձի եւ մշակութային կյանքի ակտիվացման առումով: Այս նպատակին էր ծառայում «Քաղաքացիական հասարակության ցանց» ծրագրի շրջանակներում օրերս Վարդենիսի մշակույթի տանը կայացած համերգը: Այստեղ առաջին անգամ ելույթ էին ունենում միջազգային մի շարք հեղինակավոր մրցույթների դափնեկիր «Հայաստանի փոքրիկ երգիչները»: Համերգին ներկա էին Գեղարքունիքի մարզպետարանի, Վարդենիսի եւ Մարտունու քաղաքապետարանների ներկայացուցիչներ, արվեստասերներ՝ մարզի տարբեր տարածաշրջաններից, ինչպես նաեւ՝ հայոց բանակի զինվորներ:

«Սիրով ենք եկել Վարդենիս եւ մտադիր ենք, ընդհանրապես, այս տարի՝ մեր 15-ամյակի կապակցությամբ, հնարավորինս շատ գնալ սահմանամերձ շրջաններ: Կարծում եմ, որ մեր պետության վարած քաղաքականության ամենամեծ վրիպումն էր եւ սխալը, որ այդքան մեծ տարբերություն ունենք փոքր քաղաքների, գյուղերի եւ մայրաքաղաքի միջեւ: Չէի ասի, թե մայրաքաղաքը հոգեւոր առումով առանձնապես հարուստ է. այնտեղ որոշակի խավ կա ընդամենը, որը կիրթ է, հոգեւոր արժեքներով է ապրում: Ժողովրդին պետք է կրթել, որովհետեւ նա չի կարող ինքնիրեն կրթվել»,- մեզ հետ զրույցում ասաց «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Տիգրան Հեքեքյանը: Աշխարհի տարբեր բեմերում դափնիներ նվաճած երգչախումբը՝ անվանի արվեստագետի գլխավորությամբ, նույնիսկ հոսանքազրկված կիսախավար դահլիճում կարողացավ փայլուն ելույթ ունենալ: «Ես ուղղակի ցավ եմ ապրում, երբ մեր հանրապետությունում գնալով կյանքը լավանում է՝ դղյակներ են կառուցում, շքեղ մեքենաներ երթեւեկում, բայց հոգու տաճարն է սնանկանում… Այ, սրա մասին պիտի մտածեն ոչ միայն իշխանությունները, պետությունը, ղեկավարող կուսակցությունները, այլ մենք՝ ինքներս, ամենքս մեր զավակին, աշակերտին կրթելով»,- նշեց պրն Հեքեքյանը:

Երգչախումբը գտավ իր ունկնդրին. ապացույցը՝ բազմաթիվ ծաղիկներն ու ծափողջույններն էին, որոնք առավել ուժգին էին հնչում Հայոց բանակին նվիրված երգի հանպատրաստից կատարումից հետո: Վարդենիսցի հանդիսականները, մեզ հետ կիսելով իրենց տպավորությունները, նշում էին, թե երգչախմբային երաժշտություն իրենց քաղաքում տասնամյակներ առաջ էին լսել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել