Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Արագիլներին կհաշվեն

Հունիս 18,2007 00:00

\"\"Արարատյան դաշտավայրի բնակիչները պետք է արագիլներին օր ու գիշեր հսկեն, որ հարցաթերթիկ լրացնեն:

«Մեր երկրում թռչունների կյանքը ոչ ոքի չի հետաքրքրում: Հանրապետության մասշտաբով ոչ մի անգամ լուրջ ուսումնասիրություն չի արվել, միայն 1980-ականներին ուսումնասիրվել է Խոսրովի արգելոցն ու պարզվել, որ այնտեղ կար 20 զույգ սպիտակագլուխ անգղ, իսկ 2004-ի դրությամբ նրանց թիվը զգալի պակասել է՝ հասնելով 4-6 զույգի»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց «Հայաստանի թռչունների» նախագիծ հ/կ-ի ավագ գիտաշխատող Կարեն Աղաբաբյանը: Ըստ նրա, թռչուններին խնամելն ու պահպանելը բոլորիս գործն է, սակայն հիմնական դերակատարն այս գործում բնապահպանության նախարարությունը պետք է լինի: Եվ քանի որ բնապահպանության նախարարությանը թռչունների թվաքանակի՝ օր օրի պակասելն այնքան էլ չի հուզում, ուստի հ/կ-ն նախագիծ է մշակել, ըստ որի՝ 2005-2015 թթ. պետք է ամբողջովին ուսումնասիրեն ու հաշվառեն սպիտակ արագիլներին եւ պարզեն, թե ընդհանրապես որքանով է թռչունների վրա անդրադառնում օդի աղտոտվածությունը: Այդ գործում հ/կ-ի մասնագետներից բացի, ընդգրկվել են նաեւ մարզերի բնակիչները: Կ. Աղաբաբյանի ներկայացմամբ, այն բնակավայրերի բնակիչները, որոնց տների հարեւանությամբ արագիլների բույն կա, հ/կ-ի հետ համագործակցում են: Կազմակերպությունը շրջում է գյուղ առ գյուղ եւ բնակիչներին տրամադրում հարցաթերթիկներ, որոնցում լրացվում են արագիլի առօրյայի վերաբերյալ տվյալներ՝ արագիլը երբ վերադարձավ, երբ ձու ածեց, թուխս նստեց, ձագ հանեց եւ այլն:

Նկատենք, որ գյուղացիներից շատերն այնքան էլ լուրջ չեն վերաբերվում հ/կ-ի այս նախաձեռնությանը եւ հարցաթերթիկում ոչ հավաստի տվյալներ են լրացնում արագիլների մասին: Օրինակ, Արարատի մարզի բնակիչները մեզ հետ զրույցում խոստովանում էին, որ ժամանակ չունեն առավոտից երեկո նստել արագիլների բների մոտ ու հսկել, թե «որ օրը ձու ածեց, թուխս նստեց ու ձագ հանեց»: Արարատցիների խոսքերով, շատ դեպքերում «արագիլների օրագրերում պատահական ամիս, ամսաթիվ ու օր ենք նշում, միայն թե հարցաթերթիկը լրացնենք»:

Կ. Աղաբաբյանից հետաքրքրվեցինք, արդյոք մարզաբնակների տրամադրած ոչ հավաստի տվյալները բացասաբար չե՞ն ազդի հ/կ-ի կատարած ուսումնասիրությունների արդյունքների վրա, ինչի հետեւանքով կազմակերպությունն արագիլների մասին այդպես էլ ճիշտ պատկերը չի ունենա: Սրան ի պատասխան, պարոն Աղաբաբյանն ասաց. «Այդ ամենը հաշվի ենք առել: Բացի այդ, այս ուսումնասիրության արդյունքում մենք ավելի շատ ուշադրություն ենք դարձնում, թե շրջակա միջավայրն ինչ ազդեցություն է ունենում թռչունների վրա»: Հ/կ-ի մասնագետի տվյալներով, 2006թ. Արարատի, Արմավիրի, Արագածոտնի, Լոռիի, Շիրակի մարզերում, որտեղ էլ ապրում են սպիտակ արագիլները, ուսումնասիրություն է կատարվել եւ հայտնաբերվել է զբաղեցրած 640 բույն, որից 39-ը մեկ արագիլով է զբաղեցված եղել, 601-ը՝ զույգով: Թեեւ Կ. Աղաբաբյանը գյուղերի անունները չնշեց, սակայն փաստեց, որ օդի աղտոտվածության պատճառով Արարատի եւ Արմավիրի մի քանի գյուղերում արագիլների թիվը զգալի նվազել է. «Դա կարող է լինել այդ գյուղերում թունաքիմիկատների շատ օգտագործման հետեւանք, պատճառ կարող է լինել նաեւ ջրի աղտոտվածությունը, չեմ ուզում գյուղերը նշել, որ գյուղացիների մեջ խուճապ չառաջանա, բայց այս փաստը մեզ էլ է անհանգստացնում: Ընդհանրապես, Հայաստանում տարեցտարի թռչունների թվաքանակի նվազում է արձանագրվում, օրինակ՝ նվազել են հատկապես անգղները, մեծ արծիվները, մարմարյան մրգիման բադը, սպիտակագլուխ բադը, սպիտակաչք սուզաբադը, կասպիական վայրի հնդկահավը, կովկասյան մայրեհավը»: Ըստ Կ. Աղաբաբյանի, «մեր երկրում թռչունների թիվ մեկ թշնամին որսագողերն են, որոնք որսի թույլատրելի ժամանակահատվածում չարաշահում են որսի թվաքանակը եւ երբեմն էլ շփոթում են ցեղատեսակներն ու որսում չթույլատրված տեսակներ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել