Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ Է «ԱԽՊԵՐՈՒԹՅՈՒՆԸ»

Հունիս 18,2007 00:00

\"\"Իր բնակարանը հրկիզելու կապակցությամբ ասում է ՀԺԿ Ալավերդու տարածքային կազմակերպության ղեկավար Լարիսա Փարեմուզյանը եւ տալիս եւս մեկի անուն, ում կասկածում է:

Մայիսի 28-ի գիշերը փորձել էին հրկիզել թիվ 31 ընտրատարածքի պատգամավորության նախկին թեկնածու, ՀԺԿ Ալավերդու տարածքային կազմակերպության ղեկավար Լարիսա Փարեմուզյանի բնակարանը, եւ ոստիկանության Լոռու մարզային վարչության քննչական բաժինը քրեական գործ էր հարուցել՝ ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու մեղադրանքով, ինչը կատարվել է հրկիզման, պայթյունի կամ հրավտանգ այլ եղանակով: Երեկ փորձեցինք պարզել, թե անցած 3 շաբաթներում ինչպե՞ս է ընթացել քննությունը, հույս կա՞, որ կբացահայտվի կատարվածը: «Մի քանի օր առաջ եմ հանդիպել Թումանյանի ոստիկանության բաժնի պետ Արտուշ Բոշյանին եւ հուսադրող որեւէ տեղեկություն չեմ ստացել նրանից,- ասաց Լարիսա Փարեմուզյանը:- Անհույս վիճակում սպասում եմ եւ չեմ էլ ակնկալում, որ պաշտոնապես բացահայտված կհամարվի այս հանցագործությունը»: Պատմեց, թե փորձաքննության են ուղարկել իր բնակարանի դռան վրա դրված անվադողի մի հատված եւ վառելիքը, որ լցրել էին դռան վրա, ու այժմ սպասում են փորձաքննության եզրակացությանը: Նաեւ հարցաքննել են այդ թաղամասի բնակիչներին: Հիշեցնենք, որ հրկիզման դեպքը միակը չէ. մայիսի 1-ին Գուգարք գյուղում ոստիկան Վարդգես Միկիչյանը եւ թիվ 31 ընտրատարածքում Փարեմուզյանի մրցակից Կարեն Սարիբեկյանի հիմնարկում աշխատող էլեկտրիկ Վահե Միկիչյանը քաշքշել էին տիկին Լարիսային. «Ըստ Բոշյանի՝ բացատրություններ են վերցրել Վահե Միկիչյանից, որն ինձ դուրս էր անում գյուղից՝ խանգարում քարոզչությանս»:

Հրկիզման փորձի կապակցությամբ Լարիսա Փարեմուզյանը ցուցմունքում գրել էր, թե կասկածում է, որ կատարվածը թիվ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Վռամ Վանյանի եւ Կարեն Սարիբեկյանի կազմակերպածն է: Վերջինս այսպես էր արձագանքել՝ «Ես հո լակոտ չե՞մ»: Եվ ասել, թե գիշերով միայնակ կնոջ տան դուռն այրելը տղամարդուն վայել արարք չի համարում, եւ դա ապուշ մարդու ձեռքի գործ է: Իսկ Վռամ Վանյանն էլ իրեն ուղղված մեղադրանքներին այսպես էր հակադարձել. «Իր իրավունքն է՝ թող կասկածի: Ախր, ո՞ւմ է նա հետաքրքիր»: Լարիսա Փարեմուզյանն այս կապակցությամբ ասաց. «Այն, որ էդ «ախպերությունն» է իմ նկատմամբ այս ամենը կազմակերպել՝ կասկած չունեմ: Ես շատ մաքուր կենսագրությամբ ապրած մարդ եմ: Վստահ եմ, որ շարքային որեւէ ալավերդցի իմ նկատմամբ նման բան չէր անի, նրանք զայրույթով են ընդունել կատարվածը»: Եվ նշեց մեկ այլ մարդու անուն, որին կասկածում է: Ասաց, որ այս դեպքը կարող է առնչվել միայն իր ընտրական գործունեությանը եւ Ալավերդու քաղաքապետի հասցեին իր քննադատությանը. «Համայնքապետին ես քննադատել եմ Ալավերդու համայնքային բյուջեի ոչ լավ ծախսման համար: Նա էլ է այդ «ախպերությունից» եւ ցավոք, քննադատությունը շատ թշնամանքով ընդունող մարդկանցից մեկն է»: Հարցին, թե նրան է՞լ է կասկածում՝ պատասխանեց. «Դե, այդ «ախպերությունն» է արել: Իսկ Ալավերդու ախպերության հոգեւոր հայրը Կարեն Սարիբեկյանն է… Սա քրեակա՛ն, մաֆիո՛զ տարրերին հատուկ գործելակերպ է: Իսկ ես այդ մաֆիոզ տարրերի հետ եմ գործ ունեցել՝ քննադատել համայնքային բյուջեի ծախսումը, եւ քարոզչության ընթացքում էլ ինձ համար միշտ շատ ծանր վիճակներ ստեղծվեցին: Իսկ երբ Կարեն Սարիբեկյանն իմացավ, որ Վահագնի էլեկտրացանցի իր պետն ինձ Գուգարք գյուղում քաշքշել է, վիրավորել, դուրս արել՝ որպես իր ասած տղամարդը՝ իր այդ աշխատողից պահանջե՞ց կնոջից ներողություն խնդրել այդ անբարո արարքի համար: Ոչի՛նչ չարեց, ոչ մի արձագանք չեղավ: Այդ լրատվամիջոցների առջեւ է նա այդպես խոսում տղամարդուն վայել արարքների մասին»:

Լարիսա Փարեմուզյանը նաեւ պատմեց՝ Ալավերդիում շրջանառվում էին լուրեր, թե Կարեն Սարիբեկյանին նշանակելու են էներգետիկայի փոխնախարար, ուստի 31 ընտրատարածքում պետք է լինեն նոր ընտրություններ՝ թիվ 30-ում պարտված Վահրամ Բաղդասարյանի համար այստեղ ընտրվելու նոր հնարավորություն ստեղծելու նպատակով: Այս կապակցությամբ հետաքրքրվեցինք, թե ի՞նչ եղան 6600 անճշտությունների կապակցությամբ վերահաշվարկ անցկացնելու պահանջով Լոռու մարզի դատախազությանն ու տեղամասային հանձնաժողովներին ուղղված իր դիմում-բողոքները: «Այժմ էլի լուրեր են շրջանառվում, թե քանի որ այս հրկիզումից հետո ժողովրդի վրդովմունքն իշխանությունների նկատմամբ շատ մեծ է՝ արդեն չեն կարող Վահրամին դարձնել պատգամավոր,- ասաց Լարիսա Փարեմուզյանը:- Ուստի վերահաշվարկի եւ մեղավորներին պատժելու վերաբերյալ իմ դիմումները դատախազությունից ուղարկել են Լոռու մարզային ոստիկանության վարչության քննչական բաժին՝ մերժելու համար»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել