Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետը խոսքի տերը չէ՞

Հունիս 15,2007 00:00

ԱԺ ընտրություններից առաջ վարչապետ Սերժ Սարգսյանը օտարվող գոտու բնակիչներին խոստացել էր խնդիրներին լուծում տալ:

Երեկ ՀՀ կառավարության շենքի առջեւ կրկին ցուցարարների մի մեծ բանակ էր հավաքվել: Հյուսիսային պողոտայի, Բուզանդի, Կողբացու, Փարպեցու, Ֆիրդուսու, Խանջյան ու Հանրապետության փողոցների եւ Դալմայի այգիների բնակիչները դժգոհում էին, որ վարչապետը իր խոստումը չի կատարել: Ըստ ցուցարարների, վարչապետ Սերժ Սարգսյանը ընտրություններից առաջ եւ հետո պետական կարիքների զոհ դարձած բնակիչներին ընդունել է եւ վստահեցրել, որ մեկամսյա ժամկետում հարցին լուծում կտրվի, սակայն այդպես էլ ոչինչ չի արել: Ցուցարարները կես ժամից ավելի բարձրաձայն վարչապետ էին վանկարկում, սակայն 3 ժամից ավելի շարունակվող ցույցի ընթացքում վարչապետը նրանց այդպես էլ չընդունեց:

Դալմայի այգիների վարձակալների ներկայացուցիչ Ընծա Մինասյանի ներկայացմամբ. «Առանց մեզ հետ վարձակալության պայմանագիրը դադարեցնելու՝ նոր պայմանագիր են կնքել «Միջազգային բիզնես-կենտրոնի», «Հայէներգոյի» ու «Մյուլլեր» ընկերության հետ, ու մեր մշակած տարածքներից կառուցապատման աշխատանքների համար 150 հա տվել են նրանց: Այդ ընկերությունները մեզ ոչ մի կոպեկի փոխհատուցում չեն ուզում տալ, պատճառաբանում են, որ մեզ ոչ ճանաչում են, ոչ էլ մինչեւ հողատարածքները ձեռք բերելը մեր գոյության մասին տեղյակ են եղել: Մի քանի հոգու միայն փոխհատուցում են առաջարկել՝ 1քմ-ի համար առավելագույնը $3»:

Օտարվող գոտու բնակիչների խոսքերով. «Ստիպողաբար մտնում են մեր տներն ու չափագրում են անում, հետո պարտադրում են, որ իրենց հետ պայմանագիր կնքենք, իբրեւ թե իրենց առաջարկած գումարին ու պայմաններին կողմ ենք: Հարեւան փողոցում բնակմակերեսի 1քմ-ն վաճառվում է 500-540 հազար դրամով, իսկ մեզ առավելագույնը $500 են առաջարկում»: Կողբացի 41 հասցեի բնակիչ Նունե Պետրոսյանն ասում է, որ իրեն՝ 71 քմ մակերես ունեցող վերանորոգված տան համար $24.000 են տալիս. «Այս գումարով նույնիսկ քաղաքի ամենահեռու ծայրամասում չեմ կարող բնակարան գնել»:

Երկար սպասելուց հետո ցուցարարների հետ հանդիպեց տարածքային կառավարման նախարարության աշխատակից Ալիկ Ղազարյանն ու հայտարարեց. «Մենք հենց նոր ստացել ենք քաղաքապետի որոշումն այն մասին, որ ստեղծվելու է հանձնաժողով ու յուրաքանչյուր բնակչի հարցը քննարկվելու է առանձին»: Սակայն ցուցարարներն անընդհատ պնդում էին, որ պաշտոնյաների սուտ խոստումներին չեն հավատում ու խնդրի լուծումը հենց հիմա են պահանջում: Կառավարության շենքից դուրս եկավ խնդրին անծանոթ Րաֆֆի Հովհաննիսյանը, որն էլ հավաքվածներին լսելուց հետո հույս հայտնեց, որ վարչապետն իր խոստումը կկատարի ու գնաց: Ցուցարարների բորբոքված կրքերը փորձեց հանդարտեցնել տարածքային կառավարման վարչության պետ Խաչատուր Վարդանյանը: Սակայն հավաքվածներն ամենից շատ զայրացած էին հենց նրա դեմ: «Մենք Խ. Վարդանյանին բազմիցս դիմում ենք գրել, նա էլ խոստացել է մեր խնդիրը ներկայացնել քաղաքապետին ու բնակիչներին այդ մասին տեղեկացնել, սակայն երբեք իր խոստումը չի պահել»: Այս ամենը լսելուց հետո Խ. Վարդանյանը զայրացած ասաց. «Հենց հիմա քաղաքապետը կգա ու ձեր հարցերին կպատասխանի»: Դրանից հետո հավաքվածներն սպասեցին եւս 2 ժամ, բայց այդպես էլ քաղաքապետը նրանց հետ հանդիպման չեկավ: Քաղաքապետի փոխարեն ներկայացավ փոխքաղաքապետ Կարեն Դավթյանը, որն էլ համբերությամբ լսեց բնակիչների բողոքներն ու ասաց. «Ձեզ չասացի՞ն, որ հանձնաժողով կստեղծվի ու ձեր հարցերին կպատասխանի, հիմա ես ոչինչ չեմ կարող ասել՝ ոչ ճիշտ ու սխալ չափագրված տարածքների, ոչ էլ փոխհատուցվող գումարների մասին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել