Լրահոս
Օրվա լրահոսը

ՕԲՅԵԿՏԻ՞Վ ԷՐ ԱՐԴՅՈՔ ՆԱԽԱՐԱՐԸ

Հունիս 15,2007 00:00

\"\"Ազատվելով բազմափորձ տնօրենից

«Ատոմէներգասեյսմանախագիծ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի թափուր տեղի համար անցյալ տարի մրցույթ էր հայտարարվել: Մրցույթում մեկի փոխարեն երկու հոգի էին հաղթող ճանաչվել՝ ընկերության նախկին տնօրեն, ՀՀԿ-ական Ֆրիդրիխ Առաքելյանը, որը «Ատոմէներգասեյսմանախագիծ» ինստիտուտի հիմնադրման օրից եղել է այդ կառույցի տնօրենը, եւ անկուսակցական Հրահատ Հակոբյանը, որը երկար տարիներ աշխատել է նույն ինստիտուտում: Քանի որ «Ատոմէներգասեյսմանախագիծ» ՓԲԸ-ի 100 տոկոս բաժնետերը պետությունն է, եւ ինստիտուտը պատկանում է ՀՀ էներգետիկայի նախարարությանը, նախարար Արմեն Մովսիսյանն ինքն է երկու հաղթողների միջեւ ընտրություն կատարել ու ընտրել ոչ թե նախկին տնօրենին, այլ՝ Հ. Հակոբյանին:

Ինչո՞ւ նախարարն իր հետ այդպես վարվեց՝ Ֆրիդրիխ Առաքելյանն ունի իր բացատրությունը: «Նա հավանաբար ինստիտուտի տարածքների վրա աչք ունի, ուզում է իրացնել այդ տարածքները, ու քանի որ ես ատամներով եմ պահում ինստիտուտը, դրա համար էլ ինձ չընտրեց, ընտրեց մեկին, ով ընդհանրապես ղեկավարելու փորձ չունի»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց Ֆ. Առաքելյանը: Նրա համոզմամբ՝ ընդհանրապես էներգետիկայի նախարարությունում բոլոր կադրերին ընտրում է նախարարն անձամբ ու ով նախարարի մոտ ստորաքարշություն չի անում՝ դատապարտված է գործազուրկ դառնալու: Ըստ Ֆ. Առաքելյանի, ինքը ստորաքարշություն անողներից չէ, ուստի Ա. Մովսիսյանն իրեն չի հանդուրժել ու որոշել է ազատվել իրենից: «Պատճառաբանեցին, թե իմ տարիքը մեծ է, թոշակառու եմ, մինչդեռ նախ առեւտրային կազմակերպությունները՝ ՓԲԸ-ները կարող են տնօրեն ունենալ՝ առանց տարիքային սահմանափակման, տարիքը բոլորովին կապ չունի, եւ հետո՝ նորանշանակ տնօրենը ինձնից ընդամենը 2 տարով է փոքր»,- դժգոհեց պարոն Առաքելյանը: Վերջինս մեծ ավանդ է ունեցել ատոմակայանի վերագործարկման խնդրում. «Այդ ժամանակ մութ ու ցուրտ տարիներին ես ատոմակայանի վերաբացման ամբողջ պատասխանատվությունն ինձ վրա վերցրի ու հիմա սրանո՞վ են ինձ շնորհակալություն հայտնում»: Այժմ «Ատոմէներգասեյսմանախագիծ» ինստիտուտի նախկին տնօրենը համոզված է, որ իր տարիների փայփայած ընկերությունը լավ ձեռքերում չէ եւ ատոմակայանի սեյսմիկ անվտանգությունը վտանգված է. «Իմ պաշտոնավարման օրոք ինստիտուտում աշխատում էր 70 հոգի, իսկ հիմա մնացել են 8-ը: Մնացած 62 մասնագետներին նոր տնօրենը դարձրել է գործազուրկ»:

«Առավոտի» հետ զրույցում ինստիտուտի նորանշանակ տնօրեն Հրահատ Հակոբյանը փարատեց Ֆ. Առաքելյանի մտահոգությունը՝ ասելով, որ իրենք «Ատոմէներգասեյսմանախագիծ» ինստիտուտն աչքի լույսի պես են պահում: Մեր հարցին՝ նախարարի հետ խնամի-բարեկամական կապեր ունե՞ք եւ ինչո՞ւ է Ա. Մովսիսյանը նախընտրել իրեն, ոչ թե Ֆ. Առաքելյանին՝ Հ. Հակոբյանը ասաց. «Ես նախարարին անձամբ տեսել եմ ընդամենը 1 անգամ: Մեր հարաբերությունները խիստ պաշտոնական են: Ես չեմ կարող ասել, թե ինչու նախարարն ընտրեց ինձ, այդպես է հարմար գտել՝ այդպես է արել»: Հարցին՝ հաշվի առնելով, որ Հ. Հակոբյանը նույն ինստիտուտում աշխատել է որպես գլխավոր ինժեներ, տարօրինակ չէ՞, որ նախարարը նախապատվությունը տվեց ոչ թե բանիմաց եւ իր գործին գիտակ նախկին տնօրենին, այլ նրա աշխատակցին, պարոն Հակոբյանն այսպիսի պատասխան տվեց. «Երբ Էյնշտեյնը ծնվեց, ժամանակին գիտեի՞ն որ նա Էյնշտեյնն է, ես էլ իմ գիտելիքներն ունեմ ու կարող եմ դրանք դրսեւորել»: Ինչ վերաբերում է ինստիտուտի աշխատակիցներին կրճատելուն՝ պրն Հակոբյանը վստահեցրեց, որ ներկայումս իրենց աշխատողների քանակը ոչ թե 8-ն է, այլ՝ 30-ը. «Ֆ. Առաքելյանի օրոք էլ 70 մասնագետ ինստիտուտում չի եղել: Նրանք սեզոնային աշխատողներ են եղել, որոնց պայմանագրով վերցրել են ու բաց թողել: Երբ պետք լինի՝ մենք էլ երկրաբաններ կընդգրկենք աշխատանքում»:

Էներգետիկայի նախարարության աշխատակազմի ղեկավար Կարեն Ղահրամանյանն էլ խնդրի առնչությամբ «Առավոտին» պարզաբանեց, որ Ֆ. Առաքելյանի դժգոհությունը տեղին չէ. «Նրա դեմ ոչ մի անձնական խնդիր չկա, նախարարը ջոկողություն չի դրել 2 թեկնածուների միջեւ: Նա պատճառներ է ունեցել Ֆ. Առաքելյանին չընտրելու: Առաքելյանը, երկար տարիներ այդ ինստիտուտում աշխատելով՝ հավանաբար ինքն է ուզել իրենով անել ինստիտուտի տարածքները, իսկ նախարարն ուզում է, որ այն պետական սեփականություն մնա»:

Ֆրիդրիխ Առաքելյանը, որպես «Ատոմէներգասեյսմանախագծի» տնօրեն, աշխատել է 6 նախարարների օրոք եւ, իր ներկայացմամբ՝ «որեւէ մեկի հետ խնդիրներ չեմ ունեցել»: Մինչդեռ պարոն Ղահրամանյանը վստահեցրեց, որ նախարարի հետ լեզու գտնելը շատ հեշտ է. «Նա ներողամիտ է բոլոր աշխատողների նկատմամբ եւ խիստ բարյացակամ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել