Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՆՐԱՆՔ ԼՈՒԾՈՒՄ ԵՆ ՀՀ ՀԱՐՑԸ

Հունիս 18,2007 00:00

\"\"Ըստ «Իմպիչմենտ» դաշինքի ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանի, Քոչարյան-Ալիեւ զույգը ԼՂ հարցի կարգավորման բանակցություններում հենց այդ հարցն է լուծում:

Երեկ Մատենադարանին հարող տարածքում «Իմպիչմենտը» հերթական հանրահավաքն անցկացրեց շուրջ 500 հոգու մասնակցությամբ: Երեկվա հանրահավաքին եկած մի տարեց տղամարդ ասաց, թե հանրահավաքին եկել է ոչ այն պատճառով, որ ինքը հատկապես «Իմպիչմենտի» համակիր է, այլ՝ որովհետեւ հոգով ընդդիմադիր է: Մեր այն հարցին, թե՝ հույս ունի՞, որ հանրահավաքներով հնարավոր է երկրում ինչ-որ բան փոխել, իշխանափոխություն անել, մեր զրուցակիցը, որը չցանկացավ ներկայանալ, ասաց. «Հնարավոր է, որ մի բան լինի: Մարդկանց էս քիչ լինելը ժամանակավոր երեւույթ ա: Իսկ ավելին կլինեն սեպտեմբերից հետո»: Իսկ թե՝ ի՞նչ իմաստ ունի այդ դեպքում այսօր հավաքվելը, հանրահավաքի այս մասնակիցն այսպես բացատրեց՝ «էսօր հավաքվել ենք, որովհետեւ մարդիկ միշտ զգոն վիճակի մեջ պետք է մնան, որպեսզի ուժ, եռանդ, հավատ լինի: Մենք էստեղ նստած ենք, բայց մեր պես մտածող, մեր ցանկացածը ցանկացող, բայց տանը նստած մարդիկ միլիոններով են մեր ետեւում կանգնած: Չգալու պատճառները շատ են: Շատերը 200 դրամ չունեն, որ գան-գնան»:

Մեր մեկ այլ համաքաղաքացի, որն, իր ասելով, ՀԺԿ-ի համակիր է, եկել էր հանրահավաքի միակ ու հատուկ նպատակով՝ լսելու, թե ինչ է կատարվում ԼՂ հակամարտության կարգավորման բանակցություններում եւ, իր ձեւակերպմամբ, «իմանալու, թե էս հարցի վերջը ո՞նց է լինելու»: Իսկ ընդդիմության հանրահավաքներին մշտապես ներկա տիկին Դուստրիկ Սիմոնյանը հատկապես երեւանցիներին կոչ արեց չհանդուրժել «այս ռեժիմը»՝ գալ միտինգների. «Սրանք ո՞վ են, որ մեզ էսքան իշխում են, ընտրությունները սենց կեղծեցին, բա մարդիկ ոտքի չեն կանգնելո՞ւ: Նեուժելի սրանք (երեւանցիները- Ն. Մ.) ամոթ չունեն: Ես չգիտեմ՝ ինչու ոտքի չեն կանգնում: Երեւի 2003 թվականից հետո կամ շատ են հիասթափված, կամ էնքան են ծախվել, որ անհարմար են զգում գալ այստեղ: Ես ավելի շատ հակված եմ երկրորդ տարբերակին»: Հնարավոր համարո՞ւմ է տիկին Դուստրիկը, որ մի քանի հարյուր միտինգավորով հնարավոր է երկրում իշխանափոխության համար անհրաժեշտ նախապայման, մթնոլորտ ձեւավորել: «Այո: Ես Նիկոլին շատ եմ հավանում: Ինքը շատ պատրիոտ տղա է, եթե 2003-ին մենք Նիկոլի նման առաջնորդ ունենայինք, որ ժողովրդին իր ետեւից տաներ՝ մենք միանշանակ այս վիճակին չէինք լինի»:

Իսկ հարթակում հանրահավաքը վարող Վահագն Խաչատրյանը եւս մեկ անգամ արձանագրեց, որ մայիսի 12-ին տեղի ունեցած ԱԺ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու հայցով ՍԴ կայացրած որոշումը Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի կողմից պատվիրված որոշում էր: Վ. Խաչատրյանի ելույթի ընթացքում մենք զրուցեցինք ՀՀ ԱԱՊՎ պետի նախկին տեղակալ, ՆԺԿ համամասնական ցուցակում ընդգրկված պատգամավորության նախկին թեկնածու Գուրգեն Եղիազարյանի հետ: Փորձեցինք իմանալ նրա կարծիքն այսօր շրջանառվող այն տեսակետի շուրջ, թե առաջիկա նախագահական ընտրություններում ՀՀ գործող իշխանությանը լուրջ այլընտրանք կարող է լինել միայն ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Ի՞նչ եք կարծում, Տեր-Պետրոսյանը կվերադառնա՞ մեծ քաղաքականություն, այն էլ՝ իբրեւ ՀՀ նախագահի թեկնածու: Մեր այս հարցադրմանն ի պատասխան՝ Գ. Եղիազարյանը, որը հայտնի է «նախկին» իշխանությունների նկատմամբ իր բացասական վերաբերմունքով, ասաց, որ նախ՝ Տեր-Պետրոսյանն ինքը պետք է որոշի՝ վերադառնո՞ւմ է քաղաքականություն, թե՞ ոչ: Նա նաեւ խոստովանեց, որ պատրաստ է պաշտպանել նույնիսկ Լեւոն Տեր-Պետրոսյանի, ինչպես նաեւ ցանկացած որեւէ այլ գործչի թեկնածությունը, միայն թե այս իշխանությունները չվերարտադրվեն:

Երեկվա հանրահավաքը, նախապես արված հայտարարության համաձայն, նվիրված էր ԼՂ հակամարտության կարգավորմանը, բայց մինչ դրան անդրադառնալը՝ ելույթ ունեցավ ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանի կինը՝ Մելիսա Բրաունը, որը հարթակում երկար եւ համբերատարությամբ սպասում էր ելույթի իր հերթին: «Առավոտի» հետ զրույցում նա ասաց, որ Սերժ Սարգսյանի՝ իր հետ խոստացված հանդիպումը դեռ չի կայացել, թեեւ ինքն առանձնակի անհամբերությամբ էլ չի սպասում դրան: «Մենք մեր գործն ենք անում, կհանդիպենք՝ լավ, տեսնենք՝ ինչ է ասում»,- ասաց տիկին Բրաունը: Իսկ հանրահավաքի հարթակից նա խոսեց վարժ, բայց մի քիչ ժողովրդական հայերենով. «Երկու օր առաջ մենք գնացինք Ալիկի մոտ, եւ ինքը ձեզ ջերմ-ջերմ բարեւում ա, ձեզ շատ-շատ կարոտում ա, եւ վստահ է, որ շատ շուտով ձեզ հետ, մեզ հետ կլինի: Ասեց, որ ովքեր մեր կողքին են, մեր խնդիրը հասկանում են, մեզ հետ աշխատում են՝ ինքը նրանց շատ-շատ շնորհակալ է: Ու ովքեր մեր կողքը չեն ու չեն ուզում հասկանալ մեր խնդիրը, թե վախենում են մասնակցել մեր հետ աշխատելուն, նա էդ շատ փիլիսոփայորեն ա ընդունում, բայց միեւնույն ժամանակ ասում ա, որ նրանք պիտի հասկանան, որ իրենց երեխեքը ստրկության մեջ են մեծանալու»։

Մելիսա Բրաունը նաեւ հիշեցրեց, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն ընդունել է Ալ. Արզումանյանի հայցը եւ քննության է առնելու որպես կարեւոր գործ:

Իսկ ԼՂ հիմնախնդրի մասին, բացի պատմաբան, «Արմատ» հասարակական-քաղաքական կազմակերպության անդամ Աշոտ Սարգսյանից, խոսեց նաեւ Նիկոլ Փաշինյանը: Նա հայտարարեց, որ ԼՂ հիմնախնդիրը կարգավորել հավասարապես չեն ցանկանում ե՛ւ Ռոբերտ Քոչարյանը, ե՛ւ Իլհամ Ալիեւը: Փաշինյանը հայտարարեց, որ նրանք միասին են խոչընդոտում հարցի կարգավորմանն, ու դա հետեւյալ կերպ փաստարկեց. Ադրբեջանը տարածաշրջանում դարձել է աշխարհաքաղաքական, միջազգային տնտեսական համագործակցության կարեւոր դերակատար, եւ հիմա այդ երկրի նախագահ Ալիեւը չի ցանկանում հարցը լուծել, որովհետեւ առջեւում Հայաստանը շրջանցող նոր եւ խոշոր տնտեսական նախագծեր կան: Ադրբեջանին, ըստ Փաշինյանի, այս փուլում ձեռնտու է որքան հնարավոր է Հայաստանը մեկուսացնել աշխարհից եւ թուլացնել՝ լուծելով ոչ թե Ղարաբաղի հարցը, որը նրան հիմա չի հետաքրքրում, այլ՝ Հայաստանի: Իսկ Քոչարյանը հիմնախնդիրը չկարգավորելու իր պատճառներն ունի, արդյունքում, Ն. Փաշինյանի մատուցմամբ, ստացվում է, որ Քոչարյան-Ալիեւ զույգը միասին, կամա, թե ակամա, լուծում է Հայաստանի հարցը: Իսկ դա կանխելու համար նա միակ ելքը համարեց Քոչարյանի հեռացումն իշխանությունից եւ նրա՝ ՀՀ նախագահի պաշտոնում Սերժ Սարգսյանի ընտրության տեսքով վերարտադրության կանխումը:

Հ. Գ. Երեկ «Առավոտին» զանգահարեց «Ոսկե եղեգն» պետական մրցանակի դափնեկիր, գրող Լեւոն Խեչոյանը եւ խնդրեց հրապարակել հետեւյալը. «Ես բարձր եմ գնահատում Ալեքսանդր Արզումանյանի դիվանագիտական գործունեությունը եւ հայրենասիրությունը ու դատապարտում եմ նրա նկատմամբ հետապնդումը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել