Երեկ Պրահայից հեռախոսով «Առավոտին» ասաց ծանրամարտի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանը:
Հայ մարզասերները Պրահայում ընթացող ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում առանձնակի հույսեր էին կապում 63 կգ քաշային, մեծահասակների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր ու Եվրոպայի չեմպիոն գյումրեցի Մելինե Դալուզյանի հետ: Սակայն անցած գիշեր այդ քաշային կարգի պայքարի ավարտից հետո առաջնության պաշտոնական կայքում Մելինեի անվան դիմաց գրվեց. պոկում վարժություն, 1-ին մոտեցում՝ 100 կգ, 2-րդ եւ 3-րդ մոտեցումներ՝ 105 կգ՝ զրո (փոքր արծաթե մեդալ), հրում վարժություն. 124 կգ, բոլոր երեք մոտեցումներն էլ՝ զրո:
Սկզբում մտածեցինք, թե դա ինչ-որ սխալմունք է: Անհավանական էր, որ Մելինեն այդքան անհաջող հանդես գար, չկարողանար բարձրացնել իր համար մարզումային համարվող այդ քաշերը: 2006 թվականին Չինաստանում կայացած աշխարհի մեծահասակների առաջնությունում, որտեղ օլիմպիական վարկանիշային միավորներ էին խաղարկվում, հայ մարզուհին բրոնզե մեդալ նվաճել էր երկամարտի 232 կգ արդյունքով. պոկումում՝ 105, հրումում՝ 127 կիլոգրամ: Իսկ այս տարվա ապրիլին Ստրասբուրգում կայացած Եվրոպայի առաջնությունում առաջին մրցաձեւում բարձրացրել էր 108, երկրորդում՝ 135 եւ երկամարտի 243 կիլոգրամով հռչակվել չեմպիոն՝ ամբողջ 28 կգ-ով առաջ անցնելով երկրորդ տեղը գրաված թրքուհի Սիմսեկ Սիբելից:
Երեկ զանգահարեցինք մեր հավաքականների հետ Չեխիայում գտնվող ծանրամարտի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանին եւ հետաքրքրվեցինք, թե ի՞նչն էր Մելինեի ձախողման պատճառը: «Նա լավ մարզավիճակով էր ժամանել Չեխիա,-ասաց ֆեդերացիայի նախագահը,- եւ պայքարելու էր միայն ոսկե մեդալի համար: Այդ էր պատճառը, որ Մելինեն պայքարն սկսեց իր հնարավորություններին միանգամայն համապատասխանող 100 կգ-ից: Մինչ այդ, ասպարեզում մնացել էր միայն կոլումբիացի Մերսեդես Պերեսը, որն արդեն օգտագործել էր երկու մոտեցում՝ հաջորդաբար բարձրացնելով 95 եւ 98 կգ ծանրաձողերը: Մելինեի առաջին մոտեցումը հաջող էր: Պերեսը պատասխանեց 102 կգ-ով: Դալուզյանը գնաց 105 կգ-ի, բայց բոլորիս համար անսպասելի, վարժությունը կատարելու ժամանակ թեւը ցավեցրեց: Ցավը նրան խանգարեց նաեւ վերջին մոտեցման ժամանակ ու Մելինեն բավարարվեց փոքր «արծաթով»: Ցավոք, քիչ հետո, երբ դիմեցինք բժիշկներին, պարզվեց, որ վնասվածքը թեթեւներից չէ: Մարզիչներն աղջնակի առողջությունը չվտանգելու նպատակով նրան արգելեցին հրում վարժությունում պատվիրված նախնական 124 կիլոգրամին մոտենալ»:
Նույն օրը տղաների մրցապայքարում մինչեւ 77 կգ քաշային Արամ Անդրիկյանը երկամարտի 328 (148+180) կիլոգրամ արդյունքով 33 ծանրորդների մրցակցությունում գրավեց 6-րդ տեղը, ցուցանիշ, որից մասնագետները գոհ են: Ծանրամարտի Հայաստանի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանի խոսքերով՝ Արամը լավ է հանդես եկել: Ճիշտ է, նա հրում վարժությունում կարող էր մի քանի կիլոգրամ ավելի բարձրացնել:
Երեկ Հայաստանն աշխարհի երիտասարդական առաջնությունում մասնակից չուներ: Այսօր ուշ երեկոյան մրցահարթակ է մտնելու Եվրոպայի մեր մյուս չեմպիոնուհին՝ 77 կգ քաշային Հռիփսիմե Խուրշուդյանը, իսկ վաղն ունենալու ենք երկու մասնակից. 105 կգ քաշային Սեւակ Սահակյանը եւ Արտակ Մկրտչյանը (+105 կգ):