Բայց ոչ թե ՀՀ խորհրդարանական, այլ Սիրիայի նախագահական ընտրությունների առիթով:
Օրերս Վրաստանի հանրային հեռուստատեսության կազմակերպած միջազգային մրցույթից Հայաստանը ներկայացնող երգչուհի Էմմին վերադարձել է գրան պրիով եւ $1000 դրամական պարգեւով: Առաջին մրցանակը շահել է Իսրայելի ներկայացուցիչը, երկրորդ եւ երրորդը՝ վրաց երգիչները: «Առավոտի» հետ զրույցում Էմմին տեղեկացրեց, որ Վրաստանի հանրային հեռուստատեսության անցկացրած այդ միջոցառումը ուղղված էր տարբեր երկրների եւ մասնավորապես՝ ԽՍՀՄ նախկին հանրապետությունների միջեւ մշակութային կապերի վերականգնմանը: «Մասնակցում էին ընդամենը երեք երկրի՝ Վրաստանի, Իսրայելի, Հայաստանի ներկայացուցիչներ: Հայաստանից հրավիրված էի միայն ես: Հեռուստատեսային մրցույթը բաղկացած էր 4 փուլից: Երգիչը պետք է ներկայացներ 2 միջազգային հիթ, նաեւ իր երկրի երգահանի եւ վրաց հեղինակի երգ: Կարեւորում եմ, որ ժյուրիի կազմում ոչ միայն կոմպոզիտորներ էին, այլեւ երաժշտագետներ, մշակութաբաններ եւ լրագրողներ»,- հայտնեց Էմմին:
Հարցին, թե երեք երկրի մասնակցությամբ անցկացվող մրցույթը ճի՞շտ է անվանել միջազգային, մեր զրուցակիցն ասաց, որ հրավիրված են եղել նաեւ այլ երկրներից երգիչներ, սակայն ժամանակի սղության պատճառով չեն հասցրել ներկայացուցիչ ուղարկել. «Ես էլ երբ մասնակցում էի 1999թ. Բուլղարիայում առաջին անգամ անցկացվող «Զլատնի պյասցի» միջազգային մրցույթին, այնտեղ առաջին տարին ընդամենը 4 երկիր էր ներկայացված: Դառնալով վրացական մրցույթին՝ հավելեմ, որ վրացիները հույս ունեն հաջորդ տարիներին ընդլայնել աշխարհագրությունը»: Էմմիի համար անակնկալ էր, երբ մրցույթի մասնակիցներին ուղղվել են տարբեր բնույթի, այդ թվում՝ ինտելեկտուալ հարցեր, ինչպես ընդունված է գեղեցկության մրցույթներում: Հայ երգչուհուն ուղղված հարցերից մեկը եղել է հետեւյալը. ինչո՞վ կբացատրեք, որ «Եվրատեսիլ 2007»-ին Վրաստանը Հայաստանին շնորհեց 12 միավոր, իսկ Հայաստանը Վրաստանին՝ ընդամենը 5: Էմմին էլ պատասխանել է. «Ես համոզված եմ, որ «Եվրատեսիլում» հայ երգչի օգտին 12 միավորը Վրաստանի մեծաթիվ հայ համայնքի վերաբերմունքն էր, իսկ եթե հաշվի առնենք, որ Հայաստանում վրացական համայնքն այնքան էլ մեծ չէ, ապա Հայաստանի 5 միավորը այս դեպքում համարժեք է Վրաստանի 12-ին»:
Երգչուհին ասաց նաեւ, որ մրցույթի ավարտին հնչել է այն միտքը, թե այսուհետեւ երգիչների փոխայցելություններ ու տարբեր ծրագրեր կիրականացնեն Վրաստանի նախագահին կից մշակութային խորհուրդը, իսկ Հայաստանի կողմից՝ մշակույթի նախարարությունը: Հետաքրքրությանը՝ եթե մրցույթին մասնակցելու հրավերը ստացել է «Էմի Բի» պրոդյուսերական կենտրոնը, ապա ի՞նչ գործ ունի մշակույթի նախարարությունը, Էմմին պատասխանեց, որ օրերս պրոդյուսերական կենտրոնի տնօրենը պատրաստվում է ծրագրեր ներկայացնել ՀՀ մշակույթի նախարարություն:
Մեր կեսկատակ-կեսլուրջ հարցին՝ թե այդ մրցույթում երգչուհու շահած $1000-ը կարծես որոշ չափով փոխհատուցեց այն գումարը, ինչից զրկվել էր ՀՀ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավին չհրավիրվելու պատճառով, Էմմին պատասխանեց, որ մինչ վրաստանյան մրցույթը, ինքն ու «Հայերը» մայիսի 21-29-ը հանդես են եկել Սիրայում՝ տեղի մշակույթի նախարարության, Կրթասիրաց մշակութային միության եւ Սիրիայում ՀՀ դեսպանատան հրավերով, ունեցել են 4 համերգ. «Համերգները համընկան Սիրիայի նախագահ Բաշար Ասադի նախընտրական ժամանակահատվածի հետ, մեզ էլ հրավիրեցին մասնակցելու այդ առիթով կազմակերպվող միջոցառումներին: Քանի որ ընտրվեց պարոն Ասադը, կարող ենք ասել, որ, փաստորեն, այլ երկրում «մասնակցեցինք» նախագահական քարոզարշավի»: