Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՇԱՐԼ ԱԶՆԱՎՈՒՐԸ ԿԱՊՐԻ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Հունիս 18,2007 00:00

\"\"Ճարտարապետ Նարեկ Սարգսյանի նախագծով կառուցվելիք տուն-թանգարանում

2008թ. աշնանը Կասկադի հարեւանությամբ կգործի Շարլ Ազնավուրի տուն-թանգարանը: Գաղափարը ՀՀ նախագահինն է, նախագիծը վստահված է ճարտարապետ, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր, Ֆրանսիայի Հանրապետության արժանիքների ազգային շքանշանակիր Նարեկ Սարգսյանին: Նշենք, որ «Նարեկ Սարգսյան» ճարտարապետական արվեստանոցը անվճար է իրականացնում շանսոնիեի թանգարանի նախագծման աշխատանքները: «Հավանաբար, պրոյեկտը ինձ է վստահվել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ միշտ եղել եմ Ֆրանսիայի հետ համագործակցության արմատներում: Թանգարանի տեղի մի քանի տարբերակներից ( Նորք, Մոնումենտ եւ այլն) ընտրվել է Կասկադը: Օպերայի հարակից տարածքը այլեւս Ֆրանսիական հրապարակ է կոչվում, ուստի ցանկալի էր, որ Ազնավուրի թանգարանը նայեր դեպի այդ հրապարակ, օպերա եւ Արարատ լեռ: Բացի այդ, Կասկադի առանցքի վրա մշակութային գոտի է ձեւավորվում՝ այդտեղ կառուցվում է նաեւ Գաֆեսճյանների արվեստի կենտրոնը, այնպես որ, թանգարանի տեղի ընտրությունը ճիշտ է: Երբ Շարլ Ազնավուրը վերջին անգամ Ժակ Շիրակի այցի շրջանակներում ժամանել էր Հայաստան, ես, Ֆրանսիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Էդուարդ Նալբանդյանը եւ նա եղանք տարածքում: Այն մաեստրոյին դուր եկավ: Ավելին՝ երգիչը հուզվեց»,- հայտնեց Ն. Սարգսյանը:

Ճարտարապետը խոստովանեց, որ դյուրին չէ Շարլ Ազնավուրի տուն-թանգարան հիմնելը, մանավանդ այն չպետք է լինի ուղղակի շենք, որտեղ ընդամենը էքսպոնատներ են ցուցադրվում. այստեղ Ազնավուրը ապրելու է Հայաստանում գտնվելու օրերին: «Շարլ Ազնավուրի թանգարանը կերեւա քաղաքի բոլոր կետերից: Դա պահանջում էր, որ այն լինի նոր խոսք եւ Երեւանի ճարտարապետական գունապնակում իր ուրույն տեղն ունենա: Կառույցը ոչ թե դասական իմաստով տուն-թանգարան, այլ մշակույթի առումով մշտապես եռացող կաթսա է լինելու: Բացի ռեզիդենցիայից՝ ապրելու հատվածից, կգործի 180 տեղանոց դահլիճ, 80 տեղանոց ամֆիթատրոն: Այս նախագիծը կունենա այն նշանակությունը, ինչ Ակրոպոլիսը Աթենքի համար: Ազնավուրի թանգարանը կկառուցվի դեղնասպիտակ տուֆից, տերասաները կլինեն կանաչապատ»,- ներկայացրեց Ն. Սարգսյանը, հավելելով, որ թանգարանի մանրակերտն այժմ Շարլ Ազնավուրի մոտ է: Ճարտարապետի ձեւակերպմամբ. «Թանգարանը հայկական եւ ֆրանսիական մշակույթների ներդաշնակ զուգորդում է: Այն որոշ գծերով հիշեցնում է Գառնո հեթանոսական տաճարը: Կարծում եմ, Հայաստան ոտք դրած ցանկացած զբոսաշրջիկ կձգտի անպայման լինել Ազնավուրի թանգարանում»:

Շինարարությունը կսկսվի բառացիորեն օրերս, կավարտվի եկող տարվա գարնանը: Ազնավուրն արդեն մտածում է այն ուղղությամբ, թե ինչ հետաքրքիր էքսպոնատներ, ֆոտոներ եւ իրեր տրամադրի հիմնադրվելիք թանգարանին: Ն. Սարգսյանը հիշեց, որ Փարիզի մաքսատանը աշխատակիցները իսկույն իր շուրջն են խռնվել, երբ իմացել են, որ մանրակերտը Ազնավուրի թանգարանինն է. «Բոլորն ասում էին, որ գեղեցիկ շենք է, հրաշալի գաղափար, ու խնդրում, որ մաեստրոյին փոխանցենք իրենց ոգեւորությունը»:

Մեր զրուցակիցը հույս հայտնեց, որ գուցե թանգարանի տնօրեն նշանակվի գեղեցիկ, երիտասարդ, ֆրանսերենի կատարյալ իմացությամբ 18-20 տարեկան թեկուզ անփորձ մեկը, որ տարին տարվա վրա կհմտանա իր գործում ու կյանքի նպատակ կդարձնի թանգարանը փայփայելը. «Չէի ուզենա այնտեղ տեսնել սովետական պատկերացումներով մեծահասակ տնօրենի՝ իր քարտուղարուհու հետ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել