Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԴԻՄՈՒՄ ՉԵՄ ԳՐԵԼ

Հունիս 18,2007 00:00

\"\"ՀՀ դատախազության կրճատումների շուրջ շարունակվում են ակտիվ քննարկումները: Դատախազության 663 աշխատակիցներից նախատեսվում է համակարգում թողնել 250-ին:

Ստիպված եմ հանդես գալ ոչ իմ անուն-ազգանունով: Տեղեկացնեմ, որ ես 46 տարեկան եմ, աշխատել եմ դատախազության համակարգում 20 տարի, զբաղեցրել եմ պատասխանատու պաշտոններ: Օրեր առաջ ինձ կրճատել են եւ ստիպում են գրել դիմում՝ թոշակի անցնելու համար: Կրճատումներում կիրառվում են երկակի ստանդարտներ. հայտարարելով, թե 20 տարուց ավելի ստաժով աշխատակիցներն են կրճատվել: Սակայն տարօրինակ է, որ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը ունենալով 33 եւ ավելի տարիների աշխատանքային ստաժ, անձնական օրինակ չի ծառայում, նման դիմում չի գրում: Մանավանդ, հայտնի է, որ նա ունի կազմակերպչական ձիրք եւ կարող է զբաղվել շուրջպարով ու ծառատունկով: Նշեմ, որ 20 տարուց ավելի ստաժ ունեցողներին տրվելու է վերջին 2 տարվա միջին աշխատավարձի չափով թոշակ՝ «թաղման փող»:

Համատարած ազատումների ֆոնի վրա դատախազությունում մնացին նրանք, ովքեր իրենց սեփական բիզնեսն ունեին: Ազգային ժողովից հետո դատախազությունը նույնպես հանձնվեց օլիգարխներին: Մասնավորապես, «Ֆոլցֆագենի» համակարգող Սիրեկան Պետրոսյանը, որը դատախազության ֆինանսատնտեսական բաժինն է ղեկավարում: Դատախազությունում մնացել է, օրինակ, 60-ն անց, 30 տարվա ստաժ ունեցող Սոս Բադալյանը: Կենտրոնի դատախազությունում էլ մնացել է 60-ն անց տեղակալը՝ Գեւորգյանը: Մի տեղ տարիքը հաշվի են առնում, մի այլ տեղ հաշվի չեն առնում:

Ես չգիտեի, որ դատախազությունը «Նիգ-Ապարան» հայրենակցական միության մասնաճյուղն է: Այնտեղ այս կրճատումներից հետո մնացին ապարանցիներ Գեւորգ Երեմյանն՝ իր 2 եղբայրներով, Զելիմ Թադեւոսյանն ու Գագիկ Ավետիսյանն՝ իրենց դուստրերով, Մուրադյան Ժուլվեռնը՝ իր եղբայրներով, Մկրտչյան Աշոտն՝ իր տղայով: Այս դեպքում էլ պետք է հարցնենք, ինչո՞ւ պատկառելի տարիք ունեցող ծնողները չեն կրճատվում, իրենց զավակներին ճանապարհ չեն տալիս, ինչո՞ւ օրինակ չեն ծառայում: Դատախազության համակարգի 150 աշխատակիցների՝ տարիքի հետ կապված, ուղարկել են թոշակի: Պետբյուջեն ի վիճակի՞ է լինելու կերակրելու բոլորին:

Կրճատումների տակ չեն ընկել բարձրագույն իրավաբանական կրթություն չունեցող անձինք, մասնավորապես, «միլիցիայի դպրոցի» շրջանավարտները: Շենգավիթի համայնքի դատախազի տեղակալը, որը կառավարության անդամ Հովիկ Աբրահամյանի փեսան է: Կամ Սամվել Ալեքսանյանի փեսան՝ Արմեն Աֆանդյանը: 2 տարվա ստաժով Մալաթիա-Սեբաստիա համայնքի դատախազությունում է աշխատում գլխավոր դատախազի սանիկը՝ Էդիկ Ամալյանը:

Ըմբոստները, որոնք կամավոր դիմում չեն տալիս, քննություն կհանձնեն որակավորման հանձնաժողովում: Հասկանալի է, որ հանձնաժողովն իրենցն է, հետեւաբար «կամակորներին» սպառնում է միանվագ թոշակից զրկվելու հեռանկարը:

Ի՞նչ եմ առաջարկում. քննիչներին տեղափոխել քննչական վարչություն, եւ ոչ թե 2 ամսվա ստաժով քննիչին դատախազի կարգավիճակ տալ, իսկ դատախազին էլ դուրս գցել համակարգից:

Հ. Գ. Ի տարբերություն պաշտոնաթող դատավորների, 46-ամյա թոշակառու դատախազը չի կարող առանց քննության փաստաբան դառնալ:20 տարուց ավելի ստաժ ունեցող դատախազներին թոշակի են ուղարկում: Ինչո՞ւ 30 տարուց ավելի ստաժ ունեցող գլխավոր դատախազը օրինակ չի ծառայում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել