Ակնկալում ենք «որակյալ հատկանիշներ եւ բարձր արժեքներ» կրող իշխանության ձեւավորմանն ուղղված գործնական քայլերի
առաջարկներ՝ նստավայրից մինչեւ դպրոց:
«Կրթություն 2015» համաժողովին ուղերձ հղեց ՀՀ նախագահի գլխավոր խորհրդական Վահրամ Ներսիսյանցը: (Ուղերձը հրապարակվել է «Առավոտ» թերթում, 12.06.2007- խմբ.): Պրն Ներսիսյանցի կողմից, իմ կարծիքով, տրվեցին խիզախ քննադատական որակումներ կրթության բնագավառին, ինչը հաճելիորեն զարմացրեց շատերիս: Ուղերձը ես ընդունեցի նաեւ որպես ինքնաքննադատություն, որովհետեւ նշվեց, որ կրթության ոլորտի բարեփոխումների անհրաժեշտությունը ՀՀ նախագահի անմիջական ուշադրության կենտրոնում է եւ քանի որ ոլորտի բարեփոխումները սկսվել են 10 տարի առաջ, արդյունքում, փաստորեն, չունենք ազատական ժողովրդավարությանը ծառայող կրթություն: Ուրեմն լավ չի աշխատել նաեւ ՀՀ նախագահը: Ես լիովին կիսում եմ պրն Ներսիսյանցի մտահոգությունները եւ համաձայն եմ, որ անհրաժեշտ են արմատական բարեփոխումներ կրթության բնագավառում, որը, ինչպես որակված էր ուղերձում, «պարունակում է մեր տարածաշրջանում դարեր գերիշխած բռնապետական քաղաքական մշակույթի բացասական երեւույթներն ու սովորույթները, որոնք փոխանցվում են սերնդեսերունդ՝ անցյալից ժառանգած կրթօջախների միջոցով, թեեւ հրաժարվել ենք անցյալի վարչակարգից եւ ընտրել ազատական ժողովրդավարության ուղին: Գլխավոր մարտահրավերը որակյալ հատկանիշներով եւ բարձր արժեքներով նոր սերունդ պատրաստելն է»:
Համաձանելով պրն Ներսիսյանցի ելույթի յուրաքանչյուր պարբերության մեջ ասված մտքի հետ, այնուամենայնիվ, ուզում եմ վերլուծել եւ փորձել պատասխանել հետեւյալ հարցերին:
Ինչո՞ւ մեզ չի հաջողվում «թոթափել բռնապետական քաղաքական մշակույթը», «որակյալ հատկանիշներով եւ բարձր արժեքներով նոր սերունդ պատրաստել», ինչո՞ւ մեր երեխաները դպրոցն ավարտում են «թերարժեքության, անապահովության բարդույթով» եւ հետագայում, ինչպես ճշտորեն բնորոշված էր ուղերձում, այդ «բարդույթները քողարկելու համար յուրացնելով զանազան միջոցներ, ներքուստ մնում՝ թույլ եւ անինքնավստահ», չկարողանալով լիարժեք դրսեւորվել հասարակության մեջ՝ դառնում են «ներկայիս խեղաթյուրված քաղաքական եւ տնտեսական դաշտերի ստեղծողները»:
Սկսենք այն փաստի արձանագրումից, որ «բռնապետական քաղաքական մշակույթը» առ այսօր հաղթահարված չէ ոչ միայն կրթության ոլորտում, այլեւ Սահմանադրությամբ ինքնիշխան, ժողովրդավար, սոցիալական, իրավական պետություն հռչակած ՀՀ ցանկացած ոլորտում: Ավելին, այն նախեւառաջ հաղթահարված չէ պետական կառավարման համակարգում: Բռնապետական քաղաքական մշակույթը քաղցկեղի պալարների նման տարածվել եւ կենսազրկել է գործունեության բոլոր այն ոլորտները, որոնք պատասխանատու են «որակյալ հատկանիշներով եւ բարձր արժեքներով նոր սերունդ պատրաստելու» համար եւ այդ ճանապարհին ավերել են քաղաքացիական հասարակություն ձեւավորելուն ուղղված կառույցները, մասնավորապես՝ կրթությունը:
Այսօր ազատ քաղաքական կամքով ընտրող, գործող, մտածող, պայքարող քաղաքացիների թիվը նվազագույն է, որովհետեւ չունենք «որակյալ եւ բարոյական արժեքներ կրող» իշխանություն: Մեզանում «արժեք» է անօրինականությունը եւ որքան անօրինական, այնքան բարձր «հեղինակություն»՝ ուղղահայացորեն վերեւից ներքեւ: Ամեն ինչ՝ թե՛ բարոյականությունը, թե՛ պետական շահը ծախվում եւ գնվում է, ընդ որում՝ ծախողները եւ գնողները նույն իշխանական շրջանակի մարդիկ են: Նրանք իրենց անօրինական քայլերով, ապօրինի գործողություններով կանգնած են ժողովրդի եւ նրա մաս կազմող մատաղ սերնդի առաջ եւ գործում են բացահայտ: Հանդուրժում եւ գոտեպնդում են այն տնօրեններին եւ ուսուցիչներին, ովքեր անամոթաբար կեղծում են ատեստատների գնահատականները, քննությունների կարգը, ընտրությունները, ու միաժամանակ քարոզում են հայրենասիրություն, քաղաքացիություն, ազնվություն, օրինապահություն՝ արմատավորելով հասարակության մեջ բարոյականության երկակի արատավոր պրակտիկան: Նոր սերունդը տեսնում եւ իր մաշկի վրա է զգում անօրինականության այս հեղեղը:
Կրթություն նշանակում է գիտելիք+դաստիարակություն: Դաստիարակությունն էլ առաջին հերթին սեփական օրինակ է: Եվ եթե հասարակությունը, ի դեմս այսօրվա իշխանությունների, մեղմ ասած, «որակյալ հատկանիշների եւ բարձր արժեքների կրողը» չէ, դպրոցի տնօրենն ու ուսուցիչներն էլ ընդամենը ստորաքարշորեն ծառայում են այդ անբարոյական իշխանությանը, որպեսզի մնան իրենց պաշտոններին, ակնկալել, որ դպրոցը կկրթի «որակյալ հատկանիշներ եւ բարձր արժեքներ կրող նոր սերունդ»՝ նշանակում է ջայլամի կեցվածք ընդունել: Միմյանց մատուցելով տարբեր մասշտաբի ապօրինի ծառայություններ, քաղաքական իշխանությունը եւ կրթության պատասխանատուները կոծկում են անօրինականության աղաղակող փաստերը կրթության ոլորտում եւ հանդուրժելով միմյանց՝ ավերում, քանդում, փչացնում են մեր մատաղ սերունդը՝ արգելակելով քաղաքացիական հասարակության ձեւավորմանը:
Երկրում քաղաքացիական հասարակություն ունենալու, օրինականության հաստատման համար անհրաժեշտ է ոչ միայն «որակյալ հատկանիշներ եւ բարձր արժեքներ կրող» իշխանություն, այլեւ դրանց անհրաժեշտությունը սեփական օրինակով հասարակության համար ապրելակերպ եւ մտածելակերպ դարձնելու քաղաքական կամք:
Ելնելով վերոնշյալ վերլուծությունից, ամբողջությամբ կիսում ենք պրն Ներսիսյանցի հետեւությունները կրթության ոլորտում ձեւավորված խնդիրների, արատների եւ ապօրինությունների համակարգի վերաբերյալ եւ ակնկալում ենք «որակյալ հատկանիշներ եւ բարձր արժեքներ» կրող իշխանության ձեւավորմանն ողղված գործնական քայլերի առաջարկներ՝ նստավայրից մինչեւ դպրոց: