Լրահոս
Օրվա լրահոսը

Ոչ թե շոու, այլ հեռուստաբիզնես ունենք

Հունիս 18,2007 00:00

Երեկ հայտարարեցին «Արձագանք» խմբի անդամները

«Ուրբաթ» ակումբի հյուրերն էին «Արձագանք» խմբի անդամներ Արտավազդ Բայաթյանն ու Եղիշե Պետրոսյանը: Նրանց զրույցի թեման երգարվեստում տիրող վիճակն էր:

Հիշեցնենք, որ «Արձագանքը» ստեղծվել է 1969 թվին, սակայն 17 տարի է, ինչ շոու-բիզնեսում է: Հատկապես վերջին տարիների պասիվությունը Ե. Պետրոսյանը բացատրեց իրենց ժամանակի եւ ուժերի հաշվին՝ երիտասարդ երգիչներին «ոտքի հանելով»: «Ժամանակին երգարվեստը հայկականացնելու պահանջ կար՝ շատերը խորշում էին հայերեն երգելուց: Եթե այսօր գոյություն ունի երաժշտական կայուն հայկականացված մթնոլորտ, ապա դրա սերմերը նաեւ մենք ենք ցանել»,- ասաց նա: Ա. Բայաթյանն էլ խոսելով նախկինում հաղթահարած խնդիրներից, ասաց. «Երաժշտություն ստեղծելու համար անցել ենք հնարավոր բոլոր տառապանքների միջով: Ժամանակին մասնակցում էինք համամիութենական փառատոների, սակայն հեռուստատեսության մասին երազել անգամ չէինք կարող, ձայնագրվելու իրավունք էլ չունեինք: Ահա թե ինչու ստեղծեցինք «Արձագանք» ձայնագրման ստուդիան»: Ե. Պետրոսյանը փաստեց, որ երիտասարդներն այսօր չգիտեն «Արձագանքի» մասին, եւ դրանում մեղավոր է նաեւ հեռուստատեսությունը. «Մեր TV-ներն ու ռադիոները անշնորհք են, որովհետեւ չունեն կամ չեն ցուցադրում արխիվային նյութեր: Այժմ ե՛ւ հեռուստատեսությունում, ե՛ւ ռադիոյում աշխատում են երիտասարդներ, որոնք եկել ու DJ-ական իրավիճակներ են ստեղծել»: Բանախոսը նաեւ ավելացրեց, որ «Արձագանք» խումբը անկախ է բոլոր առումներով. «Ոչ մեկի կուսակցությունից չենք, ոչ մեկի դրոշի ետեւից չենք վազում: Դրա համար էլ մեր անկախությունից թե՛ հաճույք ենք ստանում, թե պատժվում»: Ա. Բայաթյանի ձեւակերպմամբ էլ. «Հեռուստատեսությամբ անընդհատ «յուրայիններին» ցուցադրելով՝ աստղ են դարձնում: Այսօր մենք ոչ թե շոու, այլ հեռուստատեսային բիզնես ունենք ընդամենը… Դաշտը գորշ է, որովհետեւ նույն ձայնն է հնչում, նույն դեմքը տարբեր պոզաներով ցուցադրվում, ինչն էլ պոռնոգրաֆիայի է վերածվում, որը հաճախ հանդիպում ենք բոլոր TV-ների ու ռադիոների եթերներում»: Նա հիշեց, որ անցյալ տարի կայացած իրենց մենահամերգը ոչ բոլոր հեռուստաալիքներն են համաձայնել ցուցադրել. «Հեռուստաալիքներից մի մասը սիրով համաձայնեց, իսկ Հ1-ը այդպես էլ այո չասաց: Մեծ հաճույքով կարող են 3 ժամ պապուասների համերգ ցույց տալ, որն իրենց համար ավելի լավ է, քան մեր արվեստագետներինը: Իսկ սա մուտանտի գաղափար է»:

Բայաթյանն անդրադարձավ նաեւ համատարած ռաբիսացմանը. «Մարդիկ այսօր ռաբիս դուետներ են երգում եւ դեռ մրցանակներ ստանում: Մեզ մոտ լավ վաճառվող են նաեւ հայրենասիրական երգերը՝ բոլորը միանման, տխմար խոսքերով: Լսելիս զարմանում ես՝ մի՞թե մարդու սերն էլ կարող է տրաֆարետային դառնալ: Երգելիս մի 55 հոգով են երգում՝ մեկը մեկին «պաս» տալով, վերջում էլ ընկնում են հիստերիայի մեջ»: Խմբի անդամները հիշեցրին, որ ժամանակին շատերին են աջակցել: «Օրինակ, երգահան Մարտին Ահարոնյանին առաջինը մենք ենք ասպարեզ տրամադրել, Ջիվան Գասպարյանի նման աշխարհահռչակ դուդուկահարի առաջին տեսահոլովակն ենք նկարահանել, ռեժիսոր Հրաչ Քեշիշյանին էլ ենք կլիպ նկարահանելու հնարավորություն տվել»,- ասաց Ա. Բայաթյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել