Լրահոս
Օրվա լրահոսը

ԾՆՈՂԸ ԲՈՂՈՔՈՒՄ Է, ՏՆՕՐԵՆԸ՝ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ

Հունիս 15,2007 00:00

Երկու օր առաջ «Առավոտի» խմբագրություն էր եկել Շենգավիթ համայնքի բնակիչ Էլմիրա Գրիգորյանը: Նա ասաց, որ իր որդուն՝

Արարատ Գրիգորյանին թողել են նույն 8-րդ դասարանում՝ թույլ չտալով մասնակցել քննություններին:

Ա.Գրիգորյանի մոր տեղեկացմամբ, համայնքի թիվ 32 դպրոցի տնօրեն Լեւոն Ղազարյանի հանձնարարությամբ՝ իր որդին ակտիվորեն ներգրավված է եղել դպրոցի շինարարական աշխատանքներին: Բնականաբար, նա դասերից բացակայել է, իսկ շինարարությանն էլ մասնակցել է առանց նյութական շահի:

Ըստ տիկնոջ, շինարարության ընթացքում դպրոցում գողություն է տեղի ունեցել: Գողացել էին համակարգիչ, ջրի ծորակներ, քիմիայի եւ ֆիզիկայի լաբորատորիաների մետաղյա սարքավորումներ: Տիկ. Գրիգորյանը հայտնեց, որ որդուն, առանց մոր գիտության, մի քանի այլ աշակերտների հետ տարել էին ոստիկանության բաժին, քանի որ տնօրենը գողության առթիվ հայտարարություն էր տվել: «15 տարեկան երեխայիս տանում են բաժին, որ ինչ անեն՝ վախեցնե՞ն»,- հարցնում էր վրդովված տիկինը: Մոր տեղեկացմամբ՝ ոստիկանությունում երեխան գրում է, որ տեղյակ չի կատարվածից ու գալիս է տուն: Էլմիրա Գրիգորյանը տեղեկացրեց, որ երեխայի հարցով այցելել է դպրոցի տնօրենին, որն այդ ժամանակ քննություններ էր ընդունում:

Լեւոն Ղազարյանի ու իր միջեւ վիճաբանություն է տեղի ունենում: Ըստ Արարատի մոր, ինքն ասել է՝ կխանգարեմ քննությունները, իսկ տնօրենն ասել է՝ կխփեմ, արյունլվա կանեմ:

Փորձեցինք երեկ պարզաբանում ստանալ նաեւ հակառակ կողմից՝ դպրոցի տնօրեն Լեւոն Ղազարյանից: Նա հաստատեց գողության փաստը, չհերքելով, որ դիմել է ոստիկանություն: Ըստ տնօրենի՝ «Ոստիկանությունից հայտնեցին, թե աշակերտներին 2-3 տարվա պատիժ է սպառնում: Նորից գնացի ոստիկանություն, ետ վերցրի հայտարարությունս, չուզենալով վատություն անել, որպեսզի պոտենցիալ հանցագործներ չդառնային»:

Ինչ վերաբերում է Արարատ Գրիգորյանին 8-րդ դասարանում թողնելուն եւ քննություններին չթողնելուն, պրն Լ. Ղազարյանն ասաց. «Արարատ Գրիգորյանն 9 առարկայից 2-ներ ուներ: Մայրը, չգիտես ինչու, ինձ էր մեղադրում, սպառնալով, թե երեխայի գործերը դպրոցից կվերցնի-կտանի»: Պրն Ղազարյանը հավելեց. «Երեխայի բացակայությունները բոլորովին էլ չեն առնչվում դպրոցի վերանորոգման աշխատանքների հետ: Արարատը չի մասնակցել շինարարական աշխատանքներին: Երբ նոր էր սկսվում դպրոցի վերանորոգումը, անհրաժեշտ էր 3-րդ հարկից գույքը տեղափոխել, եւ միայն այդ աշխատանքներին են մասնակցել դպրոցի 5-10-րդ դասարանցիները»:

 Հ. Գ. Նյութը պատրաստ էր հրապարակման, երբ տեղեկացանք, որ Արարատ Գրիգորյանի մայրը դիմել է Երեւանի քաղաքապետարանի եւ Շենգավիթ համայնքի կրթության բաժիններին՝ տնօրենի դրսեւորած «կամայական գործողությունների» կապակցությամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել