Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՄԵՂԱԴՐԱՆՔ «ՀԱՏՈՒԿ ԿԱՊԻ» ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԴԵՄ

Հունիս 18,2007 00:00

\"\"ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության «Հատուկ կապ» փակ բաժնետիրական ընկերությունն իրականացնում է ծառայողական թղթակցությունների, թանկարժեք մետաղների, քարերի ընդունում եւ առաքում:

«Հատուկ կապն» առաջին անգամ իրավապահների հետ գործ ունեցավ անցյալ տարի՝ ի դեմս ՓԲԸ-ի երեք աշխատակիցների:

Ընկերության փոխտնօրեն Արիստակես Մուրադյանի, բաժնի պետ Գեւորգ Խաչատրյանի, սուրհանդակ Արմեն Բաղդասարյանի նկատմամբ ՀՀ գլխավոր դատախազության քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ: Այն օրերս ուղարկվել է Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարան:

Քրեական գործի նախաքննության ժամանակ պարզվել էր, որ «Հատուկ կապը» 2003թ. մայիսի 20-ին պայմանագիր է կնքել ադամանդի վերամշակմամբ զբաղվող «Նախշ» ՍՊ ընկերության հետ՝ յուրաքանչյուր առաքման դիմաց ստանալով 100 դոլար գումար: «Հատուկ կապի» վերոհիշյալ աշխատակիցները, օգտագործելով իրենց պաշտոնեական դիրքը, կազմել են կեղծ անդորրագրեր «Նախշ» ՍՊԸ ծանրոցները տեղափոխելու վերաբերյալ, անդորրագրերի պատճենների վրա փակցրել են «Արաքս-Գոլդ», «Անդրանիկ», «Ձորագյուղ», «Փրիստիժն Դայմոնդ», «Դի Սի Էյ», «Շողակն» եւ տասնյակ այլ ՍՊԸ-ների անվամբ անդորրագրեր: Ըստ մեղադրանքի, նրանք կեղծել էին ծանրոցների քանակը, «Նախշ» ՍՊԸ-ից ստացած 1.804.508 դրամը չեն մուտքագրել նախարարության «Հատուկ կապի» դրամարկղ եւ այն յուրացրել են:

Փոխտնօրեն Արիստակես Մուրադյանը, բաժնի պետ Գեւորգ Խաչատրյանն ու սուրհանդակ Արմեն Բաղդասարյանը մեկ այլ դրվագով անվավեր են ճանաչել «Էքսելենթ» ՍՊԸ-ի ծանրոցներն ուղարկելու գործարքը, վերջինից ստացած 363.102 դրամը հափշտակել են, հետեւաբար՝ նախարարության «Հատուկ կապ» ՓԲԸ-ի դրամարկղ չեն մուծել: Նրանք «քցել» էին նաեւ «Իլլարիո» ՍՊԸ-ին. վերջինից կանխիկ ստացած 359.467 դրամը նույնպես յուրացրել են: Նախաքննության ժամանակ փոխտնօրենն իրեն լիովին մեղավոր էր ճանաչել, ասելով՝ թե գտնվել է նյութական ծանր վիճակում: Բաժնի պետն էլ իրեն մեղավոր էր ճանաչել, ասելով, որ փոխտնօրենի առաջարկությամբ որոշել են ծանրոցների տեղափոխման գումարը ստանալ կանխիկ, ամսական հաշվետվություններում չձեւակերպել: Սուրհանդակը, որի գործը եղել է կեղծ տեղեկագրեր կազմելն ու ետին թվերով փաստաթղթերը համարակալելը, նույնպես զղջացել էր:

Ուշադրության արժանի է այն, որ երեքն էլ մինչդատական փուլում հատուցել են պատճառված վնասը: Հետեւաբար՝ դատարանում տուժող կողմ ըստ էության չի լինի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել