Ինքնագովեստին զուգահեռ, ԿԳ փոխնախարար Արա Ավետիսյանը խոստովանեց, որ, այնուամենայնիվ, նախարարությունը բացթողումներ էլ է ունեցել:
Այսօրվանից կմեկնարկի բուհերի ընդունելության համար կատարվող փաստաթղթերի ընդունման գործընթացը, որը կտեւի մինչեւ հուլիսի 15-ը: Իսկ ընդունելության քննությունները կանցկացվեն հուլիսի 20-ից օգոստոսի 16-ը: ԿԳ փոխնախարար Արա Ավետիսյանի «Ուրբաթ» ակումբում հրավիրած երեկվա ասուլիսը նվիրված էր այս թեմաներին: Փոխնախարարը նշեց, որ այս տարի պետության հատկացրած անվճար տեղերի թիվը 4132 է, վճարովի սկզբունքով եւ տարկետման իրավունքով սահմանվածներինը՝ 5881, որից մոտավորապես 4300-ն է անվճար հիմունքներով: «Այս թիվը մոտավոր է, քանի որ այդ տեղերը, ըստ մասնագիտությունների՝ բաշխվում են՝ համաձայն դիմորդների քանակի եւ բուհերի լիցենզիայի հնարավորության»,- ասաց Ա. Ավետիսյանը: Վերջինս նաեւ տեղեկացրեց, որ ԿԳ նախարարությունը բուհերին տրամադրվող տեղերի սահմանումը կատարում է երկու փուլով. սկզբում կառավարությունը՝ ըստ բուհերի, հաստատում է մասնագիտությունների ցանկը, այնուհետեւ ներկայացնում անվճար եւ վճարովի տեղերի քանակն ու բուհերից ստացված հայտերի հիման վրա որոշում առանց տարկետման իրավունքի տեղերի թիվը: Իսկ ուսման վարձավճարը սահմանում է բուհը: «Նախ, ԿԳ նախարարությունը տնտեսագիտական փորձաքննություն է իրականացնում, համոզված լինելու համար, որ այդ հաշվարկները (վարձավճարների- Տ. Հ.) հիմնավոր են: Մյուս կողմից էլ՝ ըստ շուկայի օրենքի, բուհերը չեն կարող անվերապահորեն մեծացնել այդ թվերը, քանի որ գոյություն ունի մրցակցային դաշտ, եւ ցանկացած ոք կարող է տվյալ մասնագիտությունը ստանալ ցանկացած այլ բուհում»,- պարզաբանեց Ա. Ավետիսյանը:
Lրագրողները անդրադարձան նաեւ նոր թեստային համակարգով անցկացված հայոց լեզու եւ գրականություն առարկաների քննություններին: Ա. Ավետիսյանի համոզմամբ, իրենք լավ են աշխատել եւ «տեղ չեն թողել քննադատության»: Սակայն, դատելով ծնողների եւ մասնագետների՝ մինչեւ այժմ չդադարող բողոքներից, փաստենք, որ քննադատությունը նույնիսկ ավելին էր, քան նախորդ տարիներին: Օրինակ, որոշ քննական կենտրոններում տեսախցիկներ տեղադրված չէին, ինչը չժտեց փոխնախարարը: «Տեսագրման ապարատների վերջին խմբաքանակը ուշացումով հասավ Հայաստան, դրա համար էլ որոշ կենտրոններում տեղադրված չէին»,- արդարացավ փոխնախարարը: Ապագայի համար էլ՝ ավետեց. «Գալիք ընդունելության քննություններին բոլոր քննասենյակները կահավորված կլինեն տեսախցիկներով, տեսաձայնագրման սարքավորումներով եւ հեռուստացույցներով»:
Ընդունելության քննություններից զրույցը տեղափոխվեց բուհական համակարգ: Փոխնախարարը ներկայացրեց իրենց մշակած մոդելը, ըստ որի՝ 1-2 տարի հետո գործուն եւ արդյունավետ կլինեն շուկա-մասնագիտական կրթություն փոխհարաբերությունները. «Մասնագիտական կրթության պատվերը շուկան կներկայացնի, այնուհետեւ չափորոշիչների եւ ուսումնական պլանների հիման վրա կկատարվի գիտելիքների ստուգում: Պետական ավարտական քննություններին էլ ներկա կլինեն շուկայում գործող մասնագետներ: Ուստի՝ շուկան ինքը կընտրի իրեն անհրաժեշտ մասնագետին»: ԿԳ փոխնախարարը երեկ խոստովանեց. «Հանրակրթության ոլորտում բարեփոխումներ իրականացնելիս քննադատության մեծ տեղ ենք թողել…Լուրջ բացթողում էր այն, որ դրանց զուգահեռ չիրականացվեցին մանկավարժական մասնագիտական կրթության բարեփոխումները: Պետք է համապատասխան մասնագետներ պատրաստեինք մեր դպրոցների համար, ինչը չարեցինք»: