Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀՈՎԻՎԸ, ԴԱՇՆԱԿԱՀԱՐՈՒՀԻՆ ՈՒ ԶՈԴՈՂԸ՝ ԴՊՐՈՑՈՒՄ

Հունիս 18,2007 00:00

\"\"Որոշ դատապարտյալներ այլընտրանքային պատիժն անցկացնում են կրթօջախներում

ԵԽ պահանջով 2004 թվականից Հայաստանում իրականացվում է «հանրային աշխատանք» այլընտրանքային պատժատեսակը: Ներկայումս 22 դատապարտյալ պետական կազմակերպություններում՝ որպես այլընտրանքային պատիժ, կատարում է հանրությանը պիտանի չվարձատրվող աշխատանք՝ նաեւ պետական կրթական հաստատություններում: Պատժատեսակի այս ձեւը հաճախ միանշանակ չի ընդունվում մեր հասարակության կողմից: Հարցը հատկապես մեծ տարաձայնություններ է առաջացնում կրթական հաստատությունների ղեկավարների շրջանում: «Շատ դպրոցներում վախենում են՝ զարմանալով, թե դատապարտյալն ինչ գործ ունի այդտեղ: Մինչդեռ կրթական հաստատություններ ուղարկում ենք այն մարդկանց, ովքեր մասնագիտություն կամ ձեռքի շնորհք ունեն: Չէ՞ որ ամեն մարդու չենք կարող երեխաների մոտ տանել, մի քանի անգամ դատվածին՝ ո՛չ դպրոց, ո՛չ մանկապարտեզ չեմ ուղարկի»,- ասաց արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժնի պետ Գագիկ Մելքոնյանը: Հանրային աշխատանքը կիրառվում է այնպիսի անձնավորությունների հանդեպ, ում արարքներն ավելի թույլ են: Օրինակ՝ ծառ կտրելու, մանր գողություն անելու դեպքում կարելի է նշանակել այս պատժատեսակը: Այն նաեւ կիրառվում է, երբ դատապարտյալը տուգանքը վճարելու հնարավորություն չունի: Մինչեւ ազատազրկումը՝ մեղադրվող անձը 20 օր մտածելու ժամանակ ունի: Նա ինքնակամ կարող է դիմում գրել դատավորին, որ իրեն «հանրային աշխատանք» այլընտրանքային պատժատեսակը նշանակեն:

«Նրանց հանդեպ այլընտրանքային պատիժներ են կիրառվում, որպեսզի վերջիններս չկտրվեն հասարակությունից, չընկնեն այնպիսի միջավայր, որը կկոտրի նրանց: Հանրային աշխատանքի կիրառման նպատակն այն է, որ դատապարտյալը հանգիստ պայմաններում, օրենքի սահմաններում երկու տարի աշխատի ու ցույց տա, որ ինքն այս հասարակության անդամ է, իսկ հանցագործությունը սխալմունք է եղել»,- նշեց Գ. Մելքոնյանը:

ՀՀ կրթական հաստատություններից առաջինը Վ. Տերյանի անվան թիվ 60 դպրոցն էր, որն ընդունեց երկու դատապարտյալների՝ մի դաշնակահարուհու եւ մի զոդող երիտասարդի:

«Դպրոցում ոչ ոք չգիտեր, որ նրանք դատապարտյալներ էին: Իհարկե, ընդունելիս տատանվում էի, բայց երբ զրուցեցինք, հասկացա, որ համեստ եւ պարտաճանաչ մարդիկ են: Զոդող երիտասարդը բավականին մեծ աշխատանք կատարեց, ջարդված նստարանները սարքեց, իսկ դաշնակահարուհին խմբակ էր բացել, նույնիսկ առաջարկեց, որ վերջին զանգի կազմակերպմանը մասնակցի, սակայն չհասցրեց, քանի որ պատիժը կրելու նրա ժամկետը լրացել էր»,- պատմեց թիվ 60 դպրոցի տնօրեն Ալվարդ Առաքելյանը, ով նույնիսկ շնորհակալական նամակ է ուղարկել ԿԳ նախարարություն՝ կատարված աշխատանքի համար: Այժմ որոշ դատապարտյալներ էլ հանրային աշխատանք են կատարում Գյումրու թիվ 41, Սպիտակի թիվ 4 դպրոցներում, Վանաձորի թիվ 33 մսուր- մանկապարտեզում, Դիլիջանի երաժշտական, նույն քաղաքի թիվ 1 հատուկ դպրոցներում, Տավուշի, Գեղարքունիքի մարզերի կրթական որոշ հաստատություններում: Սակայն Երեւանում ոչ մի կրթական հաստատությունում դատապարտյալ չի աշխատում:

«Հանրային աշխատանք» պատժատեսակը կրածներին չկարողացանք հանդիպել, քանի որ նրանք հիմնականում մեկուսացված են հասարակությունից: Օրինակ՝ թիվ 60 դպրոցում աշխատած զոդող երիտասարդն այժմ հեռացել է ընտանիքից եւ նրանից որեւէ տեղեկություն չկա: Դիլիջանի թիվ 1 հատուկ դպրոցի տնօրեն Վարդան Հախվերդյանի փոխանցմամբ՝ ծառ կտրելու համար պատժված Գառնիկը իրենց դպրոցում «Ամքոր» կազմակերպությունից նվեր ստացած կովերին է խնամում: «Այդպիսի աշխատող մեզ պետք էր, եւ Գառնիկը հարմար էր այդ գործում: Թաղամասում բոլորը նրան ճանաչում են, նա ծառ կտրելու համար է պատժված, դրա համար համաձայնեցի, որ աշխատի: Առաջարկել են նաեւ ընդունել մեկին, ով գողություն է արել, բայց չեմ համաձայնել: Ընդունեի, որ դպրոցի կովերի՞ն էլ գողանար»,- ասաց հատուկ դպրոցի տնօրենը: Երեւանի դպրոցների տնօրեններն ավելի հիվանդագին են ընդունում այն փաստը, թե հնարավոր է՝ մի օր էլ իրենց առաջարկեն, որ դպրոցում «հանրային աշխատանք» պատժատեսակը իրականացվի: «Գողին, մանկապղծին ոչ միայն դպրոց չեմ թողնի, այլեւ չեմ էլ ցանկանա, որ դպրոցի շրջակայքում հայտնվի: Իսկ եթե ավտովթար է կատարել կամ այլ անմեղ փորձանք է եկել գլխին՝ կմտածեմ»,- ասաց Խ. Դաշտենցի անվան թիվ 114 դպրոցի տնօրեն Ռուզաննա Կոստանյանը: Միշտ չէ, որ պետք է վախենալ «դատապարտյալ» բառից, քանի որ, ինչպես տեղեկացրեց Գ. Մելքոնյանը, երբեմն դեպքեր էլ են լինում, երբ հանրային աշխատանք կատարող անձինք այնքան բարեխիղճ են լինում, որ նրանց տվյալ հաստատությունում աշխատանքի են տեղավորում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել