ՀԱԱԿ նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը կարծում է, որ դրանում մեղավոր են բոլորը, նաեւ՝ ինքը
«Այն բոլոր կոչերը, որ ես անում եմ տարիներ շարունակ, կրկնում եմ նաեւ հիմա, ես համոզված եմ, որ հաջողության հասնելու ճանապարհը քաղաքական ընդդիմության համախմբվածությունն է, ես պնդել եմ եւ էլի պիտի պնդեմ, որ ընդդիմությունը պիտի լինի ռացիոնալ եւ տրամաբանական, ընդդիմությունը պիտի լինի գաղափարական եւ պիտի համախմբվի»,- «Առավոտի» հետ հարցազրույցում ասաց Հայաստանի ազատական առաջադիմական կուսակցության (ՀԱԱԿ) նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը: Օրերս պարոն Հովհաննիսյանը կարծիք էր հայտնել, որ Հայաստանում հերթական անգամ ձեւավորվեց «շատ թույլ կառավարություն»: Նաեւ հավելել է. «Ներկայիս խորհրդարանի կազմն այնպիսի տպավորություն է ստեղծում, ասես երկրի դաշտերից, այգիներից, «վետերոկներից» մարդկանց հավաքել-բերել են խորհրդարան, որպեսզի նրանք խնդիրներ լուծեն»: Մենք խնդրեցինք պարզաբանել, թե հատկապես ում նկատի ունի մեր զրուցակիցը: Ասաց, որ ինքը շարունակում է մնալ իր կարծիքին. «Այո, ընդհանուր առմամբ խորհրդարանը իր կազմով, բովանդակությամբ եւ էությամբ պատահական մարդկանց հավաքատեղի է, հիմնականում չկա քաղաքական տրամաբանություն, չկան քաղաքական ծրագրեր եւ մտածելակերպ ունեցող մարդիկ: Շատերը այդ աթոռները գնել են, գնել են շատ մեծ փողերով: Կրիմինալ, օլիգարխիկ համակարգի ներկայացուցիչները երեւի հավանել են այդ շենքը կամ այդ դահլիճը եւ, հավանաբար, նորաձեւության խնդիր են լուծում իրենց համար՝ այդտեղ լինելով»: Խորհրդարանի այս պատկերը ներկայացնելուց հետո Հովհաննես Հովհաննիսյանը անդրադարձավ նաեւ կառավարությանը: Մեր առաջարկին՝ կառավարությանը եւս գնահատական տալ, ՀԱԱԿ նախագահն ասաց. «Ես շատ մեծ հույս ունեի, որ վարչապետ Սերժ Սարգսյանը շատ ավելի որակյալ եւ շատ ավելի նորացված կառավարություն կձեւավորի, գուցե սխալ էի մտածում, գուցե ավելի լավ կարծիքի էի, բայց պիտի ասեմ, որ այս պահին դա իրեն չհաջողվեց, ես չեմ ուզում ասել, թե ինքը չէր ուզում այսպիսի կառավարություն ձեւավորել, բայց պարզ է, որ ինքը դա չկարողացավ անել»:
Ըստ մեր զրուցակցի, ուղղակի զուտ հայկական իրավիճակ է, երբ երկու քաղաքական ուժ ամբողջ նախընտրական շրջանում միմյանց դեմ են պայքարում՝ նկատի ունի ՀՀԿ-ն եւ ԲՀԿ-ն, բայց ընտրություններից հետո այդ երկուսը ձեւավորում են համատեղ կոալիցիա. «Սա քաղաքական նոնսենս է, եւ պիտի ասեմ, որ այս կառավարությունը, այս Ազգային ժողովը ի զորու չեն լուծել այն խնդիրները, որ դրված են մեր ժողովրդի առաջ: Վերջին տարիներին ահագին լուրջ խնդիրներ են կուտակվել եւ չեն լուծվել: Ռոբերտ Քոչարյանը ոչ մի հիմնական խնդիր չի լուծել, բոլոր խնդիրները կուտակվել են, եւ գործելու է ջրամբարի օրենքը: Հարցերը ոչ թե մի փոքրիկ անցքով գնացել են, այլ այդ անցքն անգամ չկա, եւ խնդիրները կուտակվել են, իսկ պատվարը շատ լարված է եւ երկար չի դիմանալու»:
Հովհաննես Հովհաննիսյանին խնդրեցինք ասել, թե այդ դեպքում ո՞վ կարող է լուծել այդ խնդիրները, մանավանդ՝ պարզ է, որ ընդդիմությունը եւս չի կարող դրանք լուծել, քանի որ ցաքուցրիվ է, անկազմակերպ եւ անմիաբան: Մեր զրուցակիցը կարծես խուսափեց կոնկրետ հարցից եւ ասաց. «Ես համոզված եմ, որ ձեւավորված քաղաքական ինստիտուտները այդ խնդիրների ճնշումը չեն կարող իրենց վրա վերցնել»:
Նկատեցինք, որ ընդդիմադիր շատ գործիչներ արդեն վաղուց են հայտարարություններ անում նախագահական ընտրություններին իրենց թեկնածության առաջադրման մասին: Սա չի՞ նշանակում, որ հետեւություններ դարձյալ չեն արվել: Հովհաննես Հովհաննիսյանը այս մասով կարծես համամիտ էր. «Ցավով պիտի ասեմ, որ անձամբ ինձ համար վիրավորական է, որ ամեն անգամ ընդդիմությունը նույն փոցխի վրա է կանգնում: Մի պարզ խնդիր կա դրված, դա ընդդիմության միավորման խնդիրն է: Եվ այդ ակնհայտ բանը չտեսնել եւ չմիավորվելը ուղղակի ինձ համար անհասկանալի եւ անընդունելի է: Մենք փորձում ենք մեղադրել հասարակությանը, իշխանություններին, ասում ենք՝ էլի կեղծեցին: Իշխանությունը իր այս խնդիրը լուծում է, դա ինքն իրեն պահելու խնդիրն է: Բայց մենք ոչինչ չարեցինք, չէ՞, որ դրան հակազդենք: Հիմա նախագահականի խնդիրն է առաջ գալիս, բայց ոմանք դեռ թանաքը չչորացած, դեռ ընտրությունները չավարտված, նախագահի թեկնածուների շքերթ են սկսել»: ՀԱԱԿ նախագահը նկատեց, որ իշխանությունն ամեն ինչ անում է իր բոլոր հնարավոր եւ անհնարին ռեսուրսներով, որ իր թեկնածուին դարձնի նախագահ, իսկ ընդդիմությունը համարժեք քայլերի չի դիմում. «Ամեն մեկին թվում է, որ եթե ինքն առաջինը հայտարարեց իր թեկնածությունը դնելու մասին, ուրեմն ինքն էլ կդառնա նախագահ»:
Հովհաննես Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում չուզեց հատուկ անդրադառնալ իր կուսակից Էդուարդ Անտինյանի կողմից վերջին օրերին հնչող որոշ գնահատականներին եւ որակումներին, պարզապես ասաց հետեւյալը. «Մեր կուսակցության մեջ ոչինչ չի փոխվել, 2004-ից մինչ այսօր կանք եւ կմնանք նույնը, ինքս դեմոկրատ մարդ եմ, մենք այսօր կուսակցության հիմնական դեմքերի հետ քննարկել ենք այդ հարցը եւ գտնում ենք, որ եթե որոշ մարդիկ անձնական խնդիրներ ունեն, իսկ այս դեպքում վստահ եմ՝ անձնական խնդիր է լուծվել, ապա այդ ամենը քաղաքականության հետ կապ չունի, կուսակցության հետ կապ չունի, դրանք իր անձնական շփումների խնդիրներն են եւ հասարակությանը չեն հետաքրքրում»: Մեր հարցին՝ պատրաստվո՞ւմ են ՀԱԱԿ-ից հեռացնել Էդուարդ Անտինյանին այն բանի համար, որ նա հրապարակավ վատ-վատ բաներ է ասել իր կուսակցության ղեկավարին, կուսակցության նախագահն ասաց. «Ի սեր Աստծո, ես այն մարդկանցից չեմ, որ դիմում է այդպիսի քայլերի, ես կուսակցության մեջ հանդուրժում եմ երկխոսությունը, ազնիվ, արդար քննադատությունը, բայց բամբասանքի եւ անձնական հարցերի լուծումից աշխատում եմ կուսակցությանը զերծ պահել: Աշնանը տեղի կունենա մեր կուսակցության համագումարը եւ կտա բոլոր հարցերի պատասխանները»: Հետաքրքրվեցինք նաեւ, թե քանի՞ անդամ ունի ՀԱԱԿ-ը. «Մինչ ընտրությունները մենք մոտ 5 հազար անդամ ունեինք, թե ընտրություններից հետո ինչ եղավ, պարզ կլինի համագումարից առաջ, ասում են՝ հաղթանակը շատ բարեկամներ ունի, պարտությունն անտեր է: Համագումարից առաջ ավելի կոնկրետ կպատասխանեմ այս հարցին»: