Մարմնի նկարչության երեւանյան մրցույթը անակնկալներ է խոստանում
$1000, արտերկրի 7-օրյա ուղեգիր եւ ֆոտոսեսիայի մասնակցության իրավունք: Այս մրցանակն է սահմանել «Միսս տատու 2007»-ին «GSB» ընկերությունը, որն այս տարի ստանձնել է մրցույթի անցկացման իրավունքը: Մինչ այդ, 2003 թվականից, այն կազմակերպել եւ իրականացրել է «Տատու արտ քլաբը»: «Միսս տատու 2007»-ն անցկացվելու է երկու փուլով՝ հունիսի 20-21-ին «Ռելաքս» ակումբում եւ «Արարատ գոլֆ» բացօթյա սրահում: Կհրատարակվի նաեւ հաշվետու ամսագիր, ուր կամփոփվեն մրցույթի բոլոր աշխատանքները, կներկայացվեն հարցազրույցներ մասնակիցների, կազմակերպիչների եւ նախորդ մրցույթների հաղթողների հետ:
Մրցույթի մասնակցության հայտերն ընդունվել են մինչեւ հունիսի 15-ը: Ընկերության նախագահ Գարիկ Բարսեղյանի խոսքով՝ դիմելու հնարավորություն ունեին 18 տարին լրացած բոլոր աղջիկները՝ անկախ մասնագիտությունից ու զբաղմունքից: Վերջում պայքարը կընթանա ընտրված լավագույն 5-ի միջեւ եւ տեղում՝ քվեարկության արդյունքում կընտրվի «Միսս տատու 2007»-ը: «Միսս տատուն» տարբերվում է մյուս մրցույթներից: Այստեղ աղջիկները ներկայանում են ոչ միայն քայլքով, այլեւ ցույց են տալիս իրենց ունակությունները՝ երգում են, պարում, ասմունքում, մի խոսքով՝ սա բեմադրություն-շոու է: Եվ, ինչպես հավաստում է մրցույթի գեղարվեստական ղեկավար, ռեժիսոր Գրիգոր Խաչատրյանը՝ «Միսս տատուն» ամեն տարի անցկացվում է որոշակի ուղղվածությամբ: Օրինակ՝ 2005-ին մասնակիցները ներկայացված էին հին աշխարհի գեղեցկության աստվածուհիների կերպարներով, այս տարի Գրիգորն այլ բան է մտածել. 12 մասնակից-աղջիկներին «թվայնացնել»: Թվերը կարտացոլվեն տատուների եւ զգեստների մեջ: Մրցույթին աղջիկները կներկայանան ե՛ւ ժամանակավոր տատուներով, ե՛ւ բոդի-արտով: Նրանց հետ կաշխատեն գեղարվեստական ղեկավարը, պարուսույցը, զգեստերի նկարիչը եւ «Տատու արտ քլաբի» նկարիչներ Գագիկ Մկրտչյանն ու Լիդիա Գրիգորյանը: «GSB»-ի համանախագահ Սուրեն Փահլեւանյանը զգուշացնում է, որ տատուն պետք է տարբերել դաջվածքից (նակոլկայից) եւ դրա մեջ որեւէ խորհուրդ չփնտրել: Տատուն գեղեցկություն է, մինչդեռ դաջվածքն արվում է որոշակի խորհրդով: Տատու պոլոնեզիական բառ է, որ նշանակում է մարմնի նկարչություն: Տատուները գոյություն են ունեցել մեզանից դեռեւս 1200 տարի առաջ: Տատուն այսօր հայ երիտասարդների շրջանում էլ նորաձեւ է ու մեծ տարածում ունի: Թեեւ այն բավական թանկ «հաճույք» է՝ 10-100 հազար դրամ, այնուամենայնիվ, տարեցտարի ավելանում է տատուի «երկրպագուների» թիվը: