Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԹՈՒՂԹՈՒԳՐՈՎ» ՍԵՐԸ ՉԻ ԱՄՐԱՆԱ

Հունիս 18,2007 00:00

\"\"Ուստի գնչուհի Եսենիան խորհուրդ է տալիս «սրբերի հետ սուրճ խմող» գուշակներից հեռու մնալ\"\"

Գնչուհի Եսենիան 30 տարի բախտ է գուշակում: Հավաստիացնում է, որ ոչ ոքի չի խաբում, դրա համար էլ միշտ հաճախորդ ունի: «19 տարեկանից ամուսին չունեմ, 2 զավակ, 5 թոռնիկ ունեմ, նրանք են իմ սրբությունները: Չեմ մեղադրում այն կանանց, որոնք սիրում են ամուսնացած տղամարդկանց, կարեւորը ընտանիք չքայքայելն է: Դե, տղամարդիկ քիչ են ծնվում, պատերազմները նրանց տանում են: Թարսի նման Եվրախորհուրդ ենք մտել, շատերը «կապտել» են, վաղը-մյուս օրը տղամարդիկ այնքան են քչանալու, որ միայն գազանանոցում ենք տեսնելու: Կանայք ստիպված են հարմարվել, որ մի տղամարդուն մի քանի կին է հասնում»,- ասում է գուշակուհին, հավելելով, որ երբ կինը ամուսնացած տղամարդու է սիրում՝ մեղք չի գործում: Նաեւ զգուշացնում է տղամարդկանց. «Եթե որեւէ կին ձեր առջեւ պայման կդնի՝ կամ կինդ, կամ ես, էդ ժամանակ հրաժարվեք նրանից»:

Եսենիան տղամարդու եւ կնոջ բնույթի սեփական բացատրությունն ունի. «Տղամարդու սիրտը մեծ հյուրանոց է: Այն ունի երկուսենյականոց լյուքս համար, որի մի սենյակը նախատեսված է կնոջ, մյուսը՝ սիրուհու համար: Կարգին տղամարդիկ հասկանում են այդ բաշխման իմաստը, քանի որ չեն ցանկանում իրենց ընտանիքը քայքայել: Իսկ նրանք, ովքեր Էշի համաստեղության տակ են ծնվել, ուզում են էդ լյուքս համարի երկու սենյակում էլ միայն սիրուհուն տեղավորել: Ի՞նչ է ստացվում արդյունքում՝ ընտանիքը քայքայվում է: Ի տարբերություն տղամարդու, կնոջ սիրտը մի մեծ սենյակ է, այնտեղից մինչեւ մեկին չհեռացնի՝ մյուսին չի ընդունի: Անգամ փողոցում կանգնող մարմնավաճառ աղջիկը, որ բոլորի հետ գնում է, մեկին է սիրում: Ես կանանց խորհուրդ եմ ուզում տալ՝ լուռ մնացեք, եթե ամուսինը սիրում է եւ քեզ, եւ ընկերուհի ունի, խելոք մնացեք՝ չիմանալու դրեք»: Գնչուհին զգուշացնում է, որ չարժե գուշակների մոտ գնալ եւ սիրո թուղթուգիր անել, քանի որ այդպիսի թալիսման գոյություն չունի. «Եթե նման թուղթուգիր լիներ, պրն Քոչարյանին ինձանով կանեի, առաջին տիկինը կդառնայի: Իհարկե, սա կատակ է, տիկին Բելլա»: Ուստի խորհուրդ չի տալիս այցելել թուղթուգիր անողներին. «Թուղթուգիրը շրջվում է հենց անողի դեմ: Եթե մարդը դրանով է զբաղվում, նրա 7 պորտը անիծվում է, թուղթուգիրը բումերանգ է, ի վերջո քո դեմ է շրջվում: Իսկ այն գուշակները, ովքեր թուղթուգիր են անում, սատանայի աշակերտներն են: Իմիջիայլոց, գուշակ չեն դառնում, ծնվում են: Հիմա, ցավոք, փողի նեղությունից առեւտուր են անում մարդիկ, որոնք առեւտրական չեն, տաքսի են վարում նրանք, որոնք տաքսու վարորդ չեն, նույնն էլ նորահայտ գուշակներն են՝ սրբերի նկարները լցնում են շուրջը, փողով բախտ են նայում, «սրբերի» հետ կոֆե խմում: Ախր, սրբերը բիզնեսով չե՛ն զբաղվում»:

Գուշակուհուց հետաքրքրվեցինք, թե հայտնի մարդկանցից ովքե՞ր են իր հաճախորդները: «Գուշակին նման հարց չեն տալիս, չի կարելի հայտնի մարդկանց գաղտնիքները հրապարակել: Ավելի լավ է ասեմ՝ ո՛վ չի եկել ինձ մոտ: Ընդամենը 2 հոգու՝ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի փողը չեմ կերել: Մնացած բոլորի համար կամ պարել-երգել եմ, կամ բախտ եմ նայել: Այնպես որ, բոլորի հետ էլ լավ եմ, բայց քաղաքականությունից հեռու եմ»,- պատասխանեց նա:

Գնչուհի Եսենիան բողոքում է ներկայից. «Խուժան կինոներ են ցույց տալիս, նամուս-թասիբը վերացել է: Միակ լավ տեղը, որ մնացել է՝ «Կոզերոգ» սրճարանն է, ուր իսկական երեւանցիների կարող ես հանդիպել: Միայն այնտեղ է, որ փողի ու «Ջիփի» մասին չեն խոսում»:

Նա երանությամբ է հիշում երիտասարդ տարիները, երբ անհոգ երգում, պարում, գուշակություններ էր անում հյուրանոցներում. «Հիմա եմ հասկանում՝ ԿԳԲ-ն ու ՄՎԴ-ն ինձ չէին անհանգստացնում, որովհետեւ գիտեին՝ ես վալյուտային ձեռք չէի տալիս, համարներ չէի բարձրանում, միայն ռեստորանում ու բարում էի լինում: Հաճախորդի կանչով կամ բախտ էի նայում, կամ ինքը երաժիշտներին փող էր տալիս, որ երգեմ-պարեմ: Այդ տարիներին Գոգան ու Կոկան (նկատի ունի ճանաչված դաշնակահար Գեւորգ Ջանգուլյանին եւ կիթառահար Ակսել Բակունցին) «Ուրարտուում» էին նվագում, «Անիում» էլ՝ Լյովենք, Ռուբոյենք, Գեւորգենք էին: Սիրով ծափահարում էին, «բրավո» կանչում, այնքան փող էին շփում՝ ավելով էինք հավաքում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել