Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մի ընտրատեղամաս՝ չորս տվյալ

Հունիս 18,2007 00:00

Թիվ 23/57 ընտրատեղամասում թվերն ակնհայտորեն իրար չեն բռնում

Ըստ «Օրինաց երկիր» կուսակցության փոխնախագահ Հեղինե Բիշարյանի՝ մայիսի 12-ին՝ խորհրդարանական ընտրությունների ժամանակ, թիվ 23/57 ընտրատեղամասում գրանցված է եղել 1171 ընտրող, ընտրությանը մասնակցել է 1302-ը, այսինքն՝ մասնակցությունը կազմել է 116% («Առավոտ» 12.06.2007), ինչը, ըստ տիկին Բիշարյանի, անհնար է: Այս առնչությամբ փորձեցինք Կենտրոնական ընտրական հանձնաժողովից պարզել, թե իրենց տվյալներով՝ քանի՞ քաղաքացի է այս ընտրատեղամասում ըստ ցուցակների գրանցված եւ քանի՞սն է մասնակցել քվեարկությանը: ԿԸՀ-ի մամուլի ծառայությունից մեզ հայտնեցին, որ թիվ 23/57 ընտրատեղամասում գրանցված է եղել ոչ թե 1171, այլ ավելի քիչ՝ 1121 ընտրող, իսկ քվեարկությանը մասնակցել է 1302-ը: Այսինքն՝ ԿԸՀ-ի տվյալներով է՛լ ավելի շատ ընտրող է մասնակցել քվեարկությանը, քան ցուցակներում գրանցված է եղել: Ինչպես մեկնաբանեց ԿԸՀ մամուլի քարտուղար Ծովինար Խաչատրյանը, «եղել են շատ դեպքեր, երբ ընտրացուցակներում մարդիկ իրենց անունը չեն գտել ու դատական կարգով վերականգնել են իրենց ընտրելու իրավունքը, ուստի այդ է պատճառը, որ արդյունքում ավելի շատ մարդ է մասնակցել ընտրությանը, քան գրանցված է եղել»:

Մենք կապվեցինք նաեւ թիվ 23 ընտրատարածքի ընտրական հանձնաժողովի քարտուղար Սամվել Աբրահամյանի հետ, որն էլ «Առավոտին» հավաստիացրեց, որ իր տվյալները բոլորովին այլ են եւ չեն համընկնում ո՛չ ԿԸՀ-ի, ո՛չ էլ Հ. Բիշարյանի թվերին: Ըստ նրա, թիվ 23/57 ընտրատեղամասում գրանցված է եղել 1334 ընտրող, իսկ քվեարկությանը մասնակցել է 1302-ը. «Այդ թվային անհամապատասխանությունը նրանից է, որ այդ տեղամասի արձանագրության մեջ տեխնիկական սխալ է եղել, եւ ընտրացուցակներում գրանցված ընտրողների թվի փոխարեն գրանցել են վավեր ճանաչված քվեաթերթիկների թիվը, որը 1121 է»:

Գեղարքունիքի մարզի Սոթքի (թիվ 23/57 ընտրատեղամաս) ընտրական հանձնաժողովի նախագահ Դերենիկ Ոսկանյանը «Առավոտի» հետ զրույցում բոլորովին այլ՝ վերոհիշյալ 3-ից տարբերվող թվեր ներկայացրեց: Ըստ նրա, այդ տեղամասում քվեարկել են 339 գյուղացի եւ 782 զինվորական (ընդհանուր թիվը՝ 1121), իսկ 192 քվեաթերթիկ էլ չի օգտագործվել ու հետ է ուղարկվել ԿԸՀ: Բացի այդ, պարոն Ոսկանյանը նշեց, որ իրենց տեղամասում գրանցված է եղել 1313 ընտրող: Մեր այն հարցին, թե չե՞ն եղել այդ տեղամասում իրենց ընտրական իրավունքի վերականգնման դեպքեր, պարոն Ոսկանյանը բացասական պատասխան տվեց:

Թերեւս ավելորդ է ասել, որ այս տեղամասում, որի վերաբերյալ պաշտոնական մարմիններն էլ չեն պայմանավորվել, թե ինչ թվեր են հրապարակելու, ըստ ԿԸՀ-ի՝ առաջատարներ են եղել «Բարգավաճ Հայաստան» եւ Հանրապետական կուսակցությունները՝ հավաքելով համապատասխանաբար 212 եւ 420 քվե: Ընդդիմության ներկայացուցիչներ «Օրինաց երկիր» եւ «Ժառանգություն» կուսակցություններն այս տեղամասում ստացել են «0»: Իսկ Դաշնակցության օգտին քվեարկել է 515-ը: Մնացած ձայներն, ըստ էության, «փոշիացել են»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել