Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Հայկանդուխտը» հաղթեց հարկայինին

Հունիս 18,2007 00:00

Կուսակցությունը հիշեցնում է իր մասին

Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում, դատավոր էդիկ Ավետիսյանի նախագահությամբ, հունիսի 6-ին լսվեց Սպանդարյանի հարկային տեսչության հայցը՝ «Հայկանդուխտ» ավանդապաշտական-ժողովրդական կուսակցության նախագահ Արմենուհի Ղազարյանի դեմ: Կուսակցության դեմ այսպիսի հիմքով դատավարությունները մեզանում հազվադեպ են, սակայն այն ընթացավ դատարկ դահլիճում:

Հարկայինի ներկայացուցիչ Զոհրակ Վարդանյանը դատարանին տեղեկացրեց, որ իրենք վարչական պատասխանատվության են ենթարկել կուսակցության առաջնորդին, քանի որ վերջինս արդարադատության նախարարություն չի ներկայացրել կուսակցության 2005թ. տարեկան ֆինանսական հաշվետվությունը:

Հայցվոր հարկայինը վկայակոչելով «Վարչական իրավախախտումների մասին» գործող օրենքը՝ ասում էր, որ 30 օրվա ընթացքում ֆինանսական հաշվետվությունները պետական մարմիններ չներկայացնելը եւ դրանք օրենքով սահմանված կարգով չհրապարակելը նախատեսում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով: Հետեւաբար, հարկային մարմինը կուսակցության առաջնորդից պահանջում էր 500 000 դրամ, նաեւ պետական տուրքը՝ 10 000 դրամի չափով:

Պատասխանողը՝ Արմենուհի Ղազարյանը, հարկայինի այս քայլը դիտում էր ապօրինություն, հայտարարելով, թե փորձ են անում իրեն քաղաքական դաշտից մեկուսացնել: Դատարանում Արմենուհի Ղազարյանը ասաց նաեւ, որ նշված ֆինանսական հաշվետվությունը արդարադատության նախարարություն է ներկայացրել այս տարվա հունվարին: Կուսակցության հաշվին եղել է 0 գումար:

Վարչական իրավախախտման համար վարչական տույժը կարող է նշանակվել իրավախախտում կատարելու օրվանից ոչ ուշ, քան 2 ամսվա ընթացքում: Տվյալ դեպքում, եթե համարենք, որ տեղի էր ունեցել իրավախախտում, ապա օրենքով սահմանվող ժամկետը խախտվել է 2006թ. մարտից մինչեւ 2007թ. հունվարը՝ 10 ամսով: Ա. Ղազարյանի տեղեկացմամբ, ինքը կատարել է օրենքի պահանջը, զրոյական ցուցիչով հաշվետվությունը ներկայացրել է հասցեատիրոջը՝ արդարադատության նախարարություն: «Մեղադրել կուսակցություններին, նրանց ղեկավարներին՝ հաշվետվությունները կրկնակի չհանձնելու մեջ, սպառնալով անձնական միջոցներից 500 000 դրամ տուգանք վճարել, անհիմն է»,- ասում էր Ա. Ղազարյանը:

Դատարանը մերժեց Սպանդարյանի հարկային տեսչության հայցը «Հայկանդուխտ» կուսակցության դեմ: Դատարանը պարտավորեցրեց հարկայինին՝ վերացնել կուսակցության նախագահին վարչական պատասխանատվության ենթարկելու մասին վարչական վարույթը:

Արմենուհի Ղազարյանն «Առավոտին» տեղեկացրեց, որ մտադիր է նույն հարկայինի դեմ 500 000 դրամի բռնագանձման պահանջով դիմել դատարան, քանի որ, ըստ նրա, հարկային մարմնի այսօրինակ դրսեւորման հետեւանքով կուսակցությունը ստիպված է եղել քաղաքական գործընթացներից դուրս մնալ, իսկ ինքը՝ որպես առաջնորդ ու ՀՀ նախագահի հավանական թեկնածու, կրել է վնաս:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել