Լրահոս
Օրվա լրահոսը

«Կառուցել ժողովրդավարություն, ստանալ դիկտատուրա»

Հունիս 15,2007 00:00

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը երեկ այս թեմայով կլոր սեղանի զեկուցողն էր

Երեկ «Կոնգրես» հյուրանոցում քննարկում էին նախաձեռնել գերմանական «Ֆրիդրիխ Նաուման» հիմնադրամն ու հայաստանյան «Համաձայնություն» կենտրոնը: Հրանտ Բագրատյանը ներկայացնելով ՀՀ տնտեսության ոլորտում առկա իրողությունները՝ նախ զուգահեռ անցկացրեց այսօրվա եւ 10 տարի առաջ առկա իրավիճակների միջեւ՝ նշելով, որ եթե 1990-ականների սկզբներին մեր հասարակությունը «փախչում էր տոտալ հավասարությունից, ապա 2006-ին արդեն՝ տոտալ անհավասարությունից»: Հ. Բագրատյանը նաեւ հռետորական հարցադրում արեց՝ ո՞ւմ էր պետք ունենալ շուկայական տնտեսություն, եթե Հայաստանում տնտեսության առանձին ոլորտներ գտնվում են մի քանի ընտանիքների ձեռքում: Նրա մատուցմամբ, եթե ԱՄՆ-ում 400 ամենահարուստ ընտանիքները տնօրինում են այդ երկրի ՀՆԱ 10 տոկոսը, իսկ ՌԴ-ում 40 ընտանիք՝ 16 տոկոսը, ապա Հայաստանում 44 ընտանիք տնօրինում է ՀՆԱ-ի 55 տոկոսը: Ավելին՝ «Հայաստանում երկու ընտանիքի ձեռքին է ՀՆԱ 12 տոկոսը»,- արձանագրեց նախկին վարչապետն ու հավելեց, որ դա իր ազդեցությունն է թողնում կառավարման ամբողջ համակարգի վրա: Նրա մատուցմամբ, եթե տնտեսության կենտրոնացումը շարունակվի, ապա այդ մի քանի ընտանիքը կնույնացվի պետության հետ, իսկ պետության անհրաժեշտությունն ընդհանրապես կվերանա:

Հ. Բագրատյանի ասելով, ՀՀ-ում չկա կառավարման, ընտրություններ կազմակերպելու մշակույթ. «Չի կարելի միաժամանակ լինել բանկի սեփականատեր եւ ԿԲ նախագահի տեղակալ, չի կարելի ունենալ հիվանդանոցներ ու միաժամանակ ղեկավարել առողջապահության նախարարությունը, չի կարելի կառավարել մի ոլորտ, որի 35 տոկոսը քո ձեռքին է»: Նախկին վարչապետն ասաց նաեւ, թե այսօր ԱԺ-ում կան գործարար 9 պատգամավորներ, որոնք զբաղված են օղու արտադրությամբ, եւ բնական համարեց, որ նրանք երբեք չեն համաձայնի բարձրացնել օղու ակցիզը, թեեւ բոլորն են հասկանում, որ միայն այդ ճանապարհով է հնարավոր հավասար պայմաններ ապահովել օղու եւ գինու շուկաների միջեւ: Ուստի՝ նրա ասելով, բիզնեսը պետք է հնարավորինս հեռու լինի պետական կառավարումից, բայց այսօր հե՛նց բիզնեսի օգնությամբ մարդիկ դառնում են օլիգարխ, հետո՝ պատգամավոր եւ արգելակում են երկրում տնտեսական բարեփոխումները:

Երեկ նախկին վարչապետն անդրադարձավ նաեւ ընտրություններին եւ իր հաշվարկները ներկայացնելով՝ փաստեց, որ հայրենի օլիգարխներն այդ ընտրությունների վրա ծախսել են պետբյուջե չվճարած հարկերի միայն 8 տոկոսը: Նրա համոզմամբ՝ ԱԺ վերջին ընտրություններում արդյունքների տոտալ կեղծում չի եղել, թեեւ այդպես է պնդում ընդդիմությունը: Հ. Բագրատյանի ասելով, իշխանական կուսակցությունները առավել քվեներ են հավաքել այն պատճառով, որ ՀՀ-ում առաջին անգամ «գործավորները ընտրեցին գործատուներին»:

Հ. Բագրատյանը «Առավոտի» թղթակցի հետ խոսեց նաեւ հայրենի ընդդիմության գործունեության ու նախագահական առաջիկա ընտրություններում միասնական թեկնածու առաջադրելու մասին՝ ասելով, թե չի հասկանում՝ ի՞նչ է ուզում ընդդիմությունը: «Վեց հոգի հայտարարեցին նախագահական ընտրություններում իրենց թեկնածությունն առաջադրելու մասին: Ես այդ վեցին գործում ճանաչելով՝ կարող եմ ասել, որ նրանց աշխատելու հավեսը երկու շաբաթ է տեւելու, դրանից հետո չեն աշխատելու: Էս վեց հոգով հավաքվեք, վիճակահանությամբ ընտրեք տասը գյուղ, մի հատ փոքր քաղաք, հինգ հատ ընտրատեղամաս Գյումրիում եւ Վանաձորում, մեկ ընտրատարածք՝ Երեւանում: Ինքներդ ձեր համար սեպտեմբերին կազմակերպեք միջանկյալ ընտրություններ, մանավանդ, որ սա հնարավոր է՝ օրենքը թույլ է տալիս: Ախպեր, էս անգամ գոնե չեք ասի, թե իշխանությունը ձեզ խանգարեց, կեղծեց»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել