Մտորումներ գիտնականների ու պետության հարաբերությունների մասին
Գիտության պատվիրատուն այսօր պետությունն է, որը տարեկան մոտ 16,4 մլն դոլարի «աշխատանք» է պատվիրում հայկական գիտությանը: 6,5 հազար գիտության մարդ ուշադիր նայում է այս գումարին: Պատվիրատուն՝ պետությունը, սակայն, մասնագիտացած չէ գիտական գործերում եւ այս պատճառով միջնորդի կարիք ունի: Միջնորդներն են ԳԱԱ-ն, ԿԳ եւ նույնիսկ առեւտրի նախարարությունը: Օրինակ, Երեւանի ֆիզիկայի ինստիտուտը (ԵրՖԻ) պատկանում է վերջինիս: Երեւի չկա ուրիշ մի երկիր, որտեղ էլեկտրոնային արագացուցիչը գտնվի առեւտրի համակարգում: Փաստ, որ «ազգային» հպարտությամբ կարելի է գրանցել Գինեսի ռեկորդների գրքում: Հարցն այն չէ, թե գիտության կառավարման փողերը, որոնք նույնպես հատկացնում է պետությունը, կմնան առեւտրի նախարարության տրամադրության տակ: Ավելի տխուր փաստ է այն, որ ժամանակի հզորագույն հայկական գիտական օջախներից մեկն այժմ «կառավարվում» է առեւտրի բնագավառի «նվիրյալների» կողմից: Եվ բնական է, որ նման կառավարման պայմաններում ԵրՖԻ-ի անշարժ գույքը պետք է անընդհատ պակասեր, իսկ աշխատակիցների «աղքատավարձը» մնար ամենացածրը՝ ոչ միայն գիտական, այլեւ բոլոր հիմնարկների շարքում: Դե, «կոմունիզմի էլեմենտներով դեմոկրատական ֆեոդալիզմը» թույլ է տալիս նման վերաբերմունքի անպատիժ կիրառումը: Ի՞նչ անել: Այս հարցը հուզում էր ոչ միայն Չերնիշեւսկուն: Ինչպե՞ս կարգավորել պատվիրատու-միջնորդ-կատարող եռակողմ հարաբերությունները, որպեսզի պատվիրատուի գումարները հասնեն իրական կատարողին: Չկա վերահսկում ո՛չ պատվերի տեղավորման, ո՛չ էլ կատարման որակի: Խեղկատակություն հիշեցնող երկու գործընթացի պատասխանատուն էլ «միջնորդ» կողմն է: Նմանակելով միանգամից մի քանի երկրների համակարգերը, մերոնք հնարել են պատվերը տեղավորելու (այն է՝ փող բաժանելու) երեք հիմնական ձեւ: Առաջին. բազային ֆինանսավորում: Տրվում է ինստիտուտի տնօրենին: Ենթադրվում է, որ պետք է ներկայացված լինի ինչ-որ միասնական (նույն գիտական ուղղորդվածությունն ունեցող) ծրագիր, որի կատարողը կոլեկտիվն է, իսկ պատասխանատուն՝ տնօրենը: Երկրորդ. նպատակային ֆինանսավորում: Տրվում է մի քանի կազմակերպության՝ համատեղ աշխատանքներ կատարելու համար: Երրորդ. թեմատիկ ֆինանսավորում: Տրվում է խմբերին, լաբորատորիաներին՝ կոնկրետ աշխատանքների համար:
Մեզանում, միայն իրեն հայտնի տրամաբանությամբ, միջնորդը որոշում է ֆինանսավորել մեկ հոգանոց թեմատիկ փորձարարական աշխատանքներ: Այսինքն՝ մեկ մարդու (թող որ ամենատաղանդավոր եւ աշխատասեր) տալով 25000 դրամ աշխատավարձ եւ ոչ մի դրամ՝ նյութերի ու սարքերի համար, պետությունը պատվիրում է գիտական աշխատանք, որի կարիքն ունի: Հավատա՞մ, որ մի հոգին, առանց նյութերի ու նոր սարքերի, գրականության ու գիտության համար անհրաժեշտ այլ բաների, կարող է որակյալ աշխատանք անել: Նման գործարքի մեջ, իմ կարծիքով, թե միջնորդը, թե կատարողը հոգեբույժի կարիք ունեն: Մանավանդ՝ 25000 դրամը ապրելու փող չի եւ դրա դիմաց արված աշխատանքն էլ ոչ մեկին պետք չէ: Տեղի է ունենում փողերի անիմաստ մսխում: Միջնորդ կողմը (հիշեցնեմ՝ ակադեմիա, նախարարություններ՝ իրենց հանձնաժողովներով) նման անհեթեթ զբաղմունքը քողարկում է կեղծ մարդասիրությամբ՝ բա գիտե՞ք, բոլորն էլ մարդ են, ո՞նց կրճատենք, ստիպված, ելնելով մարդասիրությունից…… Կատարողն էլ, որը պարապուրդի ու էլի հազար ու մի պատճառով որակազրկվել, ընդհուպ մոտեցել է «չինովնիկների» մակարդակին՝ ետ չի մնում: Կամայական թեմատիկ աշխատանքի տարեկան հաշվետվություն է գնում մոտավորապես հետեւյալ սցենարով:
– Ի՞նչ ես արել մեկ տարում:
– Ոչինչ:
– Ապրես, տղա ջան, նստիր: Հաջորդը: Դո՞ւ ինչ ես արել:
– 20 հոդված եմ տպագրել լավագույն ամսագրերում:
– Ապրես, տղա ջան, դու էլ նստի:
Ու չես հասկանում, թե ով է ավելի բարոյական, նա՞, ով ամսական 25000 դրամով ոչինչ չի արել, թե՞ նա, ով նույն գումարով տպագրել է անհամար գործեր: Մի բան է պարզ, որ այս ստահոդ եւ անիմաստ հարաբերությունները պատվիրատու-միջնորդ-կատարող եռյակի մեջ ինչ-որ մեկին ձեռնտու են: Ու՞մ: Հարց, որի պատասխանը ծանր հետեւանքներ պետք է ունենա մի պարզ պատճառով՝ մսխվում են հայաստանցի հարկատուների փողերը: Կատարողները (գիտության մարդիկ) 6,5 հազար հոգի են: Թիվ, որը կասկածելի է: Ներկա – բացակա էլ չեք կարող անել: Կադրերի ցուցակներին (որոնք նույնպես գաղտնի փաստաթղթեր են) ծանոթանալու առաջին իսկ պահից հասկանում ես, որ «Մեռած հոգիները» (հեղինակ՝ ոչ հայազգի Ն. Գոգոլ) անմահ գործ է եւ չիչիկովներ միշտ էլ կգտնվեն: Իսկ սոցիալական կազմը… Լիկբեզ ավարտած, «կրասնի պրոֆեսուրայով» անցած ականավոր գիտնականներից մինչեւ բանակից ու ֆիզիկական աշխատանքից խուսափելու պատճառով գիտությունների թեկնածուներ: Առաջինները բնական մարազմի, իսկ վերջինները՝ բնական տհասության պատճառով չեն կարող կրկնել նույնիսկ իրենց կատարած աշխատանքների անունները: Եթե սրան ավելացնենք այն աղմուկը, որը փող փախցնելու համար բարձրացնում են մի խումբ ստահակներ՝ «ազգի գենոֆոնդը անխնա ոչնչացումից փրկելու» պատրվակով, պարզ կդառնա, որ կատարողների (գիտնականների) մի ստվար հատված գոհ է գիտության մեջ տիրող իրավիճակից: Ոչինչ չանելով ինչ-որ բան ստանում են, տանը չեն նստում, բանակ չեն գնում, ձեռքի հետ էլ ինչ-որ մանր-մունր բաներ (ուրիշ բնագավառում) անելով գլուխ են պահում: Ռեալ աշխատող մարդկանց, էլ չեմ ասում գիտության նվիրյալներին գտնելը՝ գնալով դառնում է անհնար: Իսկ նրանք, հավատացեք, կան բոլոր տարիքային խմբերում:
Միջնորդ կողմի շահն ուրիշ է: Փող բաժանողը մի ուրիշ հարգանք ունի մեր իրականության մեջ: Պատահական չէ, որ իրար «փոր են թափում» այս պատվաբեր կոչման համար: Ակադեմիայի կարգավիճակի մասին բոլոր «խոշոր» մտքերի հիմքը ոչ թե գիտական առաջնահերթությունները որոշելն է, այլ՝ ավելի պարզ միտք՝ թողեք մի քիչ էլ ես փող բաժանեմ:
Մի անգամ ականատես եմ եղել այս թեմայով անհեթեթության գագաթնակետին. միջին տարիքի երկու գիտնական, որոնք բարձր պաշտոններ եւ կոչումներ ունեն, լուրջ դեմքով քննարկում էին այլընտրանքային գիտությունների ակադեմիա բացելու տարբերակը: Կհարցնեք՝ ինչո՞ւ: Ճիշտ է՝ փող բաժանելու: Ինչպես վերը նշեցի՝ «ապրես, տղա ջան, նստիր» սկզբունքով:
Պատվիրատուն՝ պետությունը, այս հարաբերությունների մեջ ավելի շատ «էպիկական հերոս» է: Մի կողմից՝ իսկապես գաղափարներ, որոնց բարձր արժեքները կասկածի տակ չեն կարող վերցվել: Բայց մյուս կողմից՝ այս գաղափարները կրողներին նայելիս եւ լսելիս հավատս չի գալիս, թե իշխանության երեք ճյուղերում կարող ես գտնել բավականաչափ թվով մարդ, որոնց հետաքրքրում է Հայաստանի գիտության վիճակը:
Դարձյալ նույն համառ հարցը՝ «ի՞նչ անել»: Հասկանալի է, լուծումներ գտնելը դյուրին գործ չէ, ոչ էլ մի հոգու զբաղմունք: Այսօր անգամ լուծումներ գտնողին ունենալն է կյանքի հրամայական: Եվ ոչ թե ինչ-որ հանձնաժողովների տեսքով, որոնց իրավունքներն ու պատասխանատվությունը ոչ ոք չի սահմանում եւ դրանք հիմնականում կազմվում են մարդկանցից, որոնք ընդհանրապես ասելիք չունեն: Պետք է ունենալ առանձին կազմակերպություն՝ նախարարության կարգավիճակով, որի պատասխանատվությունն ու իրավունքները հստակ լինեն: Որ հասկանալի լինի, թե գործը տապալելիս ով պետք է պատժվի: Գոյություն ունեցող ԿԳ նախարարությունն ավելի շուտ ավարտական եւ ընդունելության քննություններ կազմակերպելու պետպատվեր ունի: Գիտություն բառը պետք է հանվի այս գերատեսչության անվանումից: Սպասել, թե «մանկապատանեկան սեկցիաներ» բացելով Ակադեմիան երբ կուժեղանա՝ ժամանակ չկա: Ըստ իս, անհրաժեշտ է բացել նոր՝ գիտության նախարարություն՝ գոյություն ունեցող բոլոր ինստիտուտները մտցնելով այդ համակարգի մեջ: Անհրաժեշտ է աշխատանքը սկսել ներկա – բացակայից, ռեսուրսների (մարդկային եւ նյութական) հաշվառումից, որովհետեւ՝ չիմանալով թե ինչ ունես, ինչն ես ուզում փրկել՝ անհնար է գիտություն զարգացնել: Առանց կոնկրետ պատասխանատուների եւ սահմանված պատիժների, դժվար թե հնարավոր լինի զարգացնել մի ուղղություն, որի տապալումը մեզ ոչ ոք չի ների:
Սասուն Գեւորգյան