Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Կադաստրը սխալ է չափագրել

Հունիս 18,2007 00:00

\"\"Բավական չէ՝ տներից վտարում են, դեռ մի բան էլ բնակմակերեսները պակաս են հաշվում:

Երեւանի Հանրապետության 32 շենքի բնակիչ Ալեքսան Զաքարյանը, ի թիվս հազարավոր մարդկանց, պետական կարիքների զոհ է: Նրա բնակարանը եւս ՀՀ կառավարության որոշմամբ ճանաչվել է «բացառիկ գերակա հանրային շահ» ներկայացնող տարածք: Համաձայն այս որոշման, պետք է Ա. Զաքարյանի բնակարանը չափագրվի, որից հետո անկախ փորձագետը պարտավոր է անշարժ գույքի շուկայական արժեքի հիման վրա այն գնահատել: Սակայն Կենտրոն համայնքի կադաստրը, ըստ Ա. Զաքարյանի, չափագրումը սխալ է կատարել՝ բնակարանի իրական մակերեսից պակաս չափելով մոտ 21 քմ: Նրա ներկայացմամբ. «Մենք օրենքի դեմ չենք բողոքում, այլ բողոքում ենք, որ իրենք իրենց որոշումը չեն հարգում: Իմ տան սեփականության գրանցման վկայագրում նշված է, որ բնակարանիս մակերեսը 90 քմ է, բայց կադաստրից եկած չափագրողների հաշվարկով իմ բնակարանը դարձավ 69.3 քմ: Դեռ բավական չէ, որ բնակարանի 1քմ-ի համար իրական արժեքի կեսից էլ պակաս են փոխհատուցում, հիմա էլ մակերեսն են քիչ չափում: Հարեւան փողոցի բնակարանների 1քմ-ն վաճառվում է 550-600 հազար դրամով, իսկ մեզ առավելագույնը $500 դոլար են տալիս»:

Ա. Զաքարյանը կարծում է, որ այս դեպքում օրենքը չպետք է հավասար տարածվի բոլորի վրա ու պետք է լինեն արտոնություններ խիստ կարիքավոր ընտանիքների ու հաշմանդամների համար: Նրա ներկայացմամբ. «5 հոգուց բաղկացած անապահով, աղքատության շեմին կանգնած ընտանիք ենք: Ես եւ կինս մշտական կողմնակի խնամքի կարիք ունենք, կնոջս մայրը ծեր է, չի կարող աշխատել, տղաս Հադրութում զինվոր է եղել ու ոտքից վիրավոր վերադարձել է: Մեր ընտանիքում միայն աղջիկս է առողջ, նա էլ ուսանող է»:

Ա. Զաքարյանը երկու անգամ դիմել է վարչապետ Սերժ Սարգսյանին ու խնդրել, որ նրա միջնորդությամբ կասեցվեն կադաստրի անօրինական գործողությունները: Վարչապետը բնակչի դիմումն ուղարկել է քաղաքապետարան: Երեւանի քաղաքապետարանի «Կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակի» տնօրինությունը պատասխանել է, որ շենքի կամ շինության մակերեսը հաշվարկվում է ներքին չափերով: Երկրորդ դիմումին ի պատասխան, նույն գրասենյակն ուրիշ պարզաբանումներ չի տվել, այլ բնակչին տեղեկացրել է, որ նախորդ անգամ նրան տրված պատասխանը սպառիչ է եղել: Այս առնչությամբ Ա. Զաքարյանն ասում է. «Պոլիտեխնիկական կրթությամբ շինարար-ինժեներ եմ, 30 տարի աշխատել եմ «Կենտրոն» թաղապետարանում ու քաղխորհրդի բնակվարչությունում: Հազարավոր հողատարածքներ ու բնակարաններ եմ չափագրել եւ շինարարական նորմերին համապատասխան նախահաշիվ կազմել: Թե ինչպես է պետք բնակարանների չափագրում անել, ես շատ լավ գիտեմ, բայց կադաստրում ասում են, թե ադաթը փոխվել է»:

Նշենք, որ 2 օր առաջ կառավարության շենքի առջեւ ցույցի դուրս եկած իրացման ենթակա տարածքների բնակիչներին փոխքաղաքապետ Կարեն Դավթյանը խորհուրդ տվեց. «Եթե որեւէ բանից դժգոհ եք՝ դիմեք դատարան»: Ա. Զաքարյանի խոսքերով. «4000 դրամ պիտի մուծեի, որ հայց ներկայացնեի, բայց գումար չունեի»: Իսկ 45 բնակիչներ 3 ամիս առաջ էին դիմել դատարան: Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում բնակիչների հայցը լսել է դատավոր Գայանե Կարախանյանը: Այս առնչությամբ «Պետական կարիքների զոհեր» հ/կ նախագահ Սեդրակ Բաղդասարյանն «Առավոտին» տեղեկացրեց. «Դատից առաջ մեր փաստաբանները բացարկ հայտնեցին դատավոր Գ. Կարախանյանին, որովհետեւ նա բազմիցս անհիմն ու անարդարացի որոշումներ է կայացրել, սակայն բացարկը դատարանի կողմից մերժվեց: Որպես պատասխանող կողմ, ուղարկել էին «Կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակի» ներկայացուցչին: Սակայն մեր փաստաբանները հայտարարեցին, որ որպես պատասխանող նրան չեն ընդունում եւ պահանջում են, որպեսզի այդ ներկայացուցիչը լինի քաղաքապետարանից: Դատարանը մեր պահանջն ընդունեց, եւ դատը հետաձգվեց մինչեւ հունիսի 26-ը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել