Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱՓՍՈՍՈՒՄ Է, ՈՐ ԽՌՈՎԵԼ Է

Հունիս 18,2007 00:00

\"\"Հայաստանի նախկին վարչապետ, ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը, եթե հիմա էլ այդ պաշտոնում լիներ, շատ խնդիրներ այլ կերպ կլուծեր:

«Եթե ես հիմա վարչապետ լինեի, տնտեսության առումով գրեթե նույնը կանեի, ինչ 1990-91-ին, բայց քաղաքական առումով մի քիչ ավելի ճկուն կլինեի ու չէի նեղանա՝ դուրս գա, ոնց որ էն ժամանակ արեցի: Երբ հեռացա, ինձանից հետո դատարկ ինչ-որ ժամանակաշրջան եղավ, որի համար ափսոսում եմ: Հիմա ես կպահեի աթոռը: Այն ժամանակ ես ընկած էի գազամուղի կառուցման, այլեւայլ հարցերով: Պաշտոնն ինքը հետաքրքիր բան չէ, բայց այն հնարավորությունները, որ տասնյակ տարիներով պատրաստվել ես քո կապերով, գիտելիքներով, ամեն ինչով ու այդքանից հետո թողնել, դուրս գալ, խռովել՝ այնքան էլ ճիշտ չէ: Ես որ կառավարությունից հեռացա, մնացին նրանք, ովքեր դեռ պատրաստ չէին հունի մեջ մտնել, որ կարողանային աշխատել նույն տեմպերով: Ես կարծում եմ, որ այժմ Հայաստանն ավելի լավ վիճակում կարող էր լիներ, քան է»,- «Առավոտի» հետ զրույցում այսպիսի ափսոսանք հայտնեց ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը: Իսկ թե ինչ բարեփոխումներ է արել պարոն Մանուկյանն իր վարչապետության օրոք (1990-91թթ.), նրա խոսքերով՝ Հայաստանը միջազգային հեռախոսակապով ապահովելուց սկսած մինչեւ անգամ բանակի սաղմը գցելն իր անմիջական մասնակցությամբ է եղել. «Ես կարողացա ավարտին հասցնել դեպի Վրաստան գազամուղի շինարարությունը, որն այն ժամանակ ֆունդամենտալ նշանակություն ունեցավ Հայաստանի համար, որովհետեւ մենք թուրքմենական գազը ստանում էինք ադրբեջանական տարածքով: Բացի այդ, իմ օրոք ներդրվեց միջազգային կապը: Խորհրդային միությունում միջազգային կապը կատարվում էր Մոսկվայի միջոցով: Մենք ամերիկյան ամենախոշոր ընկերության հետ պայմանագիր կնքեցինք, եւ ես իմ վարչապետության վերջին օրն արդեն ունեի հեռախոս՝ սեղանիս վրա դրված եւ կոդով հավաքեցի Միացյալ Նահանգներ, զանգեցի Լուիզ Սիմոնին (Հայ ընդհանուր բարեգործական միության նախագահին,- Հ. Ջ.), համոզվելու համար, որ հեռախոսն աշխատում է: Դա շատ կարեւոր նշանակություն ուներ Հայաստանի համար: Ընդ որում, մեր կապն այն ժամանակ լավագույնն էր տարածաշրջանում: Մյուս կարեւոր բանը, որ իմ օրոք եղավ, այն էր, որ ստեղծեցինք Պաշտպանության կոմիտե, հետագայում էլ այդ կոմիտեի հիմքի վրա առաջացավ պաշտպանության նախարարությունը, հետո՝ բանակի կառուցումն էլ եղավ այդ կոմիտեի միջոցով: Իմ օրոք նաեւ վերագործարկվեց «Նաիրիտը», որը մեծ կարեւորություն ուներ մեզ համար»:

Պարոն Մանուկյանը չի հերքում, որ ինքն էլ, որպես վարչապետ, սխալներ ունեցել է: Օրինակ, նա շատ է զղջում, որ «իմ պաշտոնավարման ժամանակ ինչ-որ մարդկանց պաշտոնների եմ նշանակել, անուններ չեմ ուզում տալ, բայց հետո եմ հասկացել, որ նրանց չարժեր նշանակել, չնայած ինձնից հետո կազմած կառավարություններում ես այնպիսի մարդկանց տեսա, որ իմ սխալը չնչին թվաց»: Բացի այդ, Վազգեն Մանուկյանը եւս մի քանի մանր-մունր սխալներ հիշեց, որոնք կապված էին հողի սեփականաշնորհման գործընթացի հետ. «Գերագույն խորհուրդը, որը Հողի սեփականաշնորհման մասին օրենքն ընդունեց, պիտի այնպես աներ, որ ամեն մեկին թույլ չտար շատ օբյեկտների ձեռք գցել: Կային գյուղատնտեսական օբյեկտներ, որոնք միգուցե չարժեր սեփականաշնորհել՝ կային օբյեկտներ, որոնք սերմացու պատրաստելու համար էին կամ լաբորատոր նշանակություն ունեին: Սեփականաշնորհման ժամանակ անարդարություններ եղան, որովհետեւ ամեն մի շրջանում կային զոռբաներ, որոնք փորձում էին անօրինական ձեւերով սեփականաշնորհում անել: Անշուշտ, սխալներ եղել են, բայց այն ժամանակ ոչ մեկը չէր իմանում, թե, ասենք, ինչպես պետք է պետական սեփականությունից անցնել մասնավոր սեփականության, որ այդ սեփականությունն աշխատեր ավելի արդյունավետ»: Այնուամենայնիվ, ըստ պարոն Մանուկյանի, հիմնական առումով հողի սեփականաշնորհումն իրեն արդարացրել է:

Նախկին վարչապետը ներկայումս մեր երկրի տնտեսության վիճակն այսպես է բնութագրում. «Հայաստանը խեղդվում է ստեղծված տնտեսական բուրգի պատճառով, եթե տնտեսական դաշտը նորմալ դաշտ լիներ, ապա ներսի հայությունը եւ դրսի հաջողության հասած հայությունը կապված կլինեին Հայաստանի համար խիստ օգտակար տնտեսական կապերով: Մինչդեռ այստեղ մեծ տեղ ունեն մոնոպոլիաները: Ասում են՝ փոքր երկիր ենք, շուկաները փոքր են եւ, ուզենք թե չուզենք, մոնոպոլիաներ պետք է լինեն, բայց ես շատ փոքր երկրներ գիտեմ, որտեղ կառավարությունը մի շուկան բաժանում է մասերի ու աճուրդով վաճառում տարբեր ընկերությունների, որպեսզի մոնոպոլիաները բացառվեն: Հայաստանում ավելի շատ վնասում է իշխանության մոնոպոլիան, եթե բիզնեսմենն իշխանությանը չծառայի, իշխանության դեմ մի քայլ անի, ապա որպես գործարար անպայման կպատժվի»:

ԱԺՄ նախագահը մտահոգություն հայտնեց նաեւ էներգետիկ ռազմավարական օբյեկտները Ռուսաստանին տալու առնչությամբ. «Լինի դա Ռուսաստան, Ամերիկա, թե մեկ այլ երկիր, այսքան մեծ պատառ տալ նրան՝ չի կարելի: Եթե դու կախման մեջ ես մեկից՝ դու ստրուկ ես, ես այդպես եմ կարծում»: Ամեն դեպքում, պարոն Մանուկյանը գտնում է, որ ուշ չէ շատ օբյեկտներ Ռուսաստանի ձեռքից հետ վերցնել, թերեւս, ըստ նրա, ուշացել ենք միայն Իրան-Հայաստան գազատարի մի հատվածը հետ վերցնելու գործում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել